Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը 2009 թվականին ընդունված ՀՀ Քրօր․ 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող ճանաչեց, ինչը ենթադրում էր, որ դատարանը պետք է կարճեր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Համենայնդեպս, այդպես են պնդում մեծ թվով իրավաբաններ եւ մեղադրյալների պաշտպանական թիմերը՝ համարելով, որ 300.1 հոդված այլեւս գոյություն չունի, ուստի այդ հոդվածով քրեական գործով դատական նիստ եւս չի կարող լինել։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը նախեւառաջ նկատեց, որ ՍԴ-ի կայացրած որոշումն այնքան միանշանակ էր, ինչպիսին հաճախ չի պատահում։ «Եթե նայեք ՍԴ որոշումները, ի սկզբանե, դեռեւս նախորդ ժամանակաշրջանում էնտեղ շատ հաճախ հղում էր արվում, որ այս հոդվածը այս մեկնաբանության շրջանակներում ճանաչել հակասահմանադրական։ Այսինքն՝ հնարավոր է մտածել այլ մեկնաբանություն, որով սահմանադրական կարող է ճանաչվել։ Բայց տվյալ մեկնաբանությամբ էստեղ նման դեպքի հետ մենք չենք առնչվել»,- ասաց Գագիկ Ղազինյանը։
Հիշեցինք, որ նման ենթատեքստերով որոշումներ բարձր դատարանը կայացնում էր հատկապես Գագիկ Հարությունյանի ժամանակ, երբ դրանք տարբեր մեկնաբանությունների տեղիք էին տալիս։ Ղազինյանը նկատեց․ «Այո, բայց դա ոչ թե որպես բացասական երեւույթ, այլ այնքան նուրբ էին մոտենում հարցին, որ հանկարծ չլինի էնպես, որ, գիտե՞ք, դուք սա ճանաչել եք հակասահմանադրական, բայց այլ մեկնաբանությամբ, եթե կիրառվեր, կարող էր չճանաչվել։ Դրանք բացառելու նպատակով էին արվում այդ հետեւությունները։ Այսինքն՝ շատ խորքային էր մոտեցումը»։ Գուցե հիմա բա՞ն է փոխվել Սահմանադրական դատարանում, քանզի նախկին 70-80 էջանոց որոշումներից շատերը բան չէին հասկանում։ «Եկեք դեպքերն անձերի հետ չկապենք, ուղղակի սա այն դեպքն է, որ լիներ նույնիսկ Գագիկ Հարությունյանը կամ այլ դատավոր, այլ որոշում չէր կարող լինել, եթե, իհարկե իրեն եւ ուրիշները համարում են իրավաբան, եւ ինքը չի դավաճանում իր մասնագիտությանը։
Դրա համար էստեղ արդեն ուզենային էլ, չէին կարող։ Ուրիշ բան, եթե փորձեին, ինչպես միշտ, շատ կներեք բառի համար, բռնաբարել իրավաբանությունը, միգուցե»,- ասաց պարոն Ղազինյանը։ Իսկ ի՞նչ է լինելու հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածի հետ, Քրեական օրենսգրքում փոփոխությո՞ւն է կատարվելու, այն հանվելո՞ւ է օրենսգրքից, թե՞ դիսպոզիցիան է փոխվելու։ Ղազինյանի կարծիքով՝ փոփոխություն կկատարվի, թե ոչ՝ այդ հոդվածը գոյություն չունի։
Կարդացեք նաև
Նա նաեւ ուշադրություն դարձրեց իրավական որոշակիության խնդրին, որի շրջանակներում Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող է ճանաչվել 300.1 հոդվածը, հետադարձ ուժի խնդրին, երբ ՍԴ-ի այս որոշումն ունի հետադարձ ուժ, ինչից, ըստ էության, բխում է, որ 2009-ին ընդունված 300.1 հոդվածն ի սկզբանե առոչինչ է եւ չի կարող տարածվել 2008-ին տեղի ունեցած իրադարձությունների, թույլ տրված արարքների վրա։ «Եթե արարքը կատարվել է 2008-ին, ապա 2009-ին չի կարող այն հանցակազմի տեսք ունենալ եւ մտնել օրենսգիրք, եւ դրանով 2008-ին կատարված արարքը որակվել չի կարող, քանի որ Քրեական օրենսգրքում գործում է մեկ սկզբունքային նորմ՝ արարքը համարվում է հանցագործություն, եթե այն նախատեսված է Քրեական օրենսգրքով։ Այսինքն, եթե 2009-ին է հոդվածը մտել օրենսգիրք, այն չի կարող տարածվել 2008-ին եւ դրանից առաջ թույլ տրված արարքների վրա»,- ասաց Գագիկ Ղազինյանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: