Արցախում զոհված զինծառայող Արտյոմ Կիրակոսյանի հայրը՝ Արթուր Կիրակոսյանը (լուսանկարում) այսօր խորհրդարան էր եկել՝ հանդիպելու անկախ պատգամավորների հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ որդին մի ամսվա ծառայող է եղել. «Իմ պահանջն այն է, որ գնդի հրամանատար Իշխանյան Գոռը, իր հրամանով, ես ունեմ վկա, բայց չեմ ասի ով է՝ նրան չվնասելու համար, ինքը լսել է, թե ոնց է ռացիայով հրաման տվել, խաբել երեխեքին, ասել՝ տանում ենք պահեստներ ու այս վկան, որը կամավորական է եղել, զարմացել է: Նա իմ երեխուն շատ լավ ճանաչել է, հենց նկարը տեսավ, ասեց՝ վայ, Տյոմս: Իրենց դիրքերը շատ ապահով են եղել, հանել, տարել են… Ես ծնող եմ՝ դարձել եմ հետախույզ, դարձել եմ դատապաշտպան, ինչի՞ պիտի 53 օր անընդհատ ման գայի իմ երեխուն, անընդհատ խաբեին: ՊՆ-ն ընդհանրապես չկա, այդ տարածքը ոնց որ դատարկ լինի»:
Կարդացեք նաև
Արթուր Կիրակոսյանը պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 9-ին: Զարմացած է, որ մեկ ամսվա ծառայողին հանել են առաջնագիծ. «Ես հետաքրքրվել եմ, որ այդքան ասում էին երեխաներին՝ մի խոսացեք հեռախոսներով, սա էլ է ծրագիր եղել: Սմարթֆոնները GPS-ի տեղն ասում է, հասարակ հեռախոսը չեն կարող գտնել: Ես զղջում եմ, որ ամեն ինչ մանրամասն չեմ հարցրել իմ երեխուն: Ինադու ասել են՝ ծնողներիդ հետ մի խոսացեք, որ չհելնեն գնան Ղարաբաղ: Ես վերակենդանացումում բժշկի օգնական եմ եղել, դիմում եմ գրել՝ ազատվել, այնպիսի սթրես եմ տանում, որ չեմ կարող հիմա այդ բնագավառում աշխատեմ… Արդարությունը պետք է վերականգնվի: Եթե Աստված չհասցնի իրենց պատիժը տա, մենք ծնողներով ամեն ինչ անելու ենք, որ պատժվեն: Եթե այս ցավն իրենց տներում լինի, միայն այդ դեպքում կզգան մեր այս ցավն ու տանջանքը, ամեն մի առավոտ արթնանալը կամ գիշերը քնելը… Կյանքս կործանեցին, բոլորիս կյանքը կործանեցին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ