Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«300.1 հոդվածից բացի՝ պետք է մեղադրանք առաջադրվեր նաեւ ՔՕ 223 հոդվածով»․ Սեդա Սաֆարյան

Մարտ 31,2021 13:25

«ՍԴ-ն դեռեւս 2019թ․-ից ձեռնամուխ էր այս որոշման հրապարակման համար բոլոր հիմքերը ստեղծելուն։ Որպես փորձագետներ՝ որոշում կայացնողներն օբյեկտիվ չեն եղել եւ շատ ահավոր որոշում են կայացրել, որով սրի մի ծայրով որոշել են Ռոբերտ Քոչարյանին փրկել, իսկ մյուսով ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը որպես նախագահ չէր կարող սահմանադրական նորմերի որոշակիությունն ընկալել եւ իր գործողություններով չվտանգել հանրության անվտանգությունը»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Նա նշեց․ «Իմ կարծիքով՝ այն նորմերը, որոնցով նախատեսված է հոդվածը, այնքան անորոշ չեն, որպեսզի Քոչարյանը չհասկանար իր գործողությունները։ Քրեական գործով Քոչարյանին վերագրված արարքները հանցագործության այլ հատկանիշներ են պարունակում։ Կոնկրետ՝ ՀՀ-ում պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց բնականոն աշխատանքը խաթարվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարությամբ եւ մասնակցությամբ, եւ խմբավորումները եւ խմբերը կազմավորվել են նրա անմիջական ղեկավարությամբ։ Այս տեսանկյունից քրեական գործի մեղադրական եզրակացությունում տեղ գտած ձեւակերպումները, որոնք խոսում են նրա եւ նրա ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի շրջապատի՝ խմբավորումներ կազմելու եւ դրանք կառավարության շենքի մոտ գործի դնելու մասին, փաստում են հանցավոր համագործակցություն կազմելու մասին»։

Սաֆարյանը հիշեցրեց․ «Ասել եմ, որ ՔՕ 223 հոդվածը բավարար չափով հիմնավոր հանցակազմ ապահովող նորմ է, եւ այդ տեսանկյունից տուժող եւ մեղադրող կողմերն ունեն որոշակի տարաձայնություններ։ Ընդունում եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել 2008թ․-ին, առնչվել է սահմանադրական կարգը բռնի տապալելու գործողությունների հետ։ Այո, սահմանադրական կարգը տապալելու նպատակ հետապնդվել է, կատարվել են գործողություններ, որոնք խոսում են սահմանադրության խախտման մասին, բայց ես գտնում եմ, որ նաեւ այս նորմի վերլուծությունը եւ որոշակի դեպքերը եթե դուրս գան այս հանցակազմից, կմտնեն այլ հանցագործության շրջանակ։ Նրանք այլ համակցության մեջ պետք է գնահատվեին, եւ 300.1 հոդվածից բացի՝ պետք է մեղադրանք առաջադրվեր նաեւ ՔՕ 223 հոդվածով։ Մի պարզ հանգամանք ասեմ։ Եթե անգամ 223 հոդվածի հետ կապված տարաձայնություն լինի, ապա պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման փաստը գոնե ակնհայտ է։ Գերագույն գլխավոր հրամանատարի մոտ առկա է ծառայողական կարգի դեմ ուղղված հանցագործության փաստ։ Հանցագործություններն այնքան շատ ու բազմադրվագ են, որ համակարծիք չեմ խոսել դրանց՝ 300․1 հոդվածում ներառվելու մասին»։

Իսկ թե որն է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին միայն 300․1 հոդվածով մեղադրանք առաջադրվեց, Սեդա Սաֆարյանը շեշտեց՝ դեռեւս նախաքննության ավարտին էր բարձրաձայնում այդ մասին, սակայն մտածեց, որ դատախազությունն, այնուամենայնիվ, իր իսկ կազմած մեղադրանքը կպաշտպանի․ «Էլի մտավախություն ունեինք՝ եթե վարույթ իրականացնող մարմինը՝ դատախազությունը, մեր հետ համակարծիք չէր, չունեցանք միջնորդել, որպեսզի այսօր դա էլ չշահարկվեր։ Մեզ հիմա մեղադրում են, թե ինչու նախաքննության ավարտին չենք միջնորդել մեղադրանքը լրացնել։ Ասենք թե՝ չենք արել, եւ դատախազությունը տեսել է, որ արարքի նկարագիրը չի համապատասխանում արարքի որակմանը, ինչո՞ւ դատարանը նախապատրաստական փուլում գործը չվերադարձրեց մեղադրողին»։

Սեդա Սաֆարյանը հավելեց, որ «Մարտի 1»-ի գործով տուժողներն անպայման առաջիկայում դիմելու են ՄԻԵԴ։

Հիշեցնենք՝ օրերս ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւս՝ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանին, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031