Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ այս երեք տարվա մեջ գելերին ինչո՞ւ չէր խեղդում. ՀՀ վարչապետն արդեն սկսել է քարոզարշավը հանրության հաշվին՝ խախտելով բոլոր օրենքները». Արա Պապյան

Մարտ 31,2021 15:38

«ՀՀ վարչապետն արդեն սկսել է քարոզարշավը՝ հանրության հաշվին՝ խախտելով բոլոր օրենքները»,- ապրիլի 9-ի հանրահավաքին ընդառաջ Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի մտահոգություն հայտնեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը:

Նա հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը գնում է գյուղեր և մարդկանց արդեն իսկ կոչ է անում քվեն տալ «գելխեղդին», քանի որ ըստ Արա Պապյանի՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն է գելխեղդ պատկերացնում: Այնուհետև հարցրեց՝ իսկ այս երեք տարվա մեջ գելերին ինչո՞ւ չէր խեղդում:

Արա Պապյանի փաստմամբ՝ շատ երկրներում նախ հրաժարական են տալիս, հետո մտնում ընտրապայքարի մեջ՝ սեփական գումարներով: Հետո էլ նշեց. «Իսկ հիմա նա մսխում է պետական միջոցները, սա քրեական հանցագործություն է»:

Արա Պապյաննն ասաց՝ դեռ վերջնական որոշում չեն կայացրել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով. «Երբ ամեն ինչ ավելի կհստակեցվի, պաշտոնապես արդեն կհայտարարվի ընտրապայքարը, այդ ժամանակ էլ կկողմնորոշվենք»: Հետո էլ հավելեց. «Եթե զգանք, որ մուկուչյանները պիտի գրեն, նկարեն թվերը, կարող ենք չմասնակցել»:

Խոսելով մարտի 6-ից իր՝ ԱՄՆ այցի մասին՝ Արա Պապայանը տեղեկացրեց՝ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ տարբեր քաղաքներում, ինչպես նաև Վաշինգտոնում հանդիպումներ են եղել ամերիկյան պետական գործիչների, ներկա և նախկին դիվանագետների հետ, որոնք ազդեցիկ են որոշումների կայացման հարցում. «Տպավորություններս հիմնականում դրական են, քանի որ այդ հանդիպումները ցույց տվեցին, որ երբ մարդկանց բացատրում ես, ճշգրտում բոլոր խեղաթյուրված տեսակետները, որ մեր մասին տարածում են, մարդիկ սկսում են հասկանալ ու համաձայնել»:

Ըստ Արա Պապյանի՝ Արևմուտքն արդեն երկար ժամանակ խորը հիասթափության մեջ է հայ ժողովրդից և Հայաստանից այն առումով, որ անուղղելի ռուսասեր ենք՝ անգամ այս պատերազմից հետո. «Կարևոր էր, ցույց տալ, որ հասարակության մեջ կան մարդիկ, որոնք սթափ են մտածում և հասկանում են, որ քաղաքականությունը զարգանում է շահերի հիման վրա: Այսօր մեր շահերը չեն համընկնում Ռուսաստանի հետ, դա ընդունում են նաև ռուսները: Ուղղակի ասում են՝ А куда Вы денетесь, ԱՄՆ-ն ուզում է, որ մենք քայլ անենք, որ տեսնեն՝ ժողովուրդն այս ամենը հասկանում է: Արևմուտքն ասում է՝ մենք մեզ ձեզ չենք պարտադրելու»:

Ըստ Արա Պապյանի՝ այս առումով շատ բան կախված կլինի առաջիկա ընտրություններից: Նա այս առիթով ասաց. «Քվեն տալ Ազգային ժողովրդավարական բևեռին, նշանակում է՝ ժողովուրդը կատարում է ոչ միայն քաղաքական ընտրություն, այլև քաղաքակրթական: Եթե ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, որ ինքը մնում է ռուս-թուրքական երկվության մեջ, որը կարելի է համարել քաղաքական թակարդ, նման դեպքում Արևմուտքը չի պարտադրելու իր աջակցությունն ու սերը: Իսկ եթե ժողովուրդն ավելի սթափ դատի ու հասկանա, հանրությունը ստեղծի հնարավորություն այդ գաղափարները գոնե խորհրդարան մտնելու և խորհրդարանական քննարկումների, մեր առջև մեծ հնարավորություններ են բացվելու»:

Իշխանությունների այն բառապաշարը, թե ժողովուրդը պետք է պատրաստվի երկարատև խաղաղության, ոչ թե պատերազմի, Արա Պապյանը կեղծիք է համարում ու վստահեցնում. «Փորձը ցույց է տալիս, որ լրիվ հակառակն է: Եթե 1994-ին դուրս գայինք Քուռի ափ, տասը հազար զոհ չէինք ունենա: Խաղաղությունը կարող է միայն պարտադրվել մեր տարածաշրջանում: Գնալ իբր չակերտավոր կոմունիկացիաների բացման, որը ժողովրդին ներկայացնում են իբր տնտեսական զարգացում, ես ժամանակին այդ հարցի մասին 40 հոդված եմ գրել: Սահմանների բացումը լինելու է ի վնաս Հայաստանի: Մեր գյուղատնտեսությունը սնանկանալու է: Ճանապարհները կբացվեն, և ավելի վատ կլինի: Երբևէ հայ –թուրք հարաբերությունները պայմանավորված չեն մեր հարաբերություններով: Թուրքիան չի խարսխում իր դիրքորոշումը մեր դիրքորոշման վրա: Նրա նպատակն է Հայաստանին պահել խեղճ վիճակում, Հայաստանին մշտապես պարտադրել իրենց տեսակետը»:

Իսկ թե ո՞րն է այսպես ասած խաղաղության ապահովման գինը, որի մասին այդքան շատ են խոսում այս իշխանությունները, Արա Պապյանն այսպես ձևակերպեց. «Այդ գինը առաջին հերթին Մեղրիի չարորակ միջանցքն է, որը, հաստատ, ինչպես քաղցկեղը մետաստազներ է տալիս, դրանից ածանցվելու են տարբեր խնդիրներ: Սա նշանակում է, որ Ռուսաստանը և Թուրքիան ցամաքային ճանապարհ են ստանում, որը հենց հարյուր տարի առաջ երազում էին: Այդպիսով Թուրքիան կարողանալու է ուղղակի Միջին Ասիա դուրս գալ և իր ազդեցությունը տարածել միջինասիական երկրների վրա: Մեր իշխանությունները կիսագրագետ հայտարարություններ են անում, որ թուրքական ազդեցության տարածումը Միջին Ասիայի վրա վտանգավոր է Ռուսաստանի համար: Դա մեզ համար է վտանգավոր, ոչ թե Ռուսաստանի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031