Լրահոս
Օրվա լրահոսը

«Բորբոքված ատամի վրա ոսկե պլոմբ եք ուզում դնել». Ֆեյսբուքյան արձագանքներ` Արայիկ Հարությունյանի գրառմանը

Մարտ 31,2021 13:53

ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի ներկայիս խորհրդական Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը  «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ակադեմիական քաղաքի գաղափարի մասին, բուռն քննարկումների տեղիք է տվել:

Արայիկ Հարությունյանը գրել է. «Օրեր առաջ ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը, որն ապահովելու է ոլորտի բովանդակային զարգացումը: Վարչապետի կողմից հնչեցված ակադեմիական քաղաքի գաղափարն էլ անհրաժեշտ է դիտարկել ոլորտի ամբողջական բարեփոխման տեսակետից:

Տարօրինակ է, որ օրենքի բովանդակային քննարկում չտեսանք, մինչդեռ այն բազմաթիվ լուծումներ է առաջարկում հատկապես ուսանողներին: Ու ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը հերթական հարձակման, իսկ որոշ դեպքերում՝ ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է: Բարեփոխումներն ընթանում են և առաջիկա տարիներին լուրջ արդյունք են ունենալու»:

«Ձեր օրենքը բացարձակ փակուղի է և գիտության, և կրթության համար, բազմաթիվ բովանդակային քննադատությանը ստացել ենք զրո արձագանք: Իսկ շենքը փոխելով, այն էլ այս անտրամաբանական տարբերակով, ուղղակի կոչնչացնեք այն բեկորները, որ դեռ կան: Ուղղակի սարսափում եմ այն մտքից, որ այս ամենի անողը դուք եք: Ուղղակի սարսափելի է: Ոնց որ վատ երազ լինեք»,-Արայիկ Հարությունյանի գրառման տակ գրել է մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը` ի պատասխան Արայիկ Հարությունյանի:

«Ակադեմիական քաղաքի գաղափարը առաջ տանելուց առաջ, մտածեք այսօր ընթացող պրոցեսների կարգավորումների մասին։ Մեր երկիրը ու մեր ղեկավարությունը էնքան չկան, որ կարողանան բոլոր հարցերը լուծել` էդ քաղաքը կառուցելով։ Դա զուտ տեխնիկական լուծում կարող է լինել։ Իսկ չլուծված հարցերը էդպես էլ կմնան չլուծված, ուղղակի էլի կտեղափոխվեն։ Ինչպես բոլոր մնացած չլուծված հարցերը…»,- նման մեկնաբանություն է գրել է մեկ այլ օգտատեր:

«Ախր հո մենակ շենքի փոխելով մենակ չի՞… Էդքան նոր դպրոցներ կառուցեցիք, բայց ուսման որակը չլավացավ։ Էլի անգիր են սովորում, էլի կարդալ-պատմել։ Մանկավարժների գիտելիքները պետք է լավ լինեն։ Եկեք իմ գյուղաքաղաքի քոսոտ դպրոցները նայեք ու մանկավարժականի շենքը… Բայց էդ քոսոտ դպրոցում տեսնես ինչ բարձրորակ կրթություն են տալիս՝ էսօրվա պահանջարկին համապատասխան։ Ատամի վրա ոսկե պլոմբ եք ուզում դնել, բայց էդ ատամի արմատներն են բորբոքված – տակից են գործը սկսում, թե չէ մի հատ էլ եք անելու։ Ձեր դասախոսներին փոխեք, ոչ թե շենքերը։ Սխալ չհասկանաք ես կողմ եմ որոշ ֆակուլտետներ տեղափոխել շրջաններ կամ նոր շենքեր կառուցել»,-կարծում է օգտատերերից մեկը:

Մտահոգ մի կին էլ նման մեկնաբանություն է թողել. «Առաջին հերթին հայրենիքի սահմաններն անառիկ դարձրեք, ի՞նչ ակադեմիական քաղաքի մասին է խոսքը, եթե թշնամին յուրաքանչյուրիս շեմին է չոքած»:

Օգտատերերից մեկն առաջարկում է ոչ թե ակադեմիական քաղաք ստեղծել, այլ սկսել մասնավոր բուհերին հարկային արտոնություններ տրամադրելուց ու պետական բուհերին «չկպնելուց»:

Մի օգտատեր դրական է գնահատել ակադեմիական քաղաքի գաղափարը. «Շատ ճիշտ որոշում է, ամեն ինչ կենտրոնացած է Երևանում, ուսանողները մարզերից գալիս են Երեւան ուսում ստանալու։ Ուսման, տան վարձը վճարելու համար ծնողները գնում են արտագնա աշխատանքի, որ իրենց երեխաները նորմալ ուսում ստանան, հետո այտ ուսում ստացած երեխանները գերադասում են մնալ Երևանում ու մարզերում մարդ չի մնում: Շատ ճիշտ որոշում է»:

Մի օգտատեր անհեթեթություն է որակել գաղափարը. «Աբսուրդ է մեր չնչին տնտեսության վրա հերթական պոպուլիստական բեռ դնելը: Նյու Վասյուկի ակադեմ սիթի: Դուք կրթության ոլորտից եք, պետք է որ հասկանայիք, որ համալսարանական շինությունները կարող են պատմականորեն ձևավորվել քաղաքի սահմանների մեջ, ինչպես, օրինակ, Լոնդոնում մի շարք բուհեր, ու շատ նորմալ զարգանան»:

Մի քաղաքացի առաջարկել է խաչմերուկում գտնվող Մանկավարժական համալսարանը տեղափոխել, մեկն էլ նման կարծիք է հայտնել. «Ագրարային համալսարանը Երևանի փոխարեն պիտի գործի գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող բնակավայրում՝ օրինակ` Արտաշատում կամ Արմավիրում, որպեսզի ուսանողը լսարանից դուրս դասեր անցնի անմիջապես դաշտում, գյուղացու կողքին»:

Օգտատերերից մեկն էլ քանդված դպրոցի լուսանկար է հրապարակել Արայիկ Հարությունյանի գրառման տակ ու նման մեկնաբանություն թողել. «30 տարում պետությունը մի աշխատող գործարան չի հիմնել, Հյուսիս-հարավի 7%֊ը հազիվ վատ բետոն արվեց։ Ես որպես ՀՀ քաղաքացի, վստահ չեմ, որ էդ քաղաքը կկառուցվի։ Իսկ այս նկարը դրա ապացույցն է, մասնագիտության բերումով, նման դպրոցների շատ եմ հանդիպել։ Կարճ ասած, պետության հանդեպ վստահությունը 0,000001% է։ Նախ աշխատեք վստահություն ձեռք բերելու վրա»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031