Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի պաշտպաններն ապացուցեցին, որ իրենք տիրապետում են դատական համակարգին»․ Հովսեփ Խուրշուդյան

Մարտ 31,2021 15:19

«ՍԴ-ի այդ որոշումը ոչ միայն հակապետական է, այլ ապօրինի, որովհետեւ շահերի բախում ունեցող դատավորներն իրավասու չէին քննել եւ քվեարկել նման որոշման համար։ Բայց փաստենք, որ ՀՀ-ում տեղի չի ունեցել հեղափոխություն, քանի դեռ դատական իշխանությունում չկան էական փոփոխություններ»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Ազատ քաղաքացի քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Հիշեցնենք՝ օրերս ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւս՝ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանին, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։

«Այս դատական համակարգը ձեւավորվել է քսան տարի։ Մեծամասնությունը դատավորների ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ իր շահերի առաջմղումը՝ փող աշխատելով եւ դատական իշխանությունը պահելով։ Այդ կաստան երկար սպասում է մի հարմար առիթի՝ ժողովրդի իրավունքի դեմ նման հարձակում գործելու համար»,-համոզմունք հայտնեց Հովսեփ Խուրշուդյանը։

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ ՍԴ որոշումը հուշում է, որ ցանկացած այլ մեղադրանք, որն առաջ կքաշվի դատախազության կողմից, կարող է հակասահմանադրական ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի քննության հիման վրա․ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ապացուցեցին, որ իրենք տիրապետում են դատական համակարգին եւ կարող են փոխել, վերացնել ցանկացած հոդված, որով կարող էր պատասխանատվության ենթարկվել իրենց պաշտպանյալը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031