Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քոչարյանի պաշտպաններն անգիր գիտեն, որ սպանությունները բացահայտելը 2-րդ նախագահի սուրբ պարտքն է եղել»․ Սեդա Սաֆարյան

Մարտ 31,2021 14:04

«Հայկ Ալումյանը ճիշտ չի մեկնաբանում մեղադրանքի պատճառահետեւանքային կապը»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի գնահատականին, որ տուժողների իրավահաջորդները «մանիպուլացնում են եւ խաղում մարդկանց զգայուն թելերի վրա՝ ասելով, թե տասը զոհերի գործը կարճվեց, մինչդեռ դատարանում քննվող գործը կապ չունի տասը զոհերի հետ»՝ ասաց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Նրա խոսքով․ «Այն բռնությունը եւ գործողությունները, որոնք կատարել են Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները, դրանց ուղղակի հետեւանքով եղել են մյուս հետեւանքները։ Կոնկրետ՝ «Չերյոմուխա» կիրառողները պետական մարմինների ներկայացուցիչներ են՝ ոստիկաններ, եւ Հայկ Ալումյանն ինքն է զբաղված մանիպուլյացիայով։ Այս երկու տարում իրենք մանիպուլյացիայից բացի ուրիշ բան չեն արել։ Եթե պրոֆեսիոնալ կոչված պաշտպանական թիմը երկու տարի զբաղվել է նիստերը ձախողելով, նույն միջնորդությունը հարյուր անգամ ներկայացնելով եւ գտնում է, թե մենք ենք մանիպուլացնում՝ սխալվում է։ Ասեմ, որ իրենց ակնհայտ մտավախությունը եղել է այն, որ գործի փաստերը չհնչեն, չբարձրաձայնվեն այն խնդիրները, որ պետական մարմինները մի կողմ են դրել սահմանադրությունը։ Եթե Հրայր Թովմասյանը եւ մյուսները չեն հասկացել, որ մարտի մեկի օրը ոչ մի սահմանադրական նորմ չի գործել․․․մանիպուլյացիայով զբաղվել են իրենք եւ ՍԴ-ն։ Մարդկանց ծեծելով հասցրել են մինչեւ մամուլի տուն, ապա «շլանգներով» արյունը մաքրել Օպերայի կողքից, որ իբր արյուն չի եղել․․․այսքան «պրիմիտիվանալ» եւ իրավունքն այս ձեւով պատկերացնել՝ սա ազգային ողբերգություն է»։

 

Սեդա Սաֆարյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն անգիր գիտեն, որ սպանությունները բացահայտելը եւ կատարողներին պատասխանատվության ենթարկելը երկրորդ նախագահի սուրբ պարտքն է եղել․ «Այնքան ապացույցներ կան, բայց Հրայր Թովմասյանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել այդ ամենից։ Մինչդեռ ամեն ինչ պլանավորված է եղել»։

Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծես չեն տեսնում, որ զոհեր են եղել, կարծես տուժողներ գոյություն չունեն առհասարակ․ «Անպարկեշտության աստիճանը․․․ես դա տեսել եմ իրենց հարցազրույցներում։ Զոհերն ու տուժողների ներկայացուցիչները նրանց «խանգարում» են, որ Ռոբերտ Քոչարյանի մասով արդարացման դատավճիռ կայացվի։ Ձգտումը դա է, եւ չեմ էլ զարմանա, եթե արդարացման դատավճիռ լինի այս իշխանության օրոք»։

Հիշեցնենք՝ օրերս ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւս՝ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանին, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031