Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյան. «Չի ասվել, որ բոլոր շենքերը կվաճառվեն, այլ նրանք միայն, որոնք նպատակահարմար չեն լինի գործել որպես բուհ կամ բուհի ինչ-որ մաս». «Հայկական ժամանակ»

Մարտ 31,2021 09:30

Երեւանից դուրս ակադեմիական քաղաք ունենալու գաղափարի մասին լուրը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց: Շատերին մտահոգեց, իսկ ոմանց էլ շահարկումների առիթ տվեց վարչապետի այն հայտարարությունը, թե Երեւանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը:

Այսօր հիմնական քննարկումների առանցքային կետը դարձել են այն հարցերը, թե ո՞րն է ակադեմիական քաղաք ունենալու նպատակը, 21-րդ դարի չափանիշներին չհամապատասխանող բուհերի տեղափոխումը ինչպե՞ս կարող է ազդել կրթության բովանդակության վրա, ո՞ւմ պետք է վաճառվեն այդ շենքերը եւ ո՞ր բուհերն են կանգնած տեղափոխման հարցի առաջ: Այս եւ մյուս հարցերի վերաբերյալ խոսել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ.

– Վարչապետի՝ բուհերը վաճառելու եւ դրանց գումարով նոր ակադեմիական քաղաք կառուցելու հայտարարությունը բազմաթիվ շահարկումների պատճառ դարձավ. շատերն ասում են, որ այն բիզնես նպատակ ունի, ի՞նչ կասեք այդ մասին:

– Վարչապետի ասածը շատ պարզ, անկեղծ միտք է եղել, գաղափարը բիզնես նպատակ չի հետապնդում. նման հարց բացարձակապես չի քննարկվել, չի քննարկվում ու կարծում եմ՝ չի քննարկվի: Շահարկումներն իհարկե լրիվ անհիմն են:

Բացի դրանից՝ ակադեմիական քաղաք հասկացությունը նոր հայտնագործություն չէ. նման բաներ աշխարհում կան. օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, եվրոպական եւ արեւմտյան զարգացած երկրներում բազմաթիվ առաջատար համալսարաններ այլեւս նման պայմաններ ստեղծել են իրենց համար:

Եվ ես կարծում եմ՝ անընդհատ սեւեռվել այդ բուհերի վաճառքի մտքի վրա, ճիշտ չէ: Հավանաբար մարդկանց մոտ այդ միտքը առաջացել է՝ ունենալով անցյալի դառը փորձը. ինչպես, օրինակ, վաճառվեց ԵՊՀ հյուրերի տունը, որին, ի դեպ, ես անձնապես դեմ եմ եղել եւ գիտական խորհրդում արտահայտվել եմ իմ կարծիքը: Երբ դա վաճառվեց, պատճառաբանվեց, որ իբրեւ թե ԵՊՀ-ն հնարավորություն չունի դա վերանորոգելու, այնինչ վերանորոգման հնարավորություն չունեցող բուհը տարեկան մոտ 120 միլիոն դրամ տալիս էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Ուրեմն Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 120 միլիոն տալու հնարավորություն ունեին, իսկ այդ հրաշալի կառույցը, որը շատ կարևոր էր ԵՊՀ-ի համար, վերանորոգելու հնարավորություն չունեի՞ն: Հյուրերի տունը մասնավորին տրվեց ինչ-որ անհասկանալի ձեւով, առանց քննարկման: Այ դա բիզնես վաճառք էր: Եթե դա նկատի ունեն ընդդիմախոսները, պետք է միանշանակ ասել, որ նման վտանգ որեւիցե մի բուհ չունի այսօր. չի կարող նման մոտեցում լինել եւ չի լինի:

Քննադատողներից շատերը հայտարարում են, որ բուհերի մի մասը պատմամշակութային օբյեկտներ են եւ անթույլատրելի է դրանց վաճառքը: Առանձնացնում են, օրինակ, ԵՊՀ-ն, բժշկական եւ պոլիտեխնիկական համալսարանները: Այս բուհերի տեղափոխությունը ե՞ւս չի բացառվում:

– Այս պահին չկա որեւիցե կոնկրետ բուհի տեղափոխման ծրագիր. վարչապետը հստակ ասաց, որ այդպիսի գաղափար կա: Գործող իշխանությունը նույն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով ԵՊՀ-ին տվեց հատուկ կարգավիճակ: Եվ որեւիցե մեկը չի պատրաստվում վաճառքի կամ աճուրդի հանել ԵՊՀ-ի շենքը: Չի ասվել, որ բոլոր շենքերը կվաճառվեն, այլ նրանք միայն, որոնք նպատակահարմար չեն լինի գործել որպես բուհ կամ բուհի ինչ-որ մաս: Հավանաբար այդ շենքերն է նկատի ունեցել վարչապետը: Մի բան հստակ է. բուհին որեւիցե մեկը դրսում չի թողնի: Կրկնում եմ ՝ ԵՊՀ հյուրերի տան դեպքը չի լինելու: Ես ուղղակի կարծում եմ, որ չպետք է լավի մեջ վատը փնտրել: Բնականաբար մշակութային արժեքները որեւիցե մեկը չի վաճառի, բայց պետք է նախ հասկանալ՝ ինչն է մշակութային արժեք ու ինչը չէ:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031