Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախադեպը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ հիմնական տուժողը՝ հայկական կողմը՝ ինքն է հաշտվում այս իրավիճակի հետ. Տարոն Սիմոնյան

Մարտ 31,2021 12:52

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանաթուրքական կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները (ագրեսիա, պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ էթնիկ զտումներ, խոշտանգումներ, վարձկանների օգտագործում, ահաբեկչություն և այլն) տարածաշրջանում և ընդհանրապես՝ միջազգային հարթակում ստեղծել են լրիվ նոր իրավիճակ։

Մի կողմից խնդրով հետաքրքրված գրեթե բոլոր պետություններն ու միջազգային կազմակերպություններն ընդունում են, որ Ադրբեջանը կատարել և կատարում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, մյուս կողմից վերջինիս նկատմամբ ոչ մի հետևանք չեն առաջացնում։ Ավելին, խոսում են «մոռանալու, հաշտվելու և տարածաշրջանում նոր բարեկամական կյանք սկսելու» մասին։

Սա վտանգավոր նախադեպ է, քանի որ ուղղակիորեն հակասում է միջազգային իրավակարգի էությանն ու անգամ՝ դրա գոյությանը։
Միջազգային իրավունքում գոյություն ունի ex injuria jus non oritur սկզբունքը, համաձայն որի անօրինական գործողություններն իրավունք չեն ստեղծում։

Հետևաբար, եթե Արցախյան խնդրի լուծմանը ներգրավված կամ դրա լուծմամբ շահագրգռված պետություններն ու կազմակերպությունները փաստում են, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների արդյունքում, ապա չպետք է ընդունեն այն որպես իրավաչափ, օրինական կամ այլ կերպ ընդունելի։

Նախադեպը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ հիմնական տուժողը՝ հայկական կողմը՝ ինքն է հաշտվում այս իրավիճակի հետ՝ սահմանների որոշակիացման, ճանապարհների բացման և համատեղ օգտագործման, իրավաչափ պահանջներից հրաժարման և այլ գործողություններով։

Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո՝ ամեն օր, հայկական երկու պետությունները պետք է ամբողջ աշխարհին ներկայացնեն ադրբեջանաթուրքական հանցագործությունները՝ որպես սպառնալիք միջազգային անվտանգությանը, քանի որ այս «լուռ համաձայնության վտանգավոր նախադեպը», որ այսօր զարգացվում է, ի վիճակի է քանդելու առանց այն էլ փխրուն միջազգային ամբողջ իրավակարգը։

Սա չանելը կամ գործողություններով այլ կերպ այս նախադեպին նպաստելը հավասարազոր է համաձայնելու և արդարացնելու ադրբեջանաթուրքական կողմի ագրեսիան, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031