Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքները Հայաստանում 2020 թվականին. զեկույց

Մարտ 31,2021 14:41

 Մարդու իրավունքները Հայաստանում 2020 թ.

 Նախաբան

 2020 թվականը Հայաստանի համար, թերևս, ամենածանր տարիներից էր ինչպես սոցիալական, հումանիտար, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքների համատարած խախտումների տեսանկյունից:

Տարին սկսվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի և այլ անդամների նկատմամբ ճնշումներով: Ինչպես նշել էինք «Դիտորդի» նախորդ համարում, 2019 թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին վիճահարույց օրենքը: Սակայն ՍԴ անդամներից ոչ ոք չդիմեց այդ օրենքից օգտվելու համար: (տե՛ս «Դատական համակարգ» բաժինը):

Մարտի 16-ից նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակի կանխարգելման նպատակով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն: Սահմանափակվեցին մի շարք իրավունքներ, այդ թվում` խոսքի ազատության, խաղաղ հավաքների: Սահմանափակումներն անհամաչափ էին, և պատիժներն իրականացվում էին կամայական, ընտրովի: Մի դեպքում մեկ անձի կողմից բողոքը դիտվում էր որպես հավաք, և անձը բերման էր ենթարկվում ոստիկանության կողմից, մեկ այլ դեպքում իշխանամետ ուժերի հավաքը նույն ոստիկանության կողմից չէր խոչընդոտվում: Անհամաչափ տուգանքներ էին կիրառվում ոչ իշխանական լրատվամիջոցների նկատմամբ: Արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ն, առանց հանրային քննարկման, ընդունում էր հանրային տարբեր շերտերի շահերին վերաբերող օրենքներ: Շարունակվում էին ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումները:

Նախորդ համարում ներկայացրել էինք, որ 2018 թ. իշխանափոխությունից հետո իրավական համակարգը չփոխվեց, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), Քննչական կոմիտեն (ՔԿ) շարունակում են մնալ վարչապետին և կառավարությանը ենթակա կառույցներ և կատարում են վերջին-ներիս հրահանգները: Այս հիմնավոր վարկածն ապացուցվեց նոյեմբերի 12-ին ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հայտարարությամբ:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ հարձակումը: Պատերազմը տևեց 44 օր: Պատերազմի առաջին իսկ օրը Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և այն շարունակեց գործել նաև պատերազմի ավարտից հետո: Պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանում սկսվեցին բողոքի ցույցեր` իշխանության հրաժարականի պահանջով: Եվ ինչպես համաճարակի ժամանակ հայտարարված արտակարգ դրության, այնպես էլ հետպատերազմյան ռազմական դրության ժամանակ արդեն նոր ուժգնությամբ վերսկսվեցին քաղաքական հետապնդումները:

Այսպիսով, Հայաստանը 2021 թվական թևակոխեց քաղաքական, սոցիալական, հոգեբանական ծանր ճգնաժամով:

Արցախյան հակամարտության ընթացքում հումանիտար իրավունքի խախտումներ

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) դեմ սկսված ռազմական գործողությունները, որոնք ընթացել են սահմանագծի ողջ երկայնքով, թիրախավորել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը: 44 օր շարունակ հրետակոծվել և գնդակոծվել են գյուղեր և քաղաքներ` պատճառելով մարդկային զոհեր խաղաղ բնակչության շրջանում և քաղաքացիական, մշակութային և այլ, ոչ ռազմական օբյեկտների ավերածություններ:

Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս կոպտորեն խախտել է միջազգային հումանիտար իրավունքը` մասնավորապես կիրառելով արգելված զենք և զինատեսակներ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ռազմական գործողությունների ընթացքում օգտագործելով վարձկաններ, գերեվարված անձանց նկատմամբ դրսևորելով անմարդկային վերաբերմունք: Ադրբեջանական կողմի խախտումները արձանագրվել են մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Human Rights Watch-ի և ՀՀ և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանների կողմից:

Միջազգային հումանիտար իրավունքն ընդգրկում է պատերազմի միջոցներն ու մեթոդները կարգավորող սկզբունքները և կանոնները, ինչպես նաև խաղաղ բնակիչների, հիվանդ և վիրավոր զինծառայողների և ռազմագերիների հումանիտար պաշտպանությունը: Սույն իրավունքները կարգավորող հիմնական փաստաթղթերն են 1949 թ. Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևյան կոնվենցիան և երկու լրացուցիչ արձանագրությունները, որոնք ստորագրվել են 1977 թ. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո:

Խաղաղ բնակիչների թիրախավորում 

Քաղաքացիական անձանց թիրախավորումը Ադրբեջանի հարձակումների ընթացքում արձանագրվել է ինչպես Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների, այդպես էլ միջազգային փաստահավաք առաքելությունների կողմից: ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ զեկույցի համաձայն` Ադրբեջանի հարձակման առաջին օրվանից` 2020 թ. սեպտեմբերի 27-ից, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական անձանց Արցախում և Հայաստանում: Ադրբեջանն օգտագործել է ռազմական, ներառյալ` հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ-ներ)` որպես քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ ու առանց տարբերակման (indiscriminate) հարձակման միջոցներ:

ՀՀ ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքում հաստատվել է, որ Արցախի բոլոր բնակավայրերը, այդ թվում` խիտ բնակեցվածները` Ստեփանակերտը և Հադրութը, անընդհատ ենթարկվել են թիրախային հարձակումների ԱԹՍ-ների կիրառմամբ: Այդ թվում, թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակավայրեր և խաղաղ բնակիչներ: Այսպես, թիրախավորվել և ԱԹՍ-ներով հարձակման են ենթարկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի շրջակա Կութ, Սոթք, Շատվան, Շատջրեք, Նորաբակ, Տրետուք, Կուտական գյուղերը: ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ և ընթացիկ զեկույցներ, որոնք լրացվել են պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում:

Human Rights Watch-ի փաստահավաք առաքելությունը հայտնել է, որ «Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոն Ստեփանակերտում անցկացրած մեր դաշտային ուսումնասիրությունը բացահայտեց ադրբեջանական ուժերի կողմից դիտավորյալ անկանոն կասետային զինամթերքի, հրթիռների և զենքի այլ համակարգերի օգտագործման բազմաթիվ դեպքեր, որոնք թույլ չէին տալիս տարբերակել ռազմական թիրախները քաղաքացիական թիրախներից: 2020 թվականի հոկտեմբերի 4-ին գրոհի հանգամանքները, երբ բնակելի շենքերի բազմաթիվ հարվածներ տեղի ունեցան մեկ րոպեի ընթացքում, ցույց են տալիս, որ հնարավոր է ռմբակոծել ամբողջ տարածքը` որպես մեկ ռազմական թիրախ, ինչը արգելված է պատերազմի օրենքներով և սովորույթներով»:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իր` ՀՀ և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ արտահերթ զեկույցում արձանագրել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն` զինված հակամարտության կողմերը պետք է միշտ տարբերակեն քաղաքացիներին կոմբատանտներից, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերը և ռազմական օբյեկտները: Ադրբեջանի զինված ուժերի ԱԹՍ-ների հարվածներով որևէ տարբերակում չի դրվել: Հակառակը` քաղաքացիական բնակավայրերը թիրախավորվել են մտադրված: Զեկույցում նշվում է նաև, որ ԱԹՍ-ների մահացու հարվածները ռազմական օբյեկտներին ոչ իրավաչափ են, եթե քաղաքացիներին պատճառված վնասը կանխատեսվող կոնկրետ և ուղղակի ռազմական առավելության նկատմամբ չափազանց մեծ է: ԱԹՍ-ների նման հարվածների արդյունքում չկա կանխատեսվող կամ ձեռք բերված կոնկրետ և ուղղակի ռազմական առավելություն:

Մարդու իրավունքների համատեքստում Պաշտպանը մատնանշել է, որ կյանքի իրավունքը համընդհանուր պարտադիրություն ունի բոլոր ժամանակներում բոլոր պետությունների համար և իրենից ներկայացնում է jus cogens նորմ: Այն կիրառելի է նաև զինված հակամարտություններում և դրանցից դուրս դրոնների հարվածների կիրառման դեպքերում: Արդեն իսկ սպանվել են քաղաքացիական անձինք ԱԹՍ-ների կամայական (arbitrary) հարվածների հետևանքով: Զինված հակամարտության պայմաններում կյանքի իրավունքը կարգավորվում է միջազգային մարդասիրական իրավունքով` այն պահանջով, որ մահացու ուժի կիրառումը չհանգեցնի անհատի կյանքի իրավունքի կամայական զրկման: Միջազգային մարդասիրական իրավունքի որևէ կանոն չի արդարացնում քաղաքացիների թիրախավորումը, որի հետևանքով առկա են անհատի կյանքի իրավունքի կամայական զրկման դեպքեր:

Արգելված զինատեսակների կիրառում

 Բազմաթիվ աղբյուրներ հայտնել են պատերազմական գործողությունների ընթացքում արգելված զենքերի կիրառման մասին:

Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը նպատակային գրոհներ են ձեռնարկել անտառային տարածքների դեմ: Կիրառվող զինամթերքը պարունակել է քիմիական տարրեր (նախնական տվյալներով` սպիտակ ֆոսֆոր): Նման զինամթերքի օգտագործման հետևանքով առաջացել են զանգվածային ավերածություններ, այդ թվում` հրդեհներ անտառային գոտիներում: Զինամթերքը օգտագործվել է անտառների ուղղությամբ, որոնք գտնվում են քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում: Ըստ փորձագիտական գնահատականների` այս տեսակի զենքի պատճառած կրակը չի դադարեցվում մարող նյութերի կամ ջրի օգտագործման արդյունքում, քանի որ սպիտակ ֆոսֆորը շարունակում է այրվել թթվածնի ազդեցության տակ, մինչև քիմիական նյութը սպառվում է (կամ թթվածնի մատակարարումը դադարեցվում է), իսկ դրա մնացորդները շարունակական վտանգ են ներկայացնում օգտագործումից հետո մի քանի օր, նույնիսկ շաբաթներ շարունակ: Նման զինատեսակների կիրառումը քաղաքացիական բնակչության, քաղաքացիների և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ արգելված է Որոշ սովորական սպառազինությունների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով: ՀՀ և ԱՀ ՄԻՊ-ները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց` «Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական օբյեկտների դեմ զանգվածային ոչնչացման զինամթերքի օգտագործման մասին»:

Պաշտոնական տվյալների համաձայն` այրված տարածքներ կան Արցախի բոլոր շրջաններում, իսկ ընդհանուր առմամբ այրվել է մոտ 1815 հա անտառային տարածք:

Ադրբեջանը բազմիցս օգտագործել է արգելված կլաստերային զինամթերք, ինչի մասին հայտնել է նաև Human Rights Watch-ի փաստահավաք առաքելությունը: Human Rights Watch-ը արձանագրել է, որ հայտնաբերվել են Իսրայելում արտադրված LAR-160 սերիայի կլաստերային հրթիռների մնացորդներ և չպայթած M095 երկակի նշանակության ենթամթերք Ստեփանակերտում և Հադրութում: Այդ զենքերի վայրերի մոտակայքում ռազմական օբյեկտներ չեն եղել:

«Կլաստերային զենքի բազմակի օգտագործումը, հատկապես բնակեցված տարածքներում, ցույց է տալիս քաղաքացիական անձանց անվտանգության բացահայտ անտեսում,- ասել է Human Rights Watch-ի զենքի գծով տնօրեն և Կլաստերային զինամթերքի արգելման կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուսը: – Այդ զենքերը չպետք է օգտագործվեն ոչ մեկի կողմից և ոչ մի պարագայում, հատկապես քաղաքային բնակավայրերում, քանի որ դա ենթադրում է կանխատեսելի և անընդունելի ռիսկեր քաղաքացիական անձանց համար»:

Վարձկանների մասնակցություն

Ըստ միջազգային լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող տեղեկատվության` Թուրքիան Սիրիայի հյուսիսային մասից վարձկաններ էր տեղակայել Ադրբեջանում` դրանք Արցախի և Հայաստանի դեմ օգտագործելու համար: Տարբեր աղբյուրների համաձայն` պատերազմի օրերին ներգրավվել են 2000-4000 վարձկաններ, որոնք վարձատրվել են ամսական 1500-2000 ԱՄՆ դոլար` մասնակցելու Արցախի և Հայաստանի դեմ պատերազմական գործողություններին:

ՄԱԿ-ի Վարձկանների օգտագործման աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ: Հայտարարությամբ, ըստ էության, արձանագրվել է վարձկանների օգտագործման փաստը: Մասնավորապես նշվել է, որ «այդ անձանց հավաքագրման, փոխադրման և օգտագործման եղանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շրջակայքում համապատասխանում է վարձկանի սահմանմանը, ինչպես սահմանված է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում, ներառյալ Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման դեմ միջազգային կոնվենցիան, որի կողմ է հանդիսանում Ադրբեջանը», ասել է աշխատանքային խմբի նախագահ Քրիս Կվայան:

Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանները հավանաբար առնչություն ունեն զինված այն խմբերի և անհատների հետ, որոնք մեղադրվում են Սիրիայի հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ և մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարելու համար, ինչն անհնարին է դարձնում պատժելիությունն ու ռիսկեր ստեղծում միջազգային իրավունքի խախտումների համար: Աշխատանքային խումբը կոչ է արել աջակցող պետություններին անմիջապես դուրս բերել վարձկաններին և մասնակցություն չունենալ վարձկանների հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղափոխմանը:

Անմարդկային վերաբերմունք և գերիների իրավունքներ 

Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի գերության մեջ են հայտնվել տասնյակ զինվորականներ և քաղաքացիական անձինք:

ՀՀ ՄԻՊ-ը 5 ad hoc և մեկ միասնական զեկույց է ներկայացրել էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ: Այդ զեկույցների բովանդակությունը փակ է` հաշվի առնելով դրանցում տեղ գտած դաժանությունների նկարագրությունները: Զեկույցները հիմնված են ՀՀ ՄԻՊ փաստահավաք խմբի հավաքած բազմաթիվ տեղեկատվության վրա, պարունակում են ապացույցներ և վերլուծություն` ցույց տալով պատերազմական հանցագործությունների հայատյաց բնույթը:

Human Rights Watch-ը անդրադարձել է հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի կոպիտ խախտումներին և կոչ արել հետաքննություն անցկացնել, մեղավորներին ենթարկել պատասխանատվության և բոլոր գերեվարված անձանց երաշխավորել պաշտպանություն:

ՄԻՊ-ի զեկույցներն ուղարկվել են միջազգային և տեղական համապատասխան մարմիններին: Միևնույն ժամանակ գերեվարված քաղաքացիների իրավահաջորդների անունից ներկայացվել են դիմումներ ՄԻԵԴ` հրատապ միջոցներ կիրառելու պահանջով: Այդ դիմումների արդյունքում Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Բացի այդ, ՄԻԵԴ-ը բավարարել է բազմաթիվ ներկայացված դիմումներ և որոշել է կիրառել հրատապ միջոց:

Դատական համակարգ

 Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներ

2019 թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորներին` օրենքի ուժի մեջ մտնելուց 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում, մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը ստանալ կենսաթոշակ` հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Մինչև սահմանված ժամկետի լրանալը, Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր հրաժարականի դիմում չներկայացրեց: Այդ կերպ չհասնելով Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականին` իշխող քաղաքական ուժը անցանկալի դատավորներից ազատվելու համար որոշեց հանրաքվե նախաձեռնել: 2020 թ. փետրվարի 6-ին Ազգային ժողովը 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում: Որոշմամբ առաջարկվում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց 2020 թ. ապրիլի 5-ին:

Չնայած աշխարհում և Հայաստանում ահագնացող նոր կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19)` վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. մարտի 10-ից Սյունիքի մարզից սկսեց սահմանադրական հանրաքվեի «Այո«-ի քարոզարշավը: Մի քանի օր անց, հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի տարածման դեպքերը, 2020 թ. մարտի 16-ին ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումը, տեղեկացրեց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից: Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն` ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

2020 թ. հունիսի 22-ին, հանրաքվեի անցկացման ձախողումից հետո, ՀՀ Ազգային ժողովը 89 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը` առանց կարծիք ստանալու համար այն Սահմանադրական դատարան ուղարկելու: Երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը` արտակարգ ռեժիմով: Քվեարկությանը չմասնակցեցին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Վերջիններս բոյկոտեցին նիստը` պատճառաբանելով, որ բազմաթիվ վերապահումներ ունեին նախագծի սահմանադրականության վերաբերյալ:

Ազգային ժողովը, խախտելով Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի բազմաթիվ դրույթներ, փոփոխեց ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչի հետևանքով փաստացի դադարեցվեց ՀՀ Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը պարունակում է իմպերատիվ պահանջ, ըստ որի` Սահմանադրության փոփոխության համար Ազգային ժողովը դիմում է Սահմանադրական դատարան, որը, մինչև փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Մինչդեռ Սահմանադրության փոփոխությունը կատարվել է առանց դրա սահմանադրականության վերաբերյալ դատարանի նախնական որոշումն ունենալու:

Ազգային ժողովի` Սահմանադրական դատարան դիմելու անվերապահ պարտականությունը բխում է ոչ միայն Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից, այլև նշված հոդվածի կառուցվածքից ընդհանրապես: Եթե Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրական դատարան դիմելու հայեցողություն նախատեսելիս իրավասու սուբյեկտների համար կիրառել է «կարող են դիմել» ձևակերպումը (օրինակ` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Ազգային ժողովի խմբակցության համար), ապա նույն հոդվածի 2-5-րդ մասերում օգտագործված է «դիմում է» եզրույթը (օրինակ` Կառավարության կամ Ազգային ժողովի խորհրդի համար)` դրանով իսկ ընդգծելով տարբեր դեպքերի համար նույն ատյանին դիմելու իրավական հնարավորության և պարտականության հստակ տարբերությունը: Ընդ որում, Ազգային ժողովի` Սահմանադրական դատարան դիմելու պարտականությունը գործում է անկախ այն հանգամանքից, թե Սահմանադրության փոփոխությունը Սահմանադրության 202-րդ հոդվածով նախատեսված որ եղանակով է իրականացվում:

Սահմանադրության փոփոխություններով խախտվել է Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն առ այն, որ Սահմանադրության 7-րդ գլխում («Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը», փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Ինչպես հետևում է Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունից, դրանով նախատեսվում է Սահմանադրական դատարանի դատավորի և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման դադարման նոր հիմք: Մասնավորապես` ըստ փոփոխված 213-րդ հոդվածի 1-ին մասի` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` նույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Մինչդեռ Սահմանադրության 7-րդ գլխի 164-րդ հոդվածի 8-րդ մասը սպառիչ թվարկում է դատավորի (այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորի) լիազորությունները դադարելու հիմքերը, ինչը նրա անկախության կարևորագույն երաշխիքն է: Ավելին` սկզբնական խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածն էլ (որն ամրագրված է Սահմանադրության «Անցումային և եզրափակիչ դրույթներ» 16-րդ գլխում), իր հերթին ապահովելով դատավորի անկախության մեկ այլ կարևոր բաղադրատարրի` դատավորի անփոփոխելիության իրացումը, նախատեսել էր, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Այս պայմաններում Ազգային ժողովը ոչ միայն փոփոխություն է կատարել դեռևս 2015 թ. դեկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած և միանգամյա կիրառմամբ իրավական առումով արդեն իսկ սպառված 213-րդ հոդվածում, այլև ըստ էության լրացրել է 164-րդ հոդվածի 8-րդ մասը` նախատեսելով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման նոր հիմք, և փաստացի շրջանցել Սահմանադրության 7-րդ գլխում միայն հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելու արգելքը:

Այսպիսով, վերոնշյալ խախտումն ուղղակիորեն հանգեցրել է Սահմանադրական դատարանի դատավորների անկախության, հետևաբար, և՛ իրավունքի գերակայության, և՛ իրավական պետության հիմնարար սկզբունքների ոտնահարմանը:

Սահմանադրության փոփոխությունն իրականացվեց բացառիկ հապճեպությամբ` խորհրդարանի արտահերթ նստաշրջանում: Սահմանադրության փոփոխություն նախաձեռնվել է 2020 թ. հունիսի 19-ին (ուրբաթ` օրվա վերջին), հունիսի 22-ին (երկուշաբթի) արտահերթ նստաշրջան գումարելու որոշումը կայացվել է նույն օրը առավոտյան, իսկ նախագիծն էլ երկու ընթերցումով ընդունվել է մի քանի ժամի ընթացքում: Արտահերթ նստաշրջանի միջոցով, հենվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված արագացված ընթացակարգի վրա, ընդհանրապես հնարավոր չէր Սահմանադրության փոփոխություն իրականացնել: Կանոնակարգի 44-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը վերաբերում են միայն օրենքների նախագծերին, բայց ոչ Սահմանադրության փոփոխությունների նախագծին: «Ազգային ժողովի կանոնակարգի» 19-րդ գլխի համաձայն (հոդված 84-86)՝ Սահմանադրության փոփոխություն նախաձեռնելիս ներկայացվում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծ (բայց ոչ օրենքի նախագիծ): Քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգը» Սահմանադրության փոփոխությունների համար նախատեսել է հատուկ ընթացակարգ, ապա Կանոնակարգի 19-րդ գլուխը lex specialis է հանդիսանում Կանոնակարգի մյուս դրույթների նկատմամբ: Ուստի Կանոնակարգի 44-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում հիշատակված օրենքների նախագծերը չեն կարող մեկնաբանվել այնպես, որ դրանք տարածվեն նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծի վրա:

Մասնավորապես` Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախնական քննարկում չի անցել (Կանոնակարգի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ): Բացի այդ, խախտվել է շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու` հեղինակի, պատգամավորի, խմբակցության և Կառավարության իրավունքը (սովորաբար մեկ ամսվա ընթացքում, իսկ արտահերթ նստաշրջանի դեպքում` առնվազն երկու աշխատանքային օրվա ընթացքում, Կանոնակարգի 77-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասեր):

Ի վերջո, նման կարևոր նախագիծը չի անցել նաև հանրային քննարկումների ընթացակարգ, ինչը պարտադիր էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ կետի, 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածով նախատեսված է Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն ԱԺ քննարկմանը ներկայացնելու և նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը: Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ` Աշխատակազմի միջոցով: Գրության ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են Աշխատակարգով («Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մաս): Եթե նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը համապատասխանում է Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված պահանջներին, ապա գրությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով և Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ («Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Իր հերթին ԱԺ Աշխատակարգի 34-րդ կետը նախատեսում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Աշխատակազմի եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին և գլխադասային հանձնաժողով է ներկայացվում նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո` երեքշաբաթյա ժամկետում: Եզրակացությունը ներառում է` 1) նախագիծը Սահմանադրության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները. 2) նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին տեղեկանքը:

Խախտվել է նաև Սահմանադրության փոփոխության ստորագրման և հրապարակման կարգը: Այսպես` Սահմանադրության փոփոխության ընդունման պահին գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է, որ Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո` քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն: Սակայն նույն օրը` 2020 թ. հունիսի 22-ին, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հիշյալ հոդվածում կատարված փոփոխությամբ Հանրապետության նախագահի այդ իրավասությունը փոխանցվել է Ազգային ժողովի նախագահին, ինչով ուղղակիորեն խախտվել է Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մասը: Ավելին` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածում կատարված փոփոխությունն ուժի մեջ է մտել 2020 թ. հունիսի 25-ին, սակայն դրա կարգավորումը հետադարձ ուժով տարածվել է Սահմանադրության փոփոխության վրա, և այն հրապարակվել է Ազգային ժողովի նախագահի կողմից` առանց Հանրապետության նախագահի ստորագրելու:

Խոսքի ազատություն

2020 թվականն առանձնացավ խոսքի ազատության զանգվածային սահմանափակումներով` պայմանավորված նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու և Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսելու հետևանքով ռազմական դրություն սահմանելու հետ: Տարին լրատվամիջոցների գործունեության համար լարված էր նաև ներքաղաքական զարգացումների պատճառով: 2020 թվականին, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, տեղի են ունեցել ԶԼՄ-ների` տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 90, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 177 և լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 6 դեպքեր (11 տուժողով):

Խոսքի ազատության սահմանափակումները արտակարգ դրության ընթացքում

 Մարտի 16-ին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ Կառավարության` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումով, ի թիվս այլ իրավունքների, սահմանվեցին նաև արգելքներ առանձին հրապարակումների և հաղորդումների նկատմամբ: Որոշումը չէր վերաբերում միայն պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումներին:

Ըստ որոշման` լրատվամիջոցներում և սոցցանցերում արգելվեց հրապարակել «խուճապ առաջացնող» տեղեկություններ, իսկ կորոնավիրուսի թեմայով տեղեկատվության միակ աղբյուրը պետք է լիներ Կառավարության կողմից ստեղծված պարետատունը:

Որոշման ընդունումից հետո` մարտի 20-ին, մի խումբ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարեցին, որ որոշման դրույթների կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը:

Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, որ առաջացրեց այս փաստաթուղթը, վիճահարույց էր նաև, թե որ լուրը կարող է իրապես «խուճապ առաջացնող» համարվել, և մտահոգիչ էր, որ սուբյեկտիվության և կամայական արգելքների տեղիք տվող որոշման իրականացնողներն ուժային կառույցներն էին: Այդ օրերին ԶԼՄ-ներն ու առանձին լրագրողներ, ինչպես նաև սոցցանցերի օգտատերեր արդեն իսկ ենթարկվում էին կոշտ սահմանափակումների: Ոստիկանությունը պահանջ էր ներկայացնում հեռացնել, ըստ իր գնահատման` խուճապ առաջացնող հրապարակումները:

168.am կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը տեղեկացրել էր, որ ոստիկանությունից զանգել էին և պահանջել հեռացնել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման հրապարակումը. «Ես պահանջել եմ, որ միայն գրավոր ծանուցում լինի, որովհետև վաղը, մյուս օրը մենք պետք է հիմք ունենանք, իրենք պիտի հիմնավորեն, բացատրեն, թե ինչու են պահանջում հանել այդ նյութը»: Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման համար ծանուցում էր ուղարկվել այլ լրատվամիջոցների ևս: «Փաստինֆոյից» էլ պահանջել էին կայքից հեռացնել «Էջմիածնի տարեց բնակչուհու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, ունի ջերմություն, սակայն թեստ չի հանձնել, չի հոսպիտալացվել» վերնագրով նյութը:

Սահմանափակումներ և արգելքներ են կիրառվել նաև սոցիալական ցանցերում առանձին քաղաքացիների հրապարակումների նկատմամբ: Օրինակ` բժիշկ Արտավազդ Սահակյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքում առկա են մարդկանց կուտակումներ, ինչը վտանգ է ներկայացնում վիրուսի տարածման առումով: Արդյունքում` ոստիկաններն այցելել էին բժշկի տուն, ապա` աշխատավայր և պահանջել հեռացնել գրառումը:

Մարտի 23-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, ըստ որի` «զանգվածային լրատվամիջոց» հասկացությունը փոխարինվեց «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությամբ: Փոփոխության ենթարկվեց նաև տուգանքի չափը, եթե մինչ այդ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու դեպքում տուգանքի չափը սահմանված էր նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով, ապա ըստ լրացման` նշված տույժին ենթարկվելուց հետո` մեկ օրվա ընթացքում, կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը առաջացնում է ևս մեկ տուգանքի նշանակում` արդեն նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով: Նույն օրը` մարտի 23-ին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ 22 լրատվամիջոցի պահանջ է ներկայացվել հեռացնել այն հրապարակումները, որոնք չեն բխում պաշտոնական տեղեկատվությունից:

Politik.am կայքում հրապարակումից հետո, որ Գյումրիում մահացել է 70-ամյա տղամարդ, ում մոտ կորոնավիրուս է կասկածվում, կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին զանգ էր ստացել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, որը սպառնացել էր 500 հազար դրամով տուգանել: Այն նկատառմանն ի պատասխան, որ խոսնակը տուգանելու լիազորություն չունի, Մ. Գևորգյանն ավելացրել էր` «ուրեմն ձեզ մոտ կգան ոստիկաններ և կպահանջեն, որ նյութը հեռացնեք»:

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների, ինչպես նաև միջազգային կառույցների (մասնավորապես` ԵԱՀԿ-ի և «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության) կողմից կատարվող աշխատանքների և Կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ Կառավարությունը վերանայեց իր մոտեցումները և մարտի 24-ին նոր որոշում ընդունեց` փոփոխելով լրատվամիջոցների գործունեությանը և սահմանափակումներին վերաբերող դրույթները: Այդ որոշմամբ Կառավարությունը սահմանեց, որ եթե կորոնավիրուսի մասին այլ աղբյուրներից ստացված տեղեկությունները չեն համապատասխանում պաշտոնականին կամ ճշգրիտ չեն, ապա դրանք ոչ թե պետք է հանվեն տուգանքի սպառնալիքով, այլ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն դրանց հերքումը 2 ժամվա ընթացքում և ապահովեն տարածումը սոցցանցերով: Իսկ օտարերկրյա լրատվամիջոցների կողմից կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է նշեն սկզբնաղբյուրը` նյութի վերնագրում: Բացի այդ, Կառավարության որոշման դրույթներից հանվեց «խուճապ առաջացնող տեղեկություններ» ձևակերպումը, ինչը կամայական մեկնաբանության և արգելքների տեղիք էր տալիս: Ապրիլի 13-ին պարետի որոշմամբ` կորոնավիրուսի համավարակի մասին տեղեկատվության տարածման հետ կապված լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու մասին դրույթն ամբողջությամբ հանվեց:

Այդուհանդերձ, արտակարգ դրության ժամանակահատվածում արձանագրվեցին դեպքեր, երբ ոստիկաններն ընտրողաբար այցելում էին հեռուստաընկերություններ ու հաղորդումների ժամանակ դիմակ չկրելու համար վարչական վարույթ հարուցում: Ոստիկանները հուլիսի 3-ին այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ` նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար: Մի շարք լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ այն գնահատեցին որպես լիազորությունների չարաշահում` նշելով, որ «եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով` քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով»:

Օգոստոսի 8-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում Սևանա լճի ափամերձ գոտում կառուցված շինությունների վերաբերյալ: Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ` սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել` «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը: Ոստիկանությունում միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքով, իսկ սեպտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել Վ. Գասպարյանին` խափանման միջոց ընտրելով ստորագրություն` չհեռանալու մասին:

Խոսքի ազատության սահմանափակումները ռազմական դրության ընթացքում

 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված ռազմական գործողությունների պատճառով ՀՀ Կառավարությունը հանրապետության ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարեց: Ի թիվս այլ իրավունքների ու ազատությունների` սահմանվեցին մարտական գործողությունների և դրանց հետ անմիջականորեն առնչվող ցանկացած այլ տեղեկության հրապարակման ու տարածման սահմանափակումներ: Ինչպես լրատվական կայքերում, այնպես էլ սոցիալական ցանցերում պետք է հրապարակվեր բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական ամբողջական տեղեկատվություն` հղումով: Նշված սահմանափակումը չէր վերաբերում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումներին կամ նրանց հաղորդումներին կատարված հղումներին:

Հոկտեմբերի 8-ին որոշումը լրացվեց, և արգելքներին ավելացվեցին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումները: Արգելվեց նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը: Լրատվամիջոցների կողմից խախտման դեպքում սահմանված էր տուգանք 700 հազարից մինչև մեկ միլիոն դրամի չափով: Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում` մեկ միլիոնից մինչև մեկ միլիոն 500 հազար դրամի չափով, իսկ կրկին խախտում կատարելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը պետք է տուգանվեր նախկինում նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով: Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց խախտումների դեպքում տուգանքը սահմանված էր 300-700 հազար դրամի չափով, հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում` 700 հազարից մեկ միլիոն դրամի չափով, իսկ կրկնվելու դեպքում` կրկնապատիկի չափով: Իրավաբան Արա Ղազարյանի գնահատմամբ` կարգավորումները բավականին խիստ էին, վարչական տուգանքները գերազանցում էին քրեական իրավունքի ոլորտում գործող տուգանքները, իսկ օրենքի դրույթները թողնված էին ոստիկանության մեկնաբանմանը:

Նոյեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանը դիմեց Սահմանադրական դատարան` ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: Դիմումին ի պատասխան` նոյեմբերի 20-ին ՍԴ-ն կասեցրեց Կառավարության որոշման հավելվածի` արգելք պարունակող կետերի (որոշման 9.1-ին, 9.2-րդ կետերը) գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Դեկտեմբերի 2-ին Կառավարության որոշմամբ հրապարակումների, հաղորդումների սահմանափակումներն ամբողջությամբ վերացվեցին:

Պատերազմի ընթացքում բազմաթիվ լրագրողներ հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի թիրախում: Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողն ու ֆոտոլրագրողը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը և 24news.am կայքի լրագրողը, իսկ հոկտեմբերի 8-ին` արդեն Շուշիում` ռուսաստանյան Сегодня.ру կայքի գլխավոր խմբագիրը և Офицеры России կայքի ու Красная звезда թերթի թղթակիցը:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությամբ պատերազմական գործողությունները դադարեցվեցին, սակայն հանրապետությունում ռազմական դրությունը չվերացվեց: Եռակողմ հայտարարությունից հետո հակաիշխանական բողոքի ցույցերի ալիք սկսվեց Հայաստանում:

Նոյեմբերի 10-ին` ժամը 4-ի սահմաններում, տասնյակ անձինք փորձել էին ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին: Ըստ ռադիոկայանի հաղորդագրության` նրանք ասել էին, որ եկել են խմբագրության սերվերների հետևից, վիրավորական հայտարարություններ հնչեցրել, ապա` քաշքշել աշխատակիցներին, սպառնացել, որ թույլ չեն տալու «Ազատության» մուտքը եթեր: Խումբը լքել էր տարածքը, երբ ռադիոկայանի աշխատակիցները ոստիկանություն էին զանգահարել:

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր: Ապշած եմ տղաների խորագիտությունից: Տղերք` դուք ճիշտ եք: Սպասում եմ ձեզ Երևանում: Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը: Հպարտ եմ ձեզանով»: Գրառումից հետո մի քանի պատգամավորներ, պաշտոնյաներ հայտարարեցին, որ հրաժարական են տալու և լքելու են «Իմ քայլը» խմբակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակումը համարեց խիստ վտանգավոր: Նա նշել էր, որ այդ գրառմամբ կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների, ինչպես նաև այն իրենից ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար:

Դեկտեմբերի 1-ի երեկոյան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում, ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին: Ի թիվս ակցիայի այլ մասնակիցների, ոստիկաններն ուժ կիրառելով` օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել: Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը:

Դեկտեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ընթացքում մի խումբ ցուցարարներ մոտեցել են 1in.am լրատվական կայքի օպերատոր Ռաֆայել Քարամյանին և պահանջել դադարեցնել աշխատանքը: Միջադեպը զուգորդվել է օպերատորին ուղղված հայհոյանքներով և սպառնալիքներով: Ռաֆայել Քարամյանը ստիպված է եղել անջատել տեսախցիկը և հեռանալ:

Դեկտեմբերի 19-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ, ֆիզիկական բռնության է ենթարկվել միջոցառումը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի օպերատոր Դավիթ Հարությունյանը: Քաղաքացիները, որոնք մտադրվել էին խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սգո երթին մասնակցող նրա աջակիցների մուտքը Եռաբլուր, «հեսա «Ազատությունը»» գոռալով` հարձակվել են օպերատորի վրա, գցել գետնին ու հարվածներ հասցրել նրան: Նույն օրը, սգո երթի մեկնարկին, Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցները վիրավորել և ճնշման են ենթարկել «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Լարա Առաքելյանին, ապա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերել լրատվամիջոցի նկատմամբ` հրաժարվելով պատասխանել Լարա Առաքելյանի հարցերին, և հայտարարել է, որ պատրաստ է հարցազրույց տալ ներկա ցանկացած լրատվամիջոցի, բացի «5-րդ ալիքից»:

Խաղաղ հավաքների ազատություն

2020 թ. հավաքների ազատության իրավունքը եղել է առավել սահմանափակված մարդու իրավունքներից` տարեսկզբին տարածված COVID-19 համավարակի և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով: Երկու դեպքում էլ կիրառվել է հավաքների անցկացման բացարձակ արգելք, համավարակի ժամանակ` արտակարգ դրության, պատերազմի ժամանակ` ռազմական դրության ռեժիմներով: Արգելքների մասին ՀՀ Կառավարությունն իրազեկել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներից, ներառյալ` 11-րդ հոդվածից ժամանակավոր շեղում կիրառելու վերաբերյալ:

2020 թ. ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից դիտարկվել է 162 հավաք, որոնց մեծ մասը` 91-ը, անցկացվել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

 Հավաքների ազատության սահմանափակումները արտակարգ դրության ընթացքում

 2020 թ. սկզբին աշխարհում և ՀՀ-ում սկիզբ առած նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պատճառով ՀՀ Կառավարությունը մարտի 16-ին հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարեց` արգելելով հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ հավաքներին մասնակցելը: Արտակարգ դրությունը երկարաձգվեց հետագա ամիսներին` մինչև սեպտեմբերի 11-ը, իսկ հավաքների արգելքը` որոշ փոփոխություններով, պահպանվեց մինչև օգոստոս:

Հարկ է նշել, որ մինչև արտակարգ դրություն հայտարարելը` 2020 թ. ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեին նախորդող քարոզարշավի ընթացքում տեղի էին ունեցել բազմամարդ հավաքներ, որոնք կազմակերպվել էին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից: Քարոզարշավի վերջին հավաքները անցկացվեցին մարտի 12-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ը որպես համավարակ որակելու հայտարարությունից հետո: Չնայած քարոզարշավի ընթացքում վարչապետի և ՀՀ առողջապահության նախարարի պնդումներին, որ կորոնավիրուսի վտանգավորությունը մեծ չէ, հետագայում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը հայտարարեց, որ իրենք դեռևս փետրվար ամսից պայքարում էին այդ հիվանդության դեմ:

Մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ արգելվել էր միայն հավաքների և գործադուլների անցկացումը, իսկ հանրային միջոցառումները, ինչպիսիք են, օրինակ` մշակութային, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները, արգելված չէին, եթե մասնակիցների թիվը չէր գերազանցում 20-ը, իսկ մայիսի 14-ից հետո` 5-ը: Նման տարբերակված մոտեցումը խնդրահարույց էր: Թեև հանրային միջոցառումներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը մարդու ազատ գործելու իրավունքի դրսևորում է, այդուհանդերձ, հավաքների ազատության` որպես ժողովրդավարական հասարակության հիմնարար իրավունքի նման ստորադասումը չէր կարող հիմնավորված լինել: Կիրառված սահմանափակումների տրամաբանությամբ համավարակի տարածումը կանխարգելելը լիովին հնարավոր կլիներ, եթե հավաքների ազատության իրավունքի նկատմամբ կիրառվեին առավելագույնը այն սահմանափակումները, ինչ հանրային միջոցառումների համար, ինչպես նաև, եթե բացարձակ արգելքի փոխարեն սահմանվեին մասնակիցների միջև որոշակի հեռավորության պահպանման, անհատական պաշտպանության միջոցների պարտադիր կրման, հավաքի առավելագույն տևողության և այլ համանման պահանջներ: Հատկանշական է, որ սեպտեմբերի 11-ին` արտակարգ դրության ռեժիմը կարանտինային ռեժիմով փոխելուց հետո, հենց նմանատիպ սահմանափակումներ կիրառվեցին հավաքների ազատության իրավունքի նկատմամբ` մասնակիցների կողմից սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառում և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանում:

Չնայած արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափակումներին, հավաքներ, այնուամենայնիվ, անցկացվում էին: Հելսինկյան կոմիտեի կողմից մարտ-հունիս ամիսներին դիտարկվել է շուրջ 30 հավաք: Նշված հավաքների նկատմամբ ոստիկանությունը կիրառել է տարբեր միջամտություններ, ինչպես նաև դադարեցրել դրանք` բերման ենթարկելով մասնակիցներին:

Առավել մեծ թվով` 252 անձ է բերման ենթարկվել հունիսի 14-ին` ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի աջակիցների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքի մոտ անցկացված հավաքի ընթացքում: Առհասարակ, Ծառուկյանի աջակիցների անցկացրած հավաքների ընթացքում եղել են ոստիկանության մեծաքանակ և խիտ կուտակումներ` չնայած առկա համավարակային իրավիճակին: Հունիսի 16-ին ԱԱԾ-ում անցկացվող Գ. Ծառուկյանի հարցաքննությանը զուգահեռ վերջինիս աջակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որի հետևանքով տուժել են հավաքի ընթացքը լուսաբանող լրագրողներ, ինչը քննադատվել է բազմաթիվ լրագրողական կազմակերպությունների կողմից:

Ոստիկանությունը դրսևորել է տարբերակված մոտեցում` կախված հավաքի կազմակերպչից և հավաքի քաղաքական ուղղվածությունից: Օրինակ` հունիսի 4-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև ընդդիմադիր «Կամք» նախաձեռնության կազմակերպած հավաքը, որի մասնակիցների թիվը չէր գերազանցում 5-ը, դադարեցվեց ոստիկանության կողմից, մինչդեռ հուլիսի 7-ին նախագահի նստավայրի առջև ԱԺ իշխանամետ պատգամավոր Արման Բաբաջանյանի կազմակերպած հավաքի նկատմամբ որևէ միջամտություն չկիրառվեց: Բացի հավաքներից, դիտարկվել են դեպքեր, երբ ոստիկանությունը բերման է ենթարկել միանձնյա ակցիա իրականացնող քաղաքացիներին, թեև հավաք համարվելու համար անհրաժեշտ է առնվազն երկու անձի ներկայություն (օրինակ` ապրիլի 28-ին ՀՀ Կառավարության շենքի առջև ակտիվիստ Հայկ Բարսեղյանին և հունիսի 12-ին ԱԺ նստավայրի առջևից Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկելու դեպքերը):

Արտակարգ դրության ընթացքում միջադեպեր տեղի ունեցան Ամուլսարի հանքի մուտքը դեռևս 2018 թվականից հսկող բնապահպանների և ոստիկանության միջև: Օգոստոսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը կռունկներով տեղափոխել էր Ամուլսարի պահապանների տեղադրած տնակները, որից հետո վերջիններս ավտոշարասյունով փակել էին դեպի հանք տանող ճանապարհը: Ոստիկանությունը պահանջեց բացել ճանապարհը, ինչը ցուցարարները մերժեցին: Արդյունքում` մասնակիցների մի մասին ոստիկանությունը բերման ենթարկեց: Այնուհետև` օգոստոսի 6-ին և 10-ին բերման ենթարկվեցին Երևանում ՀՀ Կառավարության և Ազգային ժողովի շենքերի առջև բողոքի ցույց իրականացնող ակտիվիստները, որոնք պահանջում էին ուժը կորցրած ճանաչել հանքի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:

Ըստ ոստիկանության` մարտ-օգոստոս ամիսներին ոստիկանության բաժիններ է բերվել և վարչական ձերբակալման ենթարկվել հավաքների ավելի քան 600 մասնակից:

Հավաքների ազատության սահմանափակումները ռազմական դրության ընթացքում

 2020 թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, կրկին, ենթարկվեցին բացարձակ արգելքի: Ի տարբերություն մարտ ամսին արտակարգ դրությամբ նախատեսված դրույթների` հանրային միջոցառումների նկատմամբ որևէ սահմանափակում չկիրառվեց:

Չնայած սահմանված արգելքին, պատերազմի ընթացքում դիտարկվել է 15 հավաք, որոնք ընթացել են առանց ոստիկանության կողմից որևէ միջամտության: Հավաքները հիմնականում անցկացվել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների գրասենյակների (ՄԱԿ, ԵՄ) և տարբեր երկրների դեսպանատների (Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն և այլն) առջև: Բոլոր հավաքները պայմանավորված են եղել ընթացող պատերազմով և հետապնդել են միջազգային հանրությանը իրազեկելու, արձագանքելու և պատերազմի վերաբերյալ գնահատականներ ստանալու պահանջներ: Մասնակիցները բարձրացրել են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը, կոչ արել դատապարտել Ադրբեջանի Հանրապետության գործողությունները: Նշված ժամանակահատվածում դիտարկված հավաքներից որևէ մեկի ընթացքում մասնակիցները չեն բարձրացրել Կառավարության կամ այլ պետական մարմինների վարած քաղաքականության վերաբերյալ հարցեր կամ քննադատություն:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո ՀՀ-ում անցկացվող հավաքների քաղաքական ուղղվածությունը, ինչպես նաև ոստիկանության վերաբերմունքը ամբողջությամբ փոխվեցին: Նոյեմբերի 10-ի գիշերը մեծ թվով մարդիկ հավաքվեցին ՀՀ Կառավարության նստավայրի առջև, մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղի ունեցան միջադեպեր: ՀՀ Կառավարության նստավայրի, այնուհետև` Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին նստավայրեր և կոտրել այնտեղի գույքը, ինչպես նաև ծեծի էին ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Մի խումբ ցուցարարներ հարձակում էին գործել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի վրա, կոտրել գրասենյակի դուռը և, ներս մտնելով, վնասել գույքը: Մի խումբ անձինք նաև փորձել էին ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ:

Բացի նշված դեպքերից, տեղի ունեցած հետագա հավաքները կրել են բացառապես խաղաղ բնույթ, սակայն ռազմական դրությամբ պայմանավորված արգելքը դեռևս շարունակել է ուժի մեջ մնալ:

Հետպատերազմյան շրջանում ձևավորված քաղաքական նախաձեռնությունների կողմից բարձրացվեց վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականի հարցը` որպես հավաքների կազմակերպիչների և մասնակիցների հիմնական պահանջ: Փոխվեց նաև ոստիկանության և իրավապահ համակարգի գործելաոճը: Ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, որոնք հանդես էին գալիս որպես հավաքների կազմակերպիչ, հաճախ ձերբակալվում էին մինչև հավաքի մեկնարկը կամ դրա ընթացքում, հարուցվում էին քրեական գործեր: Բազմաթիվ ընդդիմադիր հավաքների մասնակիցներ բերման էին ենթարկվում ոստիկանություն ինչպես բուն հավաքների ընթացքում, այնպես էլ դրանց ավարտից հետո:

Նոյեմբերի 11-ից ընդդիմադիր մի շարք կուսակցություններ (ներառյալ` ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ), որոնց նախաձեռնությունը հետագայում անվանվեց «Հայրենիքի փրկության շարժում», սկսեցին Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքներ: Մինչև առաջին հանրահավաքի մեկնարկը ոստիկանությունը փորձեց խափանել այն` բերման ենթարկելով հրապարակ մուտք գործող անձանց և Ազատության հրապարակի հարթակում գտնվող հավաքի կազմակերպիչներին: Հավաքի մեկնարկին արդեն ոստիկանություն էր բերվել 79 մարդ: Ոստիկանության ծառայողների մեծ մասը չէր կրում տարբերանշաններ, իսկ ոմանց դեմքը ամբողջությամբ ծածկված էր դիմակով: Հաջորդ օրը ձերբակալվեցին ընդդիմադիր շարժման 10 գործիչներ, որոնց մեծ մասը կասկածվում էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ:

Ընդդիմության առաջին հանրահավաքի ընթացքում մասնակիցները Ազատության հրապարակից երթով անցան դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության նստավայրի առջև: Նոյեմբերի 12-ին Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանով ցուցադրվեցին տեսանյութեր, որոնցում զինվորական համազգեստով անձինք հայտարարում էին, որ «սպասում են հրամանի, հենց հրաման տվին, ասին` իջեք, գնդակահարեք ՀՀԿ-ի զիբիլներին, զենքով գալիս ենք»: Էկրանը հեռացվեց նոյեմբերի 13-ին` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունից հետո: Վերջինս նշել էր, որ հրապարակում «ատելության խոսք տարածող տեսանյութի ցուցադրությունն ակնհայտ արվել է ինչ-որ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ»:

Ընդդիմության հետագա հավաքները նույնպես ուղեկցվեցին բազմաթիվ միջամտություններով: Առաջին հանրահավաքից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում մշտապես ներկա են եղել մեծ թվով ոստիկանական ուժեր, հիմնականում` ՀՀ Կառավարության նստավայրի, ինչպես նաև Ֆրանսիայի և Ազատության հրապարակների հարակից տարածքներում: Կառավարության նստավայրի առջև, կախված կոնկրետ հավաքից, ոստիկանները կազմել են մեկ-երեք շարքով շղթա: Ոստիկանության սպառազինությունը տատանվել է` կախված հավաքի կազմակերպիչներից և մասնակիցների թվից: Ընդդիմության բազմամարդ հավաքների ընթացքում ոստիկանության առանձին ուժեր հանդերձավորված են եղել վահաններով և սաղավարտներով, ներկա են եղել դեմքն ամբողջությամբ ծածկող դիմակ կրող ոստիկանության ծառայողներ: Բազմաթիվ հավաքների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր հավաքների մասնակիցներին` որոշ դեպքերում դադարեցնելով հավաքները:

Նոյեմբերի 12-ին Ազատության հրապարակում անցկացվող Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած հավաքի մասնակիցների մեծ մասին ոստիկանությունը բերման ենթարկեց, ընդ որում` կազմակերպիչների կողմից հավաքը դադարեցնելու հայտարարությունից անմիջապես հետո: Մինչ այդ ոստիկանությունը պարբերաբար հայտարարում էր ռազմական դրությամբ պայմանավորված հավաքների արգելքի մասին և կոչ անում այն դադարեցնել: Ոստիկանության մեծ ուժեր բերման ենթարկեցին մասնակիցներին` կիրառելով խիստ անհամաչափ ուժ: Գործողություններին մասնակցում էին դեմքն ամբողջությամբ ծածկող դիմակներով ոստիկաններ, որոնք ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ չէին կրում:

Նոյեմբերի 13-ին 17 կուսակցությունների հերթական հավաքի ավարտին բերման ենթարկվեցին մի քանի մասնակիցներ, ինչպես նաև վերջիններիս հետ վիճաբանության մեջ մտնող այլ քաղաքացիներ:

Նոյեմբերի 19-ին և 20-ին ընդդիմության կողմից բազմաթիվ հավաքներ են կազմակերպվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որի ընթացքում փակում էին փողոցների երթևեկությունը: Իրավապահների գործողություններին կրկին մասնակցում էին դիմակներով և տարբերանշաններ չկրող ոստիկաններ: Հանրապետության հրապարակում նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանության կողմից բերման ենթարկելու գործողությունների ընթացքում ստացավ գլխի վնասվածք: Վերջինիս նույնպես բերման էին ենթարկում դիմակներով և տարբերանշան չկրող ոստիկաններ: Ըստ ոստիկանության` նոյեմբերի 19-ին բերման է ենթարկվել հավաքի 28, իսկ նոյեմբերի 20-ին` 80 մասնակից:

Մի քանի մասնակից բերման ենթարկվեց նոյեմբերի 24-ին` Սայաթ-Նովայի պողոտայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջև անցկացվող հավաքի վայրից: Ոստիկաններից մեկը գործողությունը հիմնավորեց` բերման ենթարկվածների կողմից «հասարակական վայրը ոչ նպատակային օգտագործելու» հանգամանքով:

Նոյեմբերի 30-ին ՀՅԴ-ի կազմակերպած հավաքի վայրից 33 անձ բերման ենթարկվեց ոստիկանություն: Մի քանի դրվագում կիրառվել է խիստ անհամաչափ ուժ: Ըստ որոշ մասնակիցների` ոստիկանության ծառայողները գործողությունների ընթացքում հարվածներ էին հասցնում մասնակիցներին: Գործողությունների ընթացքում կոտրվել է մասնակիցներից մեկի բարձրախոսը:

Նոյեմբերի 27-ին ռազմական դրություն հայտարարելու որոշմամբ սահմանված հավաքների ազատության արգելքը կասեցվեց ՀՀ վարչական դատարանի կողմից` ընդդիմադիր մի խումբ գործիչների ներկայացրած դիմումի արդյունքում: Այնուհետև, դեկտեմբերի 2-ին այն ուժը կորցրած ճանաչվեց Կառավարության կողմից:

Դեկտեմբեր ամսին ոստիկանությունը շարունակեց միջամտել անցկացվող հավաքներին:

Դեկտեմբերի 1-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից Մաշտոցի պողոտայում կազմակերպված հավաքի ընթացքում, կրկին, բերման ենթարկվեցին հավաքի մասնակիցները: Գործողությունների ընթացքում ոստիկանները «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատորին նստեցրին մեքենա, այնուհետև բաց թողեցին: 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել դեկտեմբերի 11-ին և 12-ին, կրկին, ընդդիմության կազմակերպած հավաքներից:

Դեկտեմբերի 19-ին միջադեպեր տեղի ունեցան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Սգո երթը, որը կազմակերպվել էր վարչապետի կողմից, Հանրապետության հրապարակից շարժվեց դեպի Եռաբլուր, որտեղ հավաքվել էին մի խումբ անձինք, ներառյալ` պատերազմի ընթացքում զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողներ և մարտական գործողությունների մասնակիցներ, ընդդիմադիր գործիչներ: Նշված խումբը հայտարարել էր, որ փորձելու է խափանել վարչապետի մուտքը դեպի Եռաբլուր: Երբ երթը հասավ պանթեոն, ոստիկանությունն ուժի միջոցով ճանապարհ բացեց` հեռացնելով ընդդիմադիրներին: Տեղի ունեցան ընդհարումներ, ծեծկռտուք ընդդիմադիրների և Ն. Փաշինյանի աջակիցների միջև, որոշ մասնակիցներ ստացան վնասվածքներ, թեև ոստիկանությունը փորձում էր կողմերին հանդարտեցնել:

Դեկտեմբերի 22-ից «Հայրենիքի փրկության շարժումը» Հանրապետության հրապարակում տեղադրեց վրաններ և սկսեց նստացույց: Առավել կոշտ միջամտություններ են դիտարկվել դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում: Նշված օրը ՀՀ Կառավարության շենքի հարակից տարածքում ընդդիմության հավաքի մասնակիցները փորձում էին թույլ չտալ կառավարության անդամներին և վարչապետին հեռանալ շենքից: Ոստիկանությունը հեռացրեց նստավայրի մուտքերի մոտ պատ կազմած ցուցարարներին և բերման ենթարկեց մոտ 7 տասնյակ մասնակցի: Հավաքի վայրի ողջ հարակից տարածքում կենտրոնացված են եղել ոստիկանության մեծաքանակ ուժեր, որոնց թիվը մի քանի անգամ գերազանցել է մասնակիցների թիվը: Ոստիկանության գործողությունների ընթացքում վատացել է մի քանի ցուցարարի ինքնազգացողությունը:

Նույն օրը երեկոյան Երևանի Տիգրան Մեծի պողոտայում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպել էր հավաք-երթ, որի ընթացքում մասնակիցները, շրջելով Կենտրոն վարչական շրջանի փողոցներով, պահանջում էին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականը: Մասնակիցների և երթն ուղեկցող ոստիկանության ներկայացուցչի հետ համաձայնություն էր ձեռք բերվել մինչև 5 րոպե տևողությամբ թույլատրել բողոքի գործողությունները փողոցի երթևեկելի հատվածներում: Մասնակիցները երթի ընթացքում կարճատև ժամանակահատվածներով արգելափակել են Տիգրան Մեծի պողոտայի, Նալբանդյան, Աբովյան և Ամիրյան փողոցների երթևեկությունը: Ժամը 18:45-ին հավաքի վայր ժամանեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները («կարմիր բերետներ») և առանց որևէ նախազգուշացման, Ամիրյան փողոցի երթևեկելի հատվածից սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել մասնակիցներին: Նշված ստորաբաժանման ոստիկանները խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառեցին բռնի, անհամաչափ ուժ, որի ընթացքում մասնակիցներից մեկը ստացավ դեմքի արյունահոսող վնասվածք: Ըստ մասնակիցների` գործողությունների ընթացքում ոստիկանները ցուցարարներին հասցրել են հարվածներ և հնչեցրել սպառնալիքներ: Հատուկ գումարտակի ծառայողները, բացի հրամանատարական կազմից, չէին կրում ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:

Ըստ ոստիկանության` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոստիկանության բաժիններ են բերվել և վարչական ձերբակալման ենթարկվել հավաքների ավելի քան 550 մասնակից:

Պատերազմից հետո տեղի ունեցած հավաքների ընթացքում դիտարկվել են բազմաթիվ դեպքեր, երբ վարչապետին աջակցող անձանց և ընդդիմության հավաքների մասնակիցների միջև տեղի են ունեցել վիճաբանություններ, բախումներ: Ոստիկանությունը դիտարկված դեպքերի մեծ մասի ընթացքում միջամտել է, հանդարտեցրել մասնակիցներին, անհրաժեշտության դեպքում` ոմանց հեռացրել հավաքի վայրերից:

Քաղաքական հետապնդումներ

2020 թվականին ևս, ինչպես նախորդ տարիներին, տեղի ունեցան քաղաքական հետապնդումների դեպքեր:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հետապնդումները, որոնք սկիզբ էին առել դեռևս 2019 թվականին, անդրադարձան նաև նրա մերձավորների վրա: Հունվարի 26-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր «Սառա Թովմասյան» օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի նկարը և գրել. «Հրայր Թովմասյանի աղջկա Ֆեյսբուքն է, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»: Նկարի հրապարակմանը նախորդել էր հունվարի 24-ին Հ. Թովմասյանի բնակարանում կատարված խուզարկությունը, ապա վարչապետի և Սահմանադրական դատարանի նախագահի հեռակա թեժ բանավեճը: Հաջորդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրատապ նիստից հետո ավագանու անդամը վայր դրեց մանդատը:

Դեռևս 2019 թ. պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Հ. Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, որը ձերբակալվել էր: Դրանից հետո մի քանի անգամ ձերբակալման որոշումը բողոքարկվել էր, Փանոսյանն ազատ էր արձակվել, ապա մեղադրանքի փոփոխման արդյունքում նորից զրկվել ազատությունից, կրկին ազատ արձակվել: Նույն գործով նաև մեղադրանք էր առաջադրվել Հ. Թովմասյանին: Վերջինիս լիազորությունները` որպես ՍԴ նախագահի, դադարեցվեցին «Իմ քայլը» խմբակցության կատարած սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Ապրիլի 29-ին միջադեպ տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև: Ա. Դանիելյանը հայհոյել էր Ա. Սիմոնյանին, որի հետևանքով ծեծկռտուք էր սկսվել, և Ա. Սիմոնյանը գլխի հարվածով կոտրել էր Ա. Դանիելյանի քիթը: Արդյունքում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Արթուր Դանիելյանի նկատմամբ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հունիսի 6-ին հայտարարեց, որ Կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի: Հայտարարությունից որոշ ժամանակ հետո` հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց Գ. Ծառուկյանի առանձնատանը, այնուհետև հայտարարեց, որ բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը 29.75 միլիարդ դրամ վնասի պատճառման դեպքեր, ինչպես նաև բացահայտվել են 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքեր: Երկու օր անց հարցաքննվեց նաև Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը: Հունիսի 16-ին Ազգային ժողովը 87 ձայնով զրկեց Գ. Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից` թույլ տալով հարուցված քրեական գործում վերջինիս ներգրավել որպես մեղադրյալ: Նույն օրը խորհրդարանը տվեց համաձայնություն դատախազի` Գ. Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությանը: Երկու դեպքում էլ անցկացվել էր փակ, գաղտնի քվեարկություն, որին մասնակցել էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը, և ներկաներից բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը` Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ մերժել: ԱԱԾ-ն բողոքարկեց որոշումը վերաքննիչ դատարանում, որն էլ բեկանեց այն և գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վերջինի որոշմամբ սեպտեմբերի 25-ին Ծառուկյանը կալանավորվեց: Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց կալանավորելու վերաբերյալ որոշումը: Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց միայն պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 22-ին:

Նոյեմբերի 11-ին 17 ընդդիմադիր կուսակցությունները, ներառյալ ԲՀԿ-ն, համատեղ հանրահավաք էին նախաձեռնել` իրենց բողոքը հայտնելու նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության դեմ: Այդ օրը ձերբակալվեցին հանրահավաքը կազմակերպած մի խումբ անձինք, այդ թվում` նաև Գագիկ Ծառուկյանը` սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու հիմքով: Երկու օր անց` նոյեմբերի 13-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գ. Ծառուկյանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը, և որոշումը ճանաչվեց ոչ իրավաչափ:

Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 25-ին դռնփակ նիստում քննարկեց և որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարան` Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Խորհրդի նիստին ներկա 14 պատգամավորից 10-ը կողմ քվեարկեցին որոշմանը, բոլորն էլ` «Իմ քայլը» խմբակցությունից: Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում պետք է քններ Գ. Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն որոշում չկայացվեց: Դեկտեմբերի 29-ին` դիմումից 34 օր անց, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, մի խումբ անձանց օժանդակությամբ կեղծել է որոշումը, և այդ կեղծված որոշումն է ուղարկվել Սահմանադրական դատարան:

Նոյեմբերի 12-ին ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը դիմեց վարչապետ Ն. Փաշինյանին հայտարարությամբ, որում նշվում էր. «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020 թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը»:

Հետապնդումներ նոյեմբերի 10-ից հետո կազմակերպվող հանրահավաքների կազմակերպիչների նկատմամբ

 Նոյեմբերի 11-ին 17 ընդդիմադիր կուսակցությունները համատեղ հանրահավաք էին նախաձեռնել` իրենց բողոքը հայտնելու նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության դեմ և պահանջելու նրա հրաժարականը: Հանրահավաքը նախաձեռնած անձանց մի մասը, սակայն, ձերբակալվեց, որոնց թվում էին` «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և այլք, ընդհանուր թվով 10 անձ: Հաջորդ օրերին ձերբակալվածները դատարանի որոշումներով ազատ արձակվեցին` ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ ճանաչվելու հիմքով:

Նոյեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվեցին ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը և «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչ Արա Հակոբյանը:

Նոյեմբերի 14-ին զենք, ռազմամթերք կրելու, փոխադրելը կազմակերպելու, իշխանությունը յուրացնելու փորձի և սպանություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվեցին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և դաշնակցական Աշոտ Ավագյանը: Գործի շրջանակներում խուզարկություններ անցկացվեցին Ա. Վանեցյանի հարազատների բնակարանում, ապա նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակում: Ըստ վերջինիս պաշտպանի` հիմնադրամը խուզարկելու թույլտվություն իրավապահ մարմինները չեն ունեցել:

Նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը, և Վանեցյանն ազատ արձակվեց: Հաջորդ օրը ազատ արձակվեց նաև ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` ձերբակալության 72 ժամը լրանալու հիմքով: Դեկտեմբերի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատական ակտը և հաստատեց, որ Աշոտ Մինասյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել:

Նոյեմբերի 18-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ մեղադրանքներ առաջադրվեցին 11 հոգու, այդ թվում` Ա. Վանեցյանին, Գ. Իսագուլյանին, Ա. Բաբայանին և «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին: Նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը նշված անձանց մեղադրանք առաջադրելուց հետո նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացրեց, որոնք դատարանի կողմից մերժվեցին:

Դեկտեմբերի 25-ին Գ.Իսագուլյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց` սուտ մատնության հիմքով, որի հիման վրա նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան, ինչը կրկին մերժվեց:

Այս իրադարձությունների ընթացքում, նոյեմբերի 15-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմեց դատավորներին` կոչ անելով իրենց գործերում առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից: Ռ. Վարդազարյանը հայտարարության մեջ գրել էր, որ «այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: Այս խոսքով հղում էր կատարվում վարչապետ Ն. Փաշինյանի կողմից առաջին անգամ 2019 թ. արված այն մտքին, որ դատավորները «գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում: Դռների տակ վնգստում են` եկեք մեզ տիրություն արեք»:

Դեկտեմբերի 23-ին և 30-ին բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվեցին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և ոստիկանության նախկին սպա Սայաթ Շիրինյանը, ինչպես նաև «Քառյակ մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանը, որոնք սուր քննադատության էին արժանացրել Ն. Փաշինյանին: Երեքն էլ հաջորդող օրերին ազատ արձակվեցին:

Հետապնդումներ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների նկատմամբ

 Պատերազմից հետո հայկական կողմի տարածքային զիջումներով պայմանավորված համընդհանուր դժգոհության մթնոլորտում Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքների ղեկավարներն ու ավագանու անդամները դեռևս դեկտեմբերի 5-ին հանդես էին եկել կոչով` պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը:

Դեկտեմբերի 21-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կոչ էր արել համայնքին թույլ չտալ Ն. Փաշինյանի մուտքը Սյունիք, ինչի պատճառով ձերբակալվեց և տեղափոխվեց Երևան: Հարուցվեց քրեական գործ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու հիմքով: Հաջորդ օրն արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշումն ապօրինի ճանաչեց, և Առուշանյանն ազատ արձակվեց: Դեկտեմբերի 22-ին ձերբակալվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեղադրանքով, սակայն ազատ արձակվեց դեկտեմբերի 25-ին:

Խոշտանգումներ, բռնություններ 

Խոշտանգումներ 

2020 թվականին, նախորդ տարիների նման, ՀՀ-ում գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնությունների դեպքեր: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության տրամադրած տվյալների` 2020 թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով (խոշտանգումը) քննվել է 47 քրեական գործ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով)` 95 քրեական գործ: Հիշյալ հոդվածներով հարուցված քրեական գործերով պաշտոնատար անձի արարքի նկատմամբ սուտ մատնություն կատարելու հանգամանքներով հարուցվել է 3 քրեական գործ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` հարուցված քրեական գործերից 6-ը` 12 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2020 թ. հանձնարարություն է տրվել դատախազության բոլոր ստորաբաժանումներին` խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացված բողոքները և պնդումները ստացվելուց առնվազն 24 ժամվա ընթացքում ուղարկել գլխավոր դատախազություն, որպեսզի ապահովվի քննության օպերատիվությունը: Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին` ՊՈԱԿ-ի տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնաբերվելու, դրանք ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով:

2019 թ. վերջին համացանցում տարածված տեսանյութի հիմքով, որտեղ մի քանի անձ հակագազ են հագցնում մեկ այլ անձի և բռնություն գործադրում վերջինիս նկատմամբ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Նշված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն.Ս.-ին և Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վ. Ն.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ն և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին հագցրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ: Հետագայում գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2020 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ս.Գ.-ի դիմումն այն մասին, որ 2020 թ. հունիսի 1-ին` գիշերը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և նվաստացրել, ինչի մասին ինքը բարձրաձայնել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ: Նշվածի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու համար 2020 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքի հիմքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ: Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները անձնական բնույթի վեճը լուծելու համար հիշյալ անձանց փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ էլ խոշտանգել են:

Իրավիճակը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում՝ COVID-19 կորոնավիրուսային հիվանդության պայմաններում 

ՀՀ Կառավարությունը, հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, 2020 թ. մարտի 16-ին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Հիշյալ որոշմամբ սահմանափակումներ կիրառվեցին նաև առանձին հաստատություններում, մասնավորապես` քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվեցին հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի) և կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը: Հիշյալ որոշմամբ սահմանվեց նաև, որ քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել` զբոսանքները, քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում` կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը, ինչպես նաև այլ գործունեությունը` պարետի ցուցումով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թ. մարտի 15-ին հրապարակեց «COVID-19. պատրաստվածությունը, կանխարգելումը և վերահսկումը բանտերում և ազատազրկման այլ վայրերում» միջանկյալ ուղեցույցը: Ուղեցույցում ԱՀԿ-ն վերահաստատեց այն սկզբունքները, որոնք պետք է հարգել բանտերում և ազատազրկման այլ վայրերում COVID-19-ին հակազդելիս:

2020 թ. ապրիլի 2-ին ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի 5 աշխատակցի մոտ ախտորոշվել էր COVID-19: Ինչպես նշված, այնպես էլ բաժնի մյուս աշխատակիցները` 28 անձ, մեկուսացվեցին, և կատարվեց նմուշառում:

Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի տարածած հաղորդագրության` 2020 թ. օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում իրականացվել է 156 թեստավորում, որից 26-ը` կալանավորված, 130-ը` դատապարտյալների շրջանում, արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք, 2 դեպքում էլ վարակակիրները եղել են կալանավորված անձինք: ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի աշխատակիցների շրջանում իրականացվել է 347 թեստավորում, որից 71-ի մոտ է հայտնաբերվել է COVID-19 վարակ: Առողջացածների թիվը կազմել է 63 անձ, բուժում ստացողներինը` 8:

ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2020 թ. ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում իրականացվել է 313 թեստավորում, որից 12 կալանավորված անձի և 27 դատապարտյալի մոտ հաստատվել է COVID-19 վարակ: ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի աշխատակիցների շրջանում իրականացվել է 666 թեստավորում, որից COVID-19 վարակ հաստատվել է 270 աշխատակցի մոտ:

Աշխատանքային իրավունքները համաճարակի ընթացքում

Նոր կորոնավիրուսային հիվանդության բռնկման հետևանքով մեծ հարված հասցվեց աշխատողներին և նրանց աշխատանքային իրավունքներին: Համաճարակը և դրանով պայմանավորված` ՀՀ Կառավարության կողմից 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը առաջացրեցին մի շարք չկարգավորված խնդիրներ գործատու-աշխատող իրավահարաբերություններում:

Հիմնական խնդիրները 

Համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ գործատուներն ու աշխատողները բախվեցին մի շարք խնդիրների` աշխատանքային պարտականությունները ոչ աշխատանքի վայրում կատարելու համար իրավական կարգավորման բացակայությունը, համաճարակի պատճառով աշխատանքի չներկայանալը հարգելի, անհարգելի կամ հարկադիր պարապուրդ համարելու հարցը, ինչպես նաև նման պայմաններում աշխատանքի չներկայացող աշխատողի` չկատարված աշխատանքի վարձատրության հարցը:

Այս հարցերը չունեին հստակ կարգավորված պատասխաններ: Համաճարակով պայմանավորված` Կառավարությունը կոչ արեց աշխատողներին աշխատել հեռավար եղանակով: Սակայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքի էական պայմանի (այդ թվում` աշխատանքի վայրի) փոփոխումը պայմանավորված է բացառապես արտադրության ծավալների և (կամ) տնտեսական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ: Համաճարակը վերը նշված հիմքերից և որևէ մեկում առկա չէ, հետևաբար` աշխատանքի վայրի փոփոխությունը, աշխատանքի հիմնական վայրից դուրս, չուներ համապատասխան իրավական կարգավորում:

Իրավահարաբերությունների կարգավորված չլինելը թույլ տվեց բազմաթիվ գործատուների օգտվել ստեղծված իրավիճակից և լուծել առաջացած խնդիրները, իհարկե, ոչ հօգուտ աշխատողի` աշխատանքային պայմանագրի լուծման, աշխատավարձի չափի նվազեցման, աշխատողի դիմումի հիման վրա վերջինիս ազատելու կամ չվարձատրվող արձակուրդի ուղարկելու և այլ միջոցներով:

Օրենսդրության փոփոխություններ 

Ապրիլի 29-ին ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվեցին լրացումներ և փոփոխություններ, որոնց էությունը հանգում էր հետևյալին.

  1. համաճարակով պայմանավորված աշխատանքի չներկայանալու հիմքով աշխատողը չի կարող ազատվել աշխատանքից, հետևաբար և այն չի կարող համարվել կարգապահության խախտում, և նշված ժամանակահատվածում գործատուն իրավունք չունի որևէ այլ պատճառաբանությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը,
  2. սահմանվեց հեռավար եղանակով աշխատանքների իրականացման հնարավորություն, որը չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն,
  3. որոշվեց համաճարակների կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում աշխատողների խախտված աշխատանքային իրավունքների նկատմամբ պետական վերահսկողությունը վերապահել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, եթե, իհարկե, առկա է աշխատողի համապատասխան գրավոր դիմումը գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտման վերաբերյալ: Նշված մարմնին մինչև 2021 թ. հուլիսի 1-ը վերապահվել է նաև պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասություն,
  4. տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների` օրենսդրությամբ ժամանակավոր սահմանափակումը, որոնց դեպքում հնարավոր չէ իրականացնել աշխատանքային պարտականությունները, այդ թվում` հեռավար եղանակով, համարվում է անհաղթահարելի ուժ, հետևաբար պարապուրդի համար կարող է չվճարվել: Այսինքն` անհաղթահարելի ուժով պայմանավորված` հարկադիր պարապուրդի համար վճարել կամ չվճարելը օրենսդիրը թողել է գործատուի հայեցողությանը: Սակայն հարկ է նշել, որ նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել մայիսի 5-ից և տարածվում են միայն 2020 թ. մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա.
  5. աշխատանքային կարգապահության խախտում չի համարվում, ի թիվս այլ դեպքերի, համաճարակների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված` աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը: Բացի այդ, խախտում չի համարվում ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը:

Ըստ Աշխատանքային օրենսգրքի` մինչև 2021 թ. հուլիսի 1-ը տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնելու բացառապես աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ: Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում` աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը, դեռևս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից: Դրանից հետո տեսչական մարմինն օրենքով նախատեսված դեպքերում կկարողանա կիրառել պատասխանատվության միջոցներ:

Աշխատողի իրավունքների իրավիճակը 

Թեև աշխատանքային իրավունքներին, դրանց լուսաբանմանն ու իրազեկմանը տարբեր հասարակական սեկտորների կողմից վերջին տարիներին ավելի շատ տեղ էր տրվում, այնուամենայնիվ, առկա վիճակը ցույց տվեց, որ ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ ընդհանուր իրազեկվածությունը շատ ցածր է: Հայաստանում աշխատողն իր իրավունքների մասին տեղեկացված լինելը չի դիտարկում որպես պարտադիր և անհրաժեշտ, սակայն համաճարակով պայմանավորված բախվեց որոշակի խնդիրների` կապված հակաճգնաժամային սոցիալական ծրագրերում չընդգրկվելու հանգամանքի հետ:

ՀՀ Կառավարության կողմից փորձ կատարվեց որոշ չափով մեղմելու համաճարակի տարածման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները, և ընդհանուր առմամբ ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառում: Արտակարգ դրության առաջին ամիսներին բազմաթիվ քաղաքացիներ, համաճարակով պայմանավորված աշխատանքային խնդիրներ ունենալով, անակնկալի էին գալիս` տեսնելով, որ իրենց անունները ընդգրկված չեն կառավարության հակաճգնաժամային միջոցառումների և ոչ մի ցուցակում: Սակայն իրականում խնդիրը ոչ թե ցուցակներն էին, այլ գործատու-աշխատող հարաբերությունները կամ դրանց օրենքով սահմանված կարգով գրանցման (ձևակերպման) բացակայությունը: Հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում քաղաքացիների մի մասն իրազեկվեց, որ չի հանդիսանում գրանցված (ձևակերպված) աշխատող, իսկ մյուս մասն էլ պարզեց, որ աշխատանքային պայմանագրի փոխարեն իրենց հետ կնքված է եղել ծառայության մատուցման պայմանագիր:

Անհրաժեշտ է նշել նաև, որ մինչ օրս առկա չէ իրավասու մարմինների կողմից պաշտոնական որևէ տվյալ կամ վիճակագրություն` համաճարակով պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման, աշխատավարձի նվազեցման, աշխատողին այլ աշխատանքի տեղափոխման, հարկադիր պարապուրդի դիմաց չվճարման և այլ խնդիրների վերաբերյալ:

Արտակարգ դրության ընթացքում ընդունված օրենքներ

Արտակարգ դրության ընթացքում Ազգային ժողովն ընդունեց մի շարք օրենքներ, որոնք արժանացան հանրության քննադատությանը: Օրենքների մեծ մասն ընդունվել է միայն «Իմ քայլը» խմբակցության ձայներով:

Առաջին խնդրահարույց փոփոխություններից էին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված լրացումները, ըստ որոնց` պետությունը կարող է պարտավորեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին արտակարգ դրության ընթացքում տրամադրել հաճախորդների տեղորոշման, նրանց հեռախոսահամարների հետ ուղիղ կամ միջնորդավորված կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ: Նպատակը, ըստ հեղինակների, կորոնավիրուսով վարակված անձանց և նրանց շփումների շրջանակի բացահայտումն ու մեկուսացումն էր:

Նախագիծը սուր քննադատության արժանացավ այն պատճառով, որ կարող է քաղաքական գործիք դառնալ, ինչպես նաև արտահոսքի վտանգի դեպքում տվյալները կարող են հայտնվել արտաքին ուժերի ձեռքին, և արտահոսքի համար օրենքով նախատեսված է չափազանց մեղմ պատասխանատվություն: Մարտի 31-ին նախագիծն ընդունվեց, կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

2020 թ. հունիսին տեղի ունեցավ երկու արտահոսք, որոնցից առաջինի ժամանակ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 132 մարդու անձնական տվյալներ (անուն, ազգանուն, ծննդյան ու մահվան ամսաթվեր, գրանցման հասցեներ և այլն) հրապարակվեցին Ֆեյսբուքում: Երկրորդ արտահոսքի ժամանակ շուրջ 3500 հոգու անձնական տվյալներ հայտնվեցին ադրբեջանցի հաքերների ձեռքին:

Ապրիլի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվեց նոր հանցակազմ` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը` պայմանավորված մի շարք պաշտպանվող հատկանիշներով: Որպես պատիժ սահմանվել է տուգանքը, կալանքը կամ մինչև մեկ տարի ազատազրկումը (մինչև 3 տարի` ծանրացնող հանգամանքների դեպքում): Որպես պաշտպանվող հատկանիշ սահմանվել են ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածում (խտրականության արգելք) թվարկված հատկանիշները` սեռը, ռասան, մաշկի գույնը, էթնիկ կամ սոցիալական ծագումը, գենետիկական հատկանիշները, լեզուն, կրոնը, աշխարհայացքը, քաղաքական կամ այլ հայացքները, ազգային փոքրամասնությանը պատկանելությունը, գույքային վիճակը, ծնունդը, հաշմանդամությունը, տարիքը կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները: Նախագծին դեմ էր քվեարկել միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Նշված հանցակազմը, հիմնավորվելով որպես ատելության խոսքի դեմ պայքարի միջոց, պաշտպանվող հատկանիշների ցանկում չներառեց անձի սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Թեև տեսականորեն դրանք կարող են համարվել ներառված անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշների կազմում, այս մոտեցման արդյունավետությունը խիստ վիճելի է` հաշվի առնելով ՀՀ իրավակիրառ պրակտիկան և նախկինում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերը և դրանց ավարտը: Մյուս կողմից` պաշտպանվող հատկանիշների ոչ ավարտուն ցանկ սահմանելը ինքնին խնդրահարույց է հենց իրավական որոշակիության տեսանկյունից, այնինչ անհրաժեշտ է հանրությանը հստակ հաղորդել, թե մարդկանց ո՛ր խմբերն են գտնվում օրենքի պաշտպանության տակ: Խնդրահարույց էր նաև քաղաքական հայացքները որպես պաշտպանվող հատկանիշ ներառելը: ՀՀ արդարադատության նախարարը դեռևս 2019 թ. օրենքի նախագծի ներկայացման ընթացքում որպես հիմք օրինակ էր բերել որևէ քաղաքական ուժի պատկանելությունը: Ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի` քաղաքական գործիչները իրենց հասցեին հնչող քննադատության նկատմամբ պետք է ցուցաբերեն առավել մեծ հանդուրժողականություն, քան այլ քաղաքացիներ: Ինչ վերաբերում է պետական ծառայողներին, պայմանավորված իրենց գերակա դիրքով, անգամ վիրավորական արտահայտություններից նրանք չպետք է պաշտպանված լինեն քրեական պատիժների միջոցով:

Դեկտեմբեր ամսին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի հիմքով ձերբակալվեցին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ոստիկանության նախկին սպա Սայաթ Շիրինյանը և «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանը` բոլորը Ն. Փաշինյանին ուղղված խոսքի պատճառով: Գ. Իսագուլյանը ասուլիսի ընթացքում ասել էր, որ «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում և մեկ միլիոն դոլար պարգևավճար», իսկ Ս. Շիրինյանը Ֆեյսբուքում հետևյալ մեկնաբանությունն էր կատարել. «Եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»: Միհրան Հակոբյանը, հարցազրույցի ընթացքում խոսելով Ն. Փաշինյանի մասին, բերել էր Նիկոլաե Չաուշեսկուի օրինակը: Երեք դեպքում էլ առհասարակ բացակայում է 226. 2-րդ հոդվածում նշված որևէ պաշտպանվող հատկանիշ, անգամ եթե այն ներկայացվեր որպես քաղաքական հայացքների հիմքով կատարված: Մյուս կողմից` որքան էլ սուր են նման արտահայտությունները, դրանցում բացակայում է որևէ բռնության ուղիղ կոչ:

Արտակարգ դրության ընթացքում` ապրիլի 16-ին, ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Ըստ օրենքի` այն գույքը, ինչպես նաև այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները, որի ձեռքբերումը նախատեսված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով, համարվում է ապօրինի ծագում ունեցող: Անհրաժեշտ չէ, որպեսզի անձը դատապարտված լինի հանցագործության համար, բավարար է որոշակի հանցագործությունների մեղադրյալ ներգրավված լինելը, եթե գույքի ապօրինի ծագման վերաբերյալ առկա են հիմնավոր կասկածներ: Նման դեպքերում, դատախազությունը կարող է հայցադիմում ներկայացնել` ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով գույքը բռնագանձելու համար: Ընդ որում, օրենքն ունի հետադարձ ուժ: Օրինագծին կողմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունները:

2020 թ. հունիսին Ազգային ժողովի կողմից ՀՀ հարկային օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, ըստ որոնց 2021-ից մինչև 2026 թվականը էականորեն բարձրացվելու է քաղաքացիների կողմից վճարվող գույքահարկը: Նախկինում գործող կադաստրային արժեքի փոխարեն հարկման բազա դարձավ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը: Նախագծի ընդդիմախոսները մատնանշում էին, որ հաշվի չեն առնվում այն անձանց շահերը, որոնք, օրինակ` ունեն կամ ժառանգել են բնակարաններ մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում, սակայն չունեն բավարար եկամուտներ, իսկ ՀՀ նախագահը օրենքը որակեց որպես «ժամանակավրեպ»: Նախագծին կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Հուլիսին ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը, որը փոխարինեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին: Բազմաթիվ լրագրողական միություններ և խոսքի ազատության ոլորտում գործող իրավապաշտպան կազմակերպություններ քննադատեցին այն, քանի որ օրենքի հայեցակարգային հիմքերը խնդրահարույց են, և կոչ արեցին այն հանել շրջանառությունից և ուղարկել միջազգային փորձաքննության: Ըստ վերջիններիս` օրինագծով հանրային մուլտիպլեքսով վերգետնյա հեռարձակման համար լիցենզավորման նախատեսված մրցութային կարգը արդյունավետ չէ, ապահովված չեն մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման իրատեսական մեխանիզմներ, ինչպես նաև չեն լուծվում թվայնացումից դուրս մնացած մոտ 10 մարզային հեռուստաընկերությունների խնդիրները: Օրենքի ընդունման հետ կապված մտահոգություններ հայտնեց նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը: Ընդգծելով հանդերձ, որ հարցը Հայաստանի ներքին գործն է, դեսպանատունը միաժամանակ նկատեց, որ այն «ուղղակիորեն կանդրադառնա Հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա»: Նախագծին կողմ քվեարկեցին, կրկին, միայն «Իմ քայլը» խմբակցությունը և նախագծի հեղինակներից Արման Բաբաջանյանը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ  

Նախաբան . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 2

Արցախյան հակամարտության ընթացքում հումանիտար իրավունքի

խախտումներ . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3

Դատական համակարգ . . . .. . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 8

Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներ . . . . . . . . . . . . . . . . . . . . 8

Խոսքի ազատություն . .  . . . . . . . .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 12

Խաղաղ հավաքների ազատություն .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 19

Քաղաքական հետապնդումներ . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 26

Խոշտանգումներ, բռնություններ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 32

Խոշտանգումներ . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 32

Իրավիճակը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում`

COVID-19 կորոնավիրուսային հիվանդության պայմաններում . . . .. . . . . . . . . 33

Աշխատանքային իրավունքները համաճարակի ընթացքում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 35

Արտակարգ դրության ընթացքում ընդունված օրենքներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 37

 

Մարդու իրավունքները Հայաստանում 2020 «Դիտորդի» տարեկան զեկույցի սույն հրապարակումը պատրաստվել է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» և «Սևծովյան տարածաշրջանային համագործակցություն. ԱՄՆ Գերմանական Մարշալ հիմնադրամ» ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա:

Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ ներկայացնեն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» և «Սևծովյան տարածաշրջանային համագործակցություն. ԱՄՆ Գերմանական Մարշալ հիմնադրամ» ծրագրի կամ իրենց գործընկերների կարծիքը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031