«Իշխանությունը, որին մենք քննադատում էինք, այդ ասֆալտը երբեւէ չէր անում։ Անում էին միայն ընտրություններից առաջ։ Այն իշխանությունը, որին հիմա մեղադրում եք, վերջին 2 տարում ավելի շատ ասֆալտ է արել, քան նախկին իշխանությունը՝ 5-10 տարում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նկատառմանն այն մասին, որ այսօրվա իշխանությունը վարչապետի մարզային այցերի առնչությամբ մեղադրվում է ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս կիրառելու մեջ՝ մի բան, որի համար հենց ինքն էր մեղադրում նախորդ իշխանությանը։
«Դրանք հերթական այցեր են։ Վարչապետը մշտապես եղել է շփման մեջ։ Անգամ լրագրողները եւ որոշ չարախոսներ փորձում են պատերազմից հետո ակնարկել, թե այն ժամանակ նա հեծանիվով էր գնում․․․հետո ասում էին, թե ոստիկանական պատնեշով է շրջելու ՀՀ-ում։ Իսկ երբ նա գնում է ժողովրդի հետ հանդիպելու, այլ բան են գտնում շահարկելու։ Ես նրա հետ երկու մարզ գնացի, եւ ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է եւ գնահատական տալիս։ Այսօրվա իշխանությունն այն իշխանությունը չէ, որն ասֆալտ է անում ընտրություններից առաջ»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողները հիշեցրին, որ ըստ ընդդիմության՝ իշխանությունն այսպես հավասար պայմաններ չի ստեղծում ընտրություններից առաջ։ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ամենաանհավասար պայմաններում հենց իշխանությունն է, որն ունի պարտավորություններ, բայց չունի ֆինանսական ռեսուրս։ Ընդդիմությունը մի քանի անգամ ավելի հարուստ եւ մրցակցային է, քան իշխանական թիմը։ Դա կարող ենք գնահատել միայն ԶԼՄ-ներով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ