Լրահոս
Օրվա լրահոսը

Կան շատ էական հանգամանքներ, որոնք եթե իրականում գոյություն ունեն, ապա «Սանիթեք»-ի շանսերը էականորեն կքչանան այս գործով հաջողության հասնելու հարցում». «Ժամանակ»

Մարտ 31,2021 11:13

Ներդրումային վեճերի մասնագետ Արա Պապյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Սանիթեք» ընկերության հայցադիմումին՝ նկատեց, որ «Սանիթեք» ընկերության շանսերը շատ խիստ կախված են 2019 թվականին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցված քրեական գործից. «2019-ի հոկտեմբեր ամսին հարուցվեց այդ գործը, բայց միայն այդ հաղորդագրությունից ու գործը Քննչական կոմիտեի վարույթ փոխանցելուց բացի այլ տեղեկություն չհաղորդվեց։ Բայց այդ գործում կան շատ էական հանգամանքներ, որոնք եթե իրականում գոյություն ունեն, ապա, կարելի է ասել, «Սանիթեք» ընկերության շանսերը էականորեն կքչանան այս գործով հաջողության հասնելու հարցում»,- ասաց Պապյանը։

Ինչ վերաբերում է 25 միլիոն դոլարին, ապա մասնագետի խոսքով՝ հայց ներկայացնողն է որոշում գումարի չափը, բայց արբիտրաժային դատարանը պարտադիր այդ նույն չափով չի հաստատում։ Գործում են տարբեր կրիտերիաներ։ Պետք է դատարանին ապացուցել, որ իրականում իր իրավունքների խախտում եղել է, որքանով է ինքը նպաստել, որպեսզի տեղի ունենա այն, ինչ եղել է ներդրողի հանդեպ։ Արդյոք իրականում բաղթողումներ թո՞ւյլ են տրվել, թե՞ ոչ. «Հետևաբար, կրկնում եմ, դատախազության կողմից հարուցված գործը այդ հարցում շատ էական է։ «Սանիթեք» ընկերության շանսերը էականորեն կքչանան, եթե քրեական գործում առկա փաստական հանգամանքները հաստատվեն։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ այս դեպքում ընթացակարգային ինչ-որ բացեր կան, որոնք կային, օրինակ, «Լիդիանի» գործում։ Հնարավորություն կա դիմելու արբիտրաժային դատարան, բայց հաղթանակը խիստ անկանխատեսելի է»։

Զրուցակցի խոսքով՝ բոլոր երկրները ունեն արբիտրաժային վեճեր, և այնպես չէ, որ դա ուղղակիորեն ազդում է երկրի ներդրումային գրավչության վրա։ «Երկրներ կան, որ բազմաթիվ՝ տասնյակներով ներդրումային վեճեր ունեն միջազգային դատարանում։ Ներդրողը իրավունք ունի հարցեր բողոքարկելու միջազգային տրիբունալի առաջ, բայց պարտադիր չէ, որ ներդրողը հաջողության հասնի, կամ դրանով էական վնաս հասցվի Հայաստանի ներդրումային գրավչությանը։ Ճիշտ է, խիստ անցանկալի է, որ նման վեճեր լինեն, բայց նաև դրանք անխուսափելի են։ Այդ վեճերը կարող են մեծ վնաս հասցնել երկրի ներդրումային գրավչությանը, եթե, օրինակ, Հայաստանը պարտվի և խոշոր փոխհատուցում վճարի։ Իսկ Հայաստանի կողմից նման փոխհատուցում չվճարելը էական բացասական ազդեցություն կարող է ունենալ ներդրումային գրավչության վրա»,- ասաց Պապյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար ու «Սանիթեք»-ի իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով քաղաքը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել, հարուցվել էր քրեական գործ, այն ուղարկվել էր Քննչական կոմիտե։ Դատախազությունն ուսումնասիրել էր միայն քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթերը՝ «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL» ընկերության հետ կնքված պայմանագրերը, դրանց կատարման ընթացքն ու եզրահանգել՝ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ: Ընդհանուր առմամբ՝ խոսքը 2013 և 2015 թվականներին «Սանիթեք»-ի՝ պայմանագրով պարտավորված ծառայությունների, վճարումների ոչ պատշաճ կատարման, պահանջվող քանակի ու որակի աղբամաններ չտեղադրելուն է վերաբերում:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031