«Քրեական օրենսգիրքն ունի այլ հոդվածներ, որոնք կարող են առաջ բերվել։ Դրա մեջ խորանալու կարիք էլ չկա։ Պահանջ է, որ մարտի 1-ի մեղավորները պետք է բացահայտվեն եւ պատժվեն։ ՍԴ-ի որոշումը մատուցում են այնպես, կարծես՝ վերջ, ոչինչ չի եղել, մարտի 1-ն էլ չի եղել»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ այսօր հայտարարեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ օրերս ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւս՝ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանին, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։
«Հազարավոր մարդիկ են մասնակից եղել այդ ողբերգությանը, ենթարկվել բռնության, խոշտանգումների, անիրավի դատապարտվել։ ՍԴ որոշմամբ ոչ մի բան չի ժխտվում։ Տուժողների հետ խոսելիս ակնհայտ է, որ նրանք մնացին միայնակ։ Մարտի 1-ի գործի բացահայտումն առաջին հերթին քաղաքական որոշման արդյունք է»,-նշեց Ժաննա Ալեքսանյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով․ «Հիմա տեսնում ենք, որ ՍԴ որոշումից հետո քաղաքական անձանց ծպտունը դուրս չի գալիս։ Իմ տպավորությամբ՝ քաղաքական որոշում է կայացվել մարտի մեկի գործն ավարտել այս վիճակում։ Չեմ կարծում, որ այդ գործը կունենա հեռանկար։ Թե ինչու են լռում քաղաքական ուժերը, օրինակ՝ ՀԱԿ-ը, որը պատասխանատվություն էր կրում տուժողների համար։ Տուժողները նրանց էին ապավինում։ Մի կես բառ գոնե ասեք։ Մենք զրուցել ենք զոհերի հարազատների հետ, եւ որեւէ մեկը նրանց հետ չի կապվել, ոչինչ չի ասել։ Պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, եւ նա պարտավոր է բացատրել, թե ինչու այսպես եղավ։ Իմ կարծիքով՝ սա նախագահների եւ վարչապետի համաձայնության արդյունքն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ