Այսօր խորհրդարանում անհետ կորած զինվորների ծնողները հանդիպում ունեցան անկախ պատգամավորների հետ:
Հարցին՝ մտածում եք՝ գերի՞ է ընկել, ի՞նչ եք մտածում՝ Դավիթ Ասոյանի մայրը պատասխանեց. «Կարող է հենց ռազմականից իմ երեխուն տված լինեն թուրքին, ես չգիտեմ, ամեն ինչ կարամ մտածեմ: Ռազմական ոստիկանությունն ասում է՝ այդպիսի դեպք եղել է, բայց ուրիշ երեխու բերեցին ցույց տվեցին: Այդ երեխան Մարտունիից էր՝ Մելքոնյան Մյասնիկ, ո՛չ իմ տղային նման է, ո՛ էլ Դավիթ է: ԱԻՆ-ի գեներալը մեզ աչքալուսանքի պես տվեց, թե եղել է այդպիսի երեխա՝ Դավիթ, հետո հերքվեց, թե սխալմունք է եղել»:
Լիլիթ Զուռնաչյանը չի համակերպվում, որ իր որդուն Վայքից զորամասից տարել են Արցախ. «Ինչի՞ համար տարան երեխուս կորցրին: Թող իմ երեխես իր պոստում զոհվեր, ես մի կերպ կհամակերպվեի, ինչի՞ տարան: Իրանց համար էի ես այդ երեխուն ունեցե՞լ»:
Կարդացեք նաև
Ծնողներն այնքան վրդովված էին, նույնիսկ տեսակետ էին հայտնում, որ թուրքը իրենց երեխաների հետ ավելի լավ կվարվեր, քան այս ղեկավարությունն է վարվում:
Լիլիթ Զուռնաչյանն ասաց, սա առաջին դեպքը չէ, երբ զինվորները ռազմականից անհետացել են. «Ես հիասթափված եմ այս երկրից էլ, այս երկրի ամեն ինչից էլ: Եթե ուրախությունով իմ երեխեն ինձ հասնի, ես այս երկրի ամեն մի սանտիմետրի վրա թքելով կգնամ այս երկրից: Եթե չհասնի, իմ երեխու գլուխը կերած լինեն, ես կգնամ այնտեղ, ուր իմ երեխեն է, բայց իրենք էլ չեն ապրի: Ես Գոռ Իշխանյանին՝ գնդի հրամանատարին, ասում եմ՝ իմ երեխեն ողջ է, տեղյա՞կ ես իմ երեխայից, ասում է՝ այդ վաշտից հնարավոր չէ ինչ-որ մեկը ողջ եկած լինի: Ինչի՞ համար, դու գլխաքանա՞կ ես հանձնել: Ի՞նչ ես ասում դու ծնողին, ինչի՞ համար…Դիտավորյալ մեր երեխեքին տվել են թուրքին: Ամսի 9-ին ադրբեջանական դրոշը խփած է եղել, ամսի 11-ին ինչի՞ եք տարել գրավյալ տարածք: Հայի ձեռքով տվել եք թուրքին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ