Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտում ասում են՝ հանկարծ Գոռ Իշխանյանին ձեռք չտաք հա՜, ականջներդ կոլորենք». Ծնողները պահանջում են գնդի հրամանատարի զենքը փորձաքննել

Մարտ 31,2021 16:47

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում անհետ կորած, զոհված զինվորների ծնողները հանդիպում ունեցան անկախ պատգամավորների հետ:

Տոնական Շահբարյան

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ժամկետային զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրը՝ Տոնական Շահբարյանը վրդովված էր գնդի հրամանատար Գոռ Իշխանյանի պահվածքից: Նրա խոսքով՝ Գոռ Իշխանյանը ծնողներից «փախած» է. «Երեխաներին տարել են գրավյալ տարածքներ՝ առանց ուղեկցության: Գոռ Իշխանյանը հիմա հեռախոսահամարն էլ է նույնիսկ փոխել, որ իրեն չզանգեն, չանհանգստացնեն: Բայց դա այդպես չի լինելու, ինչքան իմ սիրտը բաբախի, ինքը իմ հետ հարց է ունենալու, որովհետեւ ինքը իմ թանկին տարել է»:

 

Ծնողները պահանջում են, որ Գոռ Իշխանյանի զենքը փորձաքննության ենթարկեն ու պարզեն՝ 44 օրվա ընթացքում քանի՞ անգամ է այդ զենքը՝ ինքնաձիգը կրակել: Համոզված են՝ ոչ մի անգամ. «Իսկական հրամանատարը իր զինվորի հետ է լինում, ոչ թե փախնի բունկերից հրաման տա: Այ, Քյոխն է իսկական հրամանատարը»,- ասաց Շահբարյանը:

Նա ասաց, որ կառավարությունից ոչ մի բացատրություն չեն տալիս. «Ասում ենք՝ այս գործի մեջ հանցագործները 4-5 հոգի են, բերեք իրար կողք, տեսեք ով է մեղավորը: ՊԲ հրամանատարն է եղել այդ ժամանակ Ջալալ Հարությունյանը, գնդի հրամանատարը Իշխանյան Գոռն է եղել, Կարո Առուստամյանն է եղել եւ Վարդանյան Կամոն՝ Ղարաբաղի շտաբի պետը: Բերեք՝ տեսեք ով է մեղավոր: Քրեական գործ է հարուցվել, շտաբ ենք գնացել՝ Բաբայանի վրա: Ասացին՝ 1-ին հարկից բարձրացել է գործը 2-րդ հարկ՝ այս 4-5 ամսվա մեջ: Գնացել են Ստեփանակերտ, եկել, հլը չեն որոշել՝ ով է մեղավոր, ով չէ: Գալիս ենք էլի այն եզրահանգման, որ Ստեփանակերտում էլի աչքեր են ցույց տալիս, ասում են՝ հանկարծ Գոռին ձեռք չտաք, հա՜, ականջներդ կոլորենք: Գործը միտումնավոր ձգձգում են, որ մենք էլ ծնողներով պառակտվենք ու գործը սրբվի, մաքրվի, գնացվի: Բայց ես ինչքան շնչեմ, այնքան պայքարելու եմ, ես էլ կորցնելու բան չունեմ, իմ թանկը կորցրել եմ: Դիմելու եմ անհնարինին, ամենավերջին քայլերին: Իմ երեխան կարմիր դիպլոմով ավարտել է բժշկականը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031