Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գևորգ Գյոզալյան. «Այո՛, պետք է կարճվի, սա էն դեպքը չի, որ անպայման պիտի դատենք». «Հայկական ժամանակ»

Մարտ 31,2021 11:52

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Քրեական օրենսգրքի» 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ կայացված որոշման պատճառաբանական մասը:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանել է որոշումը, խոսել նաեւ 300.1 հոդվածի եւ դրանով մեղադրվողների հետագա ճակատագրի մասին:

– Պարոն Գյոզալյան, հիմա կան անձինք, ովքեր մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու կոչերի մեջ, ինչպես օրինակ, Վազգեն Մանուկյանը: Ի՞նչ է լինելու այդ մեղադրանքների հետ: Նկատի ունեմ՝ եթե չգիտենք սահմանադրական կարգն ինչ է, ի՞նչ ասել է՝ դրա տապալման կոչեր անել:

– Համեմատությունը միանշանակ չէ, որովհետեւ կարծես թե դա այն կոչերն են, երբ անձը կարող է ասել. եկե՛ք, օրինակ, վերացնենք այս կառավարության այսինչ անդամին, վերցնենք իշխանությունը: Ակնհայտ է, որ սա որոշակիության խնդիր չունի: Պարզ է, որ Սահմանադրությամբ նախատեսված է ընտրությունների միջոցով իշխանությունը ձեւավորելու կարգ եւ գտնվում է ինչ-որ մի քաղաքական գործիչ եւ ասում է՝ ինչ ընտրություններ, եկեք վերացնենք Կառավարության էս անդամին եւ իշխանությունը վերցնենք: Սա ակնհայտ սահմանադրական կարգը տապալելու կոչ է: Ես չեմ ուզում խորանալ կոնկրետ գործերի մեջ, հասկանալ, թե այդտեղ ինչ փաստեր են ներկայացված, ես սրանով ուզում եմ ընդգծել, որ մեծ հաշվով իրար հետ այդքան էլ կապված չեն:

– ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը ՍԴ որոշման հետ կապված հատուկ կարծիք է գրել՝ շուրջ 40 էջ, գրեթե այնքան, որքան ՍԴ որոշումն է: Կպարզաբանե՞ք, որն է այդ կարծիքի էությունը:

– Ակնհայտորեն Խունդկարյանը ընդամենը ընթացակարգային հարց է բարձրացրել: Այսինքն` մեծ հաշվով եզրափակիչ մասի հետ համաձայն է, պատճառաբանությունների մեջ ուղղակի ուզեցել է ասել, որ եթե դատավոր Դավիթ Գրիգորյանը 300.1 հոդվածի մեջ սահմանադրականության խնդիր է տեսել, դիմել է Սահմանադրական դատարան, այնուհետեւ Աննա Դանիբեկյանին է այդ գործը (Մարտի 1-ի-խմբ.) մակագրվել, ինչպես է Դանիբեկյանն այդ գործը քննում: Իմ տպավորությամբ ուզում է ասել, որ այստեղ ընթացակարգային խնդիր կա, պետք է պարզվի՝ եթե, օրինակ, երկրորդ դատավորը խնդիր չի տեսնում, արդյոք մենք պե՞տք է այդ գործը շարունակենք քննել, կամ եթե քննում ենք, պե՞տք է գնահատական տանք դրան, որովհետեւ ըստ էության դատարանը նույնն է, որի մի դատավորը խնդիր է տեսել, մյուսը՝ ոչ: Ասում է՝ եթե կտրվենք այս երկու դատավորներից, խոսքը գնում է նույն դատարանի մասին: Հակիրճ՝ հիմնական բարձրացված խնդիրը դա է:

– Ձեր համար ընդունելի է՞ այս կարծիքը:

– Հասկանալի է, բայց ընդունելի չէ: Ինչ-որ կարծիք է, իրավունքի զարգացման խնդիր չկա այդ կարծիքի մեջ: Չկա պնդում՝ ինչու է ինքը դեմ, չկա պնդում, ինչու է կողմ, ընթացակարգային հարցեր է բարձրացրել պարոն Խունդկարյանը, որը ողջունելի է, ամեն դեպքում մարդը 40 էջ գրել է:

– Պարոն Գյոզալյան, ըստ ձեզ ՍԴ որոշումից հետո 300.1 հոդվածով Քոչարյանի նկատմամբ հարուցված քրգործը պետք է կարճվի՞, վերաորակման խնդիր կա՞:

– Այո՛, պետք է կարճվի, էլ ի՞նչը վերաորակվի: Եթե մարդուն ասում են՝ սահմանադրական կարգ ես տապալել, եւ էդ հոդվածը որոշակիության առումով հակասահմանադրական է ճանաչվել, էդ մասով առնվազն գործի վարույթը պետք է կարճվի, ի՞նչը վերաորակեն:
Մարդուն օրինակ, դատում են կողոպուտի համար, հետո այդ կողոպուտ հոդվածը հակասահմանադրական են ճանաչում, դու չես կարող դա վերաորակես գողություն: Սա հո էն դեպքը չի, որ անպայման պիտի դատենք: Եթե չկա՝ չկա, այնպես չի, որ մի հատ ուրիշ հոդված պետք է պեղենք, գտնենք, դրան համապատասխանեցնենք, սա նոնսենս է ինձ համար՝ անկախ անձերից:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031