Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ազատել է Շենգավիթի համար 133 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարին: Ժաննա Մանուկյանը վստահեցնում է՝ իրեն անհիմն են ազատել:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ իր որոշումն արդեն կայացրել է, եւ մանկապարտեզի աշխատակիցներից մեկին հանձնարարվել է ժամանակավոր պատասխանատվություն ստանձնել՝ մինչեւ տնօրենի նոր պաշտոնակատար նշանակվի: Մկրտչյանը եւս մեկ անգամ հիշեցրեց իր գրառումն ու մանրամասնեց՝ 12 երեխաների թվում եղել են նաեւ այնպիսիք, որ անգամ նախարարի հրամանին չեն համապատասխանել. ընդունված երեխաներից 2-ի դեպքում էլ առաջնահերթության կարգով ընդունելը մինչ այդ մերժված է եղել:
«Թեպետ հիմա հղում են տալիս առողջապահության նախարարի հրամանին, բայց դա արդարացում չէ: Մենք այս մարդկանց չենք ասում, որ նախարարի հրամանը գերակա չէ, եթե անգամ նախարարի հրամանով է ընտրություն կատարվել, ապա դա եւս չի համապատասխանում ճիշտ չափանիշներին: Ցուցակում եղած 16, 50, 47 եւ այլ համարներից կամայական ընտրած երեխեք են, մինչդեռ իրենցից առաջ կան սաներ, որոնց դեպքում եւս երկու ծնողները աշխատում են: Ինչո՞ւ նրանք չեն ընտրվել, այլ շրջանցվել են տասնյակ համարներ»,- հարցադրում արեց Մկրտչյանը:
Վարչական շրջանի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե պարզե՞լ են արդյոք՝ գուցե ծանոթ բարեկամական սկզբունքով է մանկապարտեզում 12 սաների ընտրությունը կատարվել: Վերջինս նշեց, որ նման փաստեր չունեն: «Չգիտեմ՝ նրանք տնօրենի կամ այլ աշխատակիցների հետ կապ ունեն, թե ոչ, բայց ուզում եմ այլ փաստի էլ ուշադրություն դարձնեք՝ մանկապարտեզի աշխատակիցներից երկուսն էլ երեխաներին իրենց հետ տանում են մանկապարտեզ: Այդ երեխաները փաստացի հաճախում են մանկապարտեզ, բայց գրանցված չեն, դա եւս ֆիքսվել է: Էլ չեմ ասում, թե այդ ամենի հետեւանքով ինչ խնդիրներ կարող են առաջանալ»,- ասաց Ռազմիկ Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Վարչական շրջանի ղեկավարը փաստեց՝ տնօրենի պաշտոնակատարին ազատել է աշխատանքից, քանի որ գտնում է, որ նա իր գործին չի տիրապետում ու չի կարողանում նորմալ աշխատել: «Ամեն դեպքում, շուտով մրցույթ էլ կհայտարարվի, եթե ցանկանում է, կարող է մասնակցել, ընտրություն կլինի»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, որ Մանուկյանն ունի երեք անչափահաս երեխա, ամուսինն էլ համարվում է անհետ կորած՝ Մկրտչյանն ասաց. «Շահարկումը, թե ամուսինն անհետ կորած է եւ այլն, ուղղակի ցավալի երեւույթ է, որին մենք այսօր բախվեցինք»:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: