Թուրքիայի իշխանությունները պետք է անկողմնակալ և ապաքաղաքական հետաքննություն անցկացնեն լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով և ապահովեն, որ դրա կազմակերպման և իրականացման մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Մարտի 26-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանն արդարացրեց Դինքի գործով անցնող 77 մեղադրյալներից 37-ին, և մեղավոր ճանաչեց 26-ին: Նրանցից չորսը դատապարտվեցին ցմահ ազատազրկման, այդ թվում ՝ երկուսն առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության:
Դինքի ընտանիքը պատրաստվում է բողոքարկել վճիռը՝ պնդելով, որ իրենք չեն հավատում, որ դատարանը բացահայտել է նրա սպանության հիմքում ընկած ողջ դավադրությունը:
«Թուրք լրագրող Հրանտ Դինքի սպանության քննությունը գոհացուցիչ չէ, ինչպես որ ասում են Դինքի ընտանիքի անդամները և նրա փաստաբանները,- ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը:- Թուրքիայի իշխանությունները պետք է թույլատրեն անկողմնակալ, համապարփակ քննություն դավադրության մեջ ներգրավված կամ կասկածվող յուրաքանչյուրի նկատմամբ և ոչ մի մութ տեղ չթողնեն: Ընտանիքի հայցը պետք է իշխանությունների համար նոր հնարավորություն լինի՝ այս գործին վերաբերվելու արժանի լրջությամբ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ