Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի 32-ամյա բնակիչ Արթուր Իվանովը մարտի 29-ին ականի պայթյունից ՝ դեմքի շրջանում, զույգ դաստակների վրա ստացել է բեկորային վնասվածքներ։ Ինչպես Aravot.am-ին պատմեց գյուղացիներից մեկը, Արթուրը գյուղի հովիվն էր ու սահմանի մոտ անասուններին էր արածեցնում։ Ըստ խոսակցությունների, Արթուրը նկատել էր տեղադրված ականը, բայց չկարողացավ խուսափել պայթյունից, քանի որ կովերից մեկը պայթեց ականի վրա, ու բեկորներից հովիվը վնասվածքներ ստացավ։
Մեր զրուցակցի խոսքով, Դավիթ Բեկի գյուղի տարբեր հատվածներ ականապատված են, որոնք սեպտեմբերյան պատերազմի ավարտից հետո չեն ականազերծվել։
Պայթյունից հետո յուրաքանչյուր դավիթբեեկցի անհանգիստ է։ Սա առաջին դեպքն է, բայց չի բացառվում, որ նման պատահարներ հաճախ լինեն, քանի որ սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները. ինչպե՞ս են խոտ բերելու դաշտից, որտե՞ղ են արածացնելու անասուններին։
Գյուղացիները դիմել են պատկան մարմիններին։ Պատասխանը մեկն էր՝ ականազերծումը մեծ ծրագիր է, այս տարի չեն կարող։
Կարդացեք նաև
Դեռեւս հունվարին, երբ Aravot.am-ը գործուղման էր Դավիթ Բեկ, գյուղացիները կառավարությանը հիշեցրեցին, որ գարունը մոտենում է՝ խնդրելով ականազերծել գյուղի սահմանամերձ տարածքները։
Հիմա նորից նրանք դիմում են երկրի իշխանություններին՝ ինչքան էլ միջոցները սուղ լինեն, գտնեն հատկացումներ ականազերծման համար։ Ի դեպ, գյուղացիներին խոստացել էին, հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով տեղադրել փշալարեր, որպեսզի անասունները չանցնեն ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածք, բայց մինչեւ օրս ոչինչ չի արվել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ