Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս հոգեբանական վիճակում սկսենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ միավորվել, մեր ստրկային վիճակն էլ ավելի կխորանա. Հոգեբան

Մարտ 31,2021 17:19

«Եթե իշխանական ուժերն ուզում են, որ մենք բարեկամանանք, թող ասեն՝ ցեղասպանությունն ընդունեք, բայց, ցավոք, մենք ենթարկվում ենք, որովհետեւ մենք միշտ ապրել ենք դրա տակ»,-այսօր անդրադառնալով թուրքերի եւ ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իշխանությունների ակնարկներին ասաց հոգեբան Արմեն Ներսիսյանը: «Հենարան» ակումբում կազմակերպված ասուլիսում հոգեբանը անիրատեսական համարեց այդ ազգերի հետ համակեցությունը, հատկապես՝ այդքան զոհերի ու գերիների չլուծված հարցերի ֆոնին:

Արմեն Ներսիսյան

«Եթե այս հոգեբանական վիճակում սկսենք նրանց հետ միավորվել՝ մեր ստրկային վիճակն էլ ավելի կխորանա: Այդ ստրկամտությունն է, որ 30 տարի մենք չկարողացանք մեր ազատ, անկախ Հայաստանը դարձնել ուժեղ: Պատերազմից հետո բոլոր մեր զգացողությունները՝ ցեղասպանության հետ կապված, թարմացվել են եւ այսօր մեր հրատապ խնդիրը ոչ թե համակեցությունը պետք է լինի, այլ մեր ազգի բարոյասոցիալհոգեբանական վիճակի կարգավորումը՝ պետական մոտեցմամբ: Էլ չեմ ասում, որ այսօր գերիների չլուծված հարց կա»:

Արմեն Ներսիսյանի համար հասկանալի չէ՝ ինչո՞ւ է այդ հարցն այդքան հրատապ դրված: Ըստ նրա, եթե հարցը տնտեսական հարթությունում է, ուզում են սկսեն առեւտուր, ապա՝ ոչ տնտեսագետ լինելով էլ պարզ է, որ Հայաստանի ամբողջ գյուղատնտեսությունը կուլ կգնա Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսություններին, որոնք ավելի հզոր են:

Հոգեբանը նաեւ հիշեցրեց օրերս Սյունիքում տեղի ունեցած անասնագողության դեպքը, որը ապացույցն է այն բանի, որ համակեցություն հնարավոր չէ: Նրա համոզմամբ, եթե այդպիսի դեպքերը կրկնվեն, վերջիվերջո այդ ամենը կհանգեցի արտագաղթի, որովհետեւ մարդիկ չեն կարող անընդհատ ապրել վախի մթնոլորտում եւ անպաշտպանության զգացում ունենալ: Հոգեբանի խոսքով, անվտանգության այդ երաշխիքները պետք է պետությունը ստեղծի. «Այստեղ կորում է մեր ազգային արժանապատվությունը, հպարտությունը եւ մենք դառնում ենք մի բանանային երկիր, որտեղ գիտությունը, մշակույթը թուլանում է եւ ազգից դառնում ենք ժողովուրդ»:

Արմեն Ներսիսյանի խոսքով, քանի որ այս շրջանում չունենք հեղինակություններ, մշակութային դեմքեր, որոնք կարող են իրավիճակ փոխել եւ որոնց խոսքը լսելի կլինի, ազգային դիմագիծը պահելու համար պետք է համախմբվել Հայ առաքելական եկեղեցու շուրջը:

«Մենք շատ ենք ընկել, բարձրանալու համար մեզ հոգեւոր արժեքներ են պետք: Դա կարող է լինել մեր ազգային վերածնունդը եւ հավատը, ես այլ ճանապարհ չեմ տեսնում»:

Հոգեբանի խոսքով, ուզենք թե չուզենք՝ գլոբալիզացիայի այս դարում այդ շփումները լինելու են, բայց այդ ամենը պետք է լինի մաքրված եւ ստրկամտությունից ազատված հոգեվիճակում. «Այդ դեպքում դու ինքդ էլ կարող ես թելադրել: Իսկ այսօրվա դրությամբ այլ է, ստրուկին միշտ թելադրում են եւ նա միշտ հարմարվում է հզորներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031