ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը մարտի 31-ին հանդիպեցին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ:
Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կարգավորող օրենսդրությանը, մասնավորապես՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունմանը վերաբերող հարցեր: Նազելի Բաղդասարյանը հյուրերին նախ ներկայացրեց այդ հարցում մեր երկրում առկա վիճակը, ձեռնարկված քայլերը: Պատգամավորի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը մեզ կանգնեցրեց այլ իրողության առջեւ. եթե նախկինում որոշ գերատեսչությունների կողմից օրենքի ընդունումը համարվում էր ժամանակավրեպ, ապա ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի ընդունումն անհրաժեշտություն է: Նշվեց, որ խնդրին միջանկյալ լուծումներ են տրվել օրենսդրական փոփոխությունների, Կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի տեսքով, սակայն ամբողջական եւ համակողմանի կարգավորում է անհրաժեշտ:
Անդրադարձ կատարվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոդելային օրենքին, որը կիրառվել է մի շարք երկրներում:
«Մենք հույս հայտնեցինք, որ այն փորձը եւ մոտեցումները, որոնք որդեգրվել են այդ երկրներում, հնարավոր կլինի կիրառել նաեւ Հայաստանում»,-ասաց Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Քննարկվեցին մոդելային օրենքի այն տարբերակները եւ մոտեցումները, որոնք կարող են համահունչ լինել ՀՀ օրենսդրությանը: Երկուստեք կարեւորվեց անհետ կորած անձանց իրավական պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:
Ազգային ժողով