Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մահացել է իրանահայ անվանի մանկավարժ ու ազգային-հասարակական գործիչ Նորայր Էլսայանը

Մարտ 31,2021 15:01

Երևանում մահացել է իրանահայ անվանի մանկավարժ ու ազգային-հասարակական գործիչ Նորայր Էլսայանը։ Նա ծնվել էր Իրանի հայաշատ Արաք քաղաքում, տեղի հայոց դպրոցում նախնական ուսում ստանալուց հետո երիտասարդ տարիքում տեղափոխվել էր Թեհրան։ Դեռ պատանի տարիքում մեծ խանդավառությամբ միացել էր համայնքի գրական ու արվեստից խմբերին, իր ընկերների հետ հիմնել էր մարզական ու մշակութային խմբակներ։ Ավարտել էր Թեհրանի հայոց եկեղեցական թեմի Թեմական Խորհրդի հայերենագիտական դասընթացները, ապա նաև պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

Երկար տարիներ հայոց դպրոցներում ուսուցչությամբ էր զբաղվել, ապա նշանակվել էր Թեհրանի հայաշատ Նարմաք թաղամասում հիմնադրված հայոց «Թունյան» դպրոցի տնօրեն։ Նա համայնքի մի քանի ազդեցիկ դեմքերի հետ միասին՝ մեծ դեր է ունեցել այդ դպրոցի հիմնադրման գործում։ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո (1979 թ․), երկրի դպրոցները բաժանվեցին տղայոց և օրիորդաց բաժինների և Ն․ Էլսայանը նշանակվեց հայոց «Ա․ Սողոմոնյան» տղայոց միջնակարգ դպրոցի տնօրեն։ Հետագայում Իրանի կրթական համակարգի փոխվելու բերումով կրճատվեց հայոց դպրոցների հայերեն և կրոն առարկաների դասաժամերի քանակը, ծայր առան դասադուլներ և ցույցեր․ որպես ցույցերի կազմակերպիչ մի քանի օրով ձերբակալվեց նաև հայ համայնքի կողմից սիրված կրթական գործիչ Նորայր Էլսայանը։ Ապա պաշտոնազրկվեցին դպրոցների հայ տնօրենները, այդ շարքում նաև Ն․ Էլսայանը։ Պետական շրջանակները վերջինիս զրկեցին նաև Իրանի խորհրդարանի հայ պատգամավորի տեղի համար ընթացող մրցապայքարին մասնակցելուց։

Նորայր Էլսայանը համարվում է նաև Թեհրանի Հայ Մշակութային «Սիփան» միության հիմնադիր-նախագահ և վարչության տարիների անդամ։ 1946 թվականի մեծ հայրենադարձության հանկարծակի կերպով դադարելուց հետո, հայահոծ գավառներից մեծ թվով ընտանիքներ գաղթել էին դեպի Իրանի մայրաքաղաք։ Նրանք առօրյա աշխատանքից բացի հայեցի կրթության օջախների կարիք ունեին։ Ն․ Էլսայանն իր գաղափարական ընկերների հետ կարողացավ համառ և աննկուն աշխատանքի շնորհիվ հայկական նորաստեղծ թաղամասերն ապահովել դպրոցով, եկեղեցիով և միությունով։ Նա Թեմի առաջնորդ Տեր Արտակ արք․ Մանուկյանի հովանավորությամբ վերաշխուժացրեց Թեհրանի հայերենագիտական եռամյա դասընթացները, որտեղ հայոց դպրոցների համար ուսուցիչներ էին պատրաստում։ Անվանի կրթական մշակը նաև Իրանի հայոց դպրոցների հայոց լեզվի և գրականության դասագրքերի հեղինակային խմբի անդամ էր։

Ն․ Էլսայանը թոշակի անցնելուց հետո նշանակվել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր։ Եղել է ՀՅԴ-ի գործուն անդամ, մասնակցել է մի շարք բարձրագույն ժողովների։ Հայաստանի անկախությունից հետո իր տիկնոջ և երկու դստեր հետ տեղափոխվել է հայրենիք։ Նա ՀՀ Սփյուռքի գործերի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրվել է «Մայրենիի դեսպան» շքանշանով։

Նորայր Էլսայանն իր համեստ բնավորությամբ, համառ աշխատասիրությամբ և օրինակելի կենցաղով ու բարքերով սիրված էր բոլորի կողմից։ Նրան հիշում էին իր բոլոր աշակերտներն ու համայնքի անդամները․ Հայաստանի նրա բնակարանը իրանահայ տարբեր սերունդների ժամադրավայրներ էր։ Աշխարհի տարբեր անկյուններից հայրենիք այցելող երբեմնի իրանահայերն անպայման պետք է հանդիպեին նաև «պրն Էլսայան»ին և իրենց հարգանքն արտահայտեին վաստակավոր ուսուցչին։

Հարգանք իր հիշատակին։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031