Լրահոս
Օրվա լրահոսը

Երբևէ Արցախն այսքան թույլ վիճակում չի գտնվել ու այսքան նվազ սուբյեկտայնություն չի ունեցել. Աշոտ Ղուլյան

Մարտ 31,2021 12:43

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը

Վեց ամիս առաջ սկսված և 44 օր տևած աղետաբեր պատերազմն այնքան ու այնպես է խառնել մեր մտքերն ու հոգիները, որ թվում է, թե որևէ այլ թեմայի շուրջ խոսելն անիմաստ է: Մինչդեռ, ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրերին տեղի ունեցած ընտրությունները մեծապես կանխորոշեցին Արցախի ապագան. մենք ունեցանք բաժան-բաժան արած հանրություն (ՀՀ օրինակով), աննախադեպ պոպուլիզմով համեմված նախընտրական շրջան (դժվար չէ գտնել նմանությունը) և անհասկանալի հետընտրական դասավորություն (այստեղ արդեն Արցախը «մաստեր-կլաս» ցույց տվեց՝ իշխանության ու «ծայրահեղ ընդդիմության» կոալիցիա ձևավորելով):

Ժամանակագրական մանրամասներն արդեն հետաքրքիր էլ չեն. որ նախընտրական արշավի կեսից համավարակը խախտել էր նախատեսված հանդիպումների գրաֆիկները, որ հինգ ինքնուրույն (քաղաքական ուժ ներկայացնող) թեկնածուների փոխարեն նախագահական ընտրապայքարի մեջ ներգրավվել էին 14 թեկնածուներ, որ ֆավորիտ համարվող քաղաքական ուժն ու թեկնածուն նախընտրական հանդիպումների կարիք չունեին (նրանց արշավը սկսվել էր 2019թ. հունվարին և 2020թ. հունվարին ամեն ինչ ավարտված էր նրանց համար) և այս շարքը կարելի է դեռ շարունակել:

Ի՞նչ կարելի է քաղել կամ սինթեզել այս մանրամասներից: Դատելով ընտրությունների արդյունքներից և հետագա զարգացումներից՝ առանց դժվարությունների կարելի է դասավորել այն գլխավոր եզրակացությունները, որոնց թվարկումն արդեն իրավիճակի տխուր լինելու ակնհայտ ցուցիչներ են.

ա) 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրություններով առաջին անգամ Արցախում դրվեցին քաղաքագիտական դասական կանոններն անտեսելու միջոցով քաղաքական դաշտը քանդելու և հանրային համերաշխությունը խաթարելու բացահայտ դրսևորումներ

բ) Երկու տարվա դիմադրությունից հետո, նույն 2020թ. մարտի 31-ի ընտրություններով, ՀՀ իշխող վերնախավին հաջողվեց Արցախում իշխանության բերել քաղաքական այն խմբերին, որոնք կոչված էին «թավշյա հեղափոխության» ամբողջ պերճանքն իրականացնել նաև երկրորդ հայկական հանրապետությունում

գ) Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու նրա հավաքած ահաբեկչական միավորման սանձազերծած պատերազմը դիմավորեցինք թուլացած ազգային իմունիտետով, պառակտված և, մեծ հաշվով, հենց այդ ուղեգծի պատճառով հայտնվեցինք համազգային ֆիասկոյի վիճակում:

Արցախի ուժը բոլոր ժամանակներում նրա ինքնուրույնությունն է եղել: Երբևէ Արցախն այսքան թույլ վիճակում չի գտնվել ու այսքան նվազ սուբյեկտայնություն չի ունեցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031