Հադրութի Վանք գյուղում շրջափակման ենթարկված 50 զինվորների ծնողներն այսօր եկել էին ԱԺ՝ հանդիպելու անկախ պատգամավորների հետ: Լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանը, որը կազմակերպել էր հանդիպումն, ասաց, որ ծնողները իրեն են դիմել՝ խնդրելով, որ հարուցված քրեական գործերին հետեւեն. «Խորը կասկածներ ունեն, որ քննություն, ըստ էության, չի գնում: Զինվորներ կան, որ ընդհանրապես պետք է առաջնագիծ չգնային: Մի տղա կա, հայրը պատմեց, որ վիրահատել են, վիրահատելուց երկու օր հետո տարել են առաջնագիծ: Այսինքն, այնպիսի բաներ են տեղի ունեցել, որոնք ակնհայտ քրեական կամ քրեաիրավական բնույթի կասկածներ են առաջացնում: Դրանք պիտի շատ արագ քննվեն եւ այդ հարցերի պատասխանը պետք է տրվի: Ի վերջո, պատերազմից արդեն 4 ամիս անցել է, անընդհատ վերքը թողնում ենք բաց, ցավը բորբոքում ենք: Եթե այս մարդիկ քննչական ծառայողներից դժգոհ են, ուզում են գործն ԱԱԾ-ն քննի, ի՞նչ է պատահել, թող ԱԱԾ-ն քննի, կարելի է զինվորների ծնողներին ընդառաջել:
Թովմասյանն ասաց, որ հրամանատարները հարցազրույցներում իրենց հերոսական սխրանքների մասին են պատմում, ասում են՝ երեխաներին չվնասելու համար փոքր մեքենաներով ենք զինվորներին տարել, որ հակառակորդը չխոցի, մինչդեռ ծնողները պատմում են, որ իրենց երեխաներին կոպիտ ասած՝ բեռնատարների թափքը «բարձել» են ու տարել ճակատ. «Եթե իրենք մտավախություն ունեին, որ ԱԹՍ-ները հարվածելու են, ինչպե՞ս կարող էին բեռնատարներով զինվոր տեղափոխել: Շատ հարցականներ կան այստեղ, քննությունն ուղղակի անհրաժեշտ է»:
Պատգամավորը վստահ է, որ կա դանդաղկոտություն քննիչների կողմից. «76 մարդ է այստեղ զոհվել, չի՞ հետաքրքրում նրանց ճակատագիրը՝ ում պատճառով: Ի վերջո, եթե Հադրութը մենք հանձնել ենք, Հադրութը հանձնելուց 2 օր հետո այս երեխաներին ինչո՞ւ են տարել Հադրութ, ընդ որում, ծնողներին խաբել են, ասել են՝ տանում ենք ապահով վայր: Ապահով վայրը թշնամուն հանձնած Հադրո՞ւթն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ