Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակցել, բայց ե՞րբ եւ ինչպիսի՞ դիրքերից

Մարտ 31,2021 10:00

Միանգամից ասեմ, որ երկու ձեռքով կողմ եմ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելուն. «դարավոր ոսոխի» մասին կարծրատիպային պատկերացումներն, իմ կարծիքով, որեւէ ձեւով չեն նպաստում մեր պետական եւ ազգային խնդիրների լուծմանը:

Դրոշ այրելը, ինչպես բազմիցս գրել եմ, թուլության, անզորության նշան է: «Հայդատականությունն» ինձ համար ընդունելի է որպես անհատական կամ համայնքային հոգեբանություն, բայց՝ ոչ որպես պետական հայեցակարգ:

Բնականաբար, խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը բանակցություններն ու փոխզիջումներն են: Բայց խնդիրն այն է, թե երբ, ինչպես եւ ինչպիսի դիրքերից ենք մենք բանակցում հարեւանների հետ:

Բանակցել կարելի է, երբ ուժերը մոտավորապես հավասար են, փոխզիջման կարելի է կարելի է գնալ այն դեպքում, երբ դու գիտակցված, քո կամքով ինչ-որ բան ես զիջում՝ ինչ-որ բան ստանալու դիմաց: Հիմա, երբ ասվում է, թե բանակցված լուծումը նույնն է, ինչ այն լուծումը, որին դու ստիպված ես գնալ պատերազմում պարտվելու արդյունքում, դա կա՛մ մտավոր տկարության դրսեւորում է, կա՛մ էլ այն, ինչ մոդայիկ տերմինով կոչվում է «մանիպուլյացիա», իսկ կենցաղային լեզվով անվանում են «ֆռիկներ»: Երբ դու ծեծված-ջարդված ես, դու ոչ մի փոխզիջման չես գնում՝ հաղթողները քո վզին են փաթաթում այն, ինչ իրե՛նք են ցանկանում:

Ճապոնիան եւ Գերմանիան պարտվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում, բայց 1945 թվականին այդ երկրների ղեկավարները չէին ասում՝ «այ, հիմա մենք բարեկամություն ենք անելու Խորհրդային միության հետ՝ այլեւս ոչ մի խոչընդոտ մեր համագործակցության համար չկա»: Սակայն այդ երկու պետությունները մոտ 2-3 տասնամյակների ընթացքում քաղաքական եւ տնտեսական առումով այնքան էին ուժեղացել, որ 1970-ականներին սկսեցին Սովետի հետ խոսել հավասարը հավասարի պես: (Եվ, ի դեպ, Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունները մինչեւ վերջ չեն կարգավորվել): Իմ մանկության տարիներին ես լսում էի, թե ինչպես էին պաշտոնական ռադիոյով ասում՝ «Բոննի ռեւանշիստներ» եւ «Ճապոնիայի միլիտարիստներ». հավանաբար, խորհրդային իշխանություններին անհանգստացնում էր այդ երկրների հզորացումը, բայց Սովետը չէր կարող դրա դեմն առնել: Իսկ «ռեւանշը» տեղի ունեցավ, բարեբախտաբար, առանց Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ զուտ տնտեսական. գաղափարական մրցակցության շնորհիվ: Ասեմ նաեւ, որ թուրքական էքսպանսիան Հայաստանի դեմ նույնպես պարտադիր չէ, որ իրականացվի միայն ռազմական ճանապարհով. հայաստանցիների այն «մեծամասնությունը», որը հանդուրժում է պատերազմում պարտված իշխանություններին, «մեծագույն հաճույքով» կվաճառի իր տները թուրքերին եւ ինքը կգնա ու շատ ավելի լավ տներ կգնի Տամբովի մարզում:

Հետեւաբար, այս պահին պետք չէ ո՛չ եղբայրական հռետորաբանություն կիրառել, ո՛չ էլ «ռեւանշի սուրը» անիմաստ ճոճել: Անհրաժեշտ է որոշ ժամանակ կենտրոնանալ ներքին համերաշխության եւ կայունության վրա: Ընդ որում, կասկածելի է, որ ներկայիս իշխանության պարագայում դա հնարավոր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քոչվորից ի՞նչ հարեւան, տո դրանք քոչվոր էլ չեն, դրանք իրենց տեսակը նստակյաց կյանքով այնքան են խեղաթյուրել’ խառնվելով տեղաբնիկ ազգերի’ հայերի, հույների ու մնացած տեղի ժողովուրդների հետ, որ ոչ մեկն են, ոչ էլ մյուսը, այդ լուսանցքային խառնուրդները բոլոր քոչվոր ու բնիկ ժողովուրդների մեջ էլ կան եւ միշտ չեն վատ վերաբերվում իրենց որեւէ կեսի հանդեպ, բայց եւ հաճախ որքան պաշտում են իրենց մի կեսը, նույնքան ատում են իրենց մյուս կեսը եւ տրոյական ձիու օրինակով օգտագործվում են այդ ժողովուրդների դեմ:
    Հույներն են մեր հարեւանները եւ մնացյալ մեզ հետ կոտորած անցած բնիկ ժողովուրդները եւ վերջ: Եւ փոխանակ մենք մեր իսկական հարեւանների հետ մեր կապերը ամրապնդենք, փորձում ենք ստոգհոլմյան սինդրոմով սեր տարածենք ժողովրդի մեջ թշնամու հանդեպ: Եկեք հայերով մշակենք այն ռազմավարական սկզբունքները, որոնք ընդունելի կլինեն յուրաքանչյուր հայ ընտանիքի համար, խնդրենք ժողովրդի ամենավստահված մարդկանց, որ նրանք գնան գուղից գյուղ, քաղաքից քաղաք, ընկնեն դռնեդուռ յուրաքանչյուր հայ ընտանիքի ու խնդրեն, ոտներն ընկնեն, որ այդ ընտնիքները քվեարկեն իրենց ներկայացրած մարդու օգտին, եթե մեր հերոսներն իրենց կյանքը չխնայեցին ռազմի դաշտում հանուն իր տեսակի գոյության ու բարգավաճման, այնպես էլ մեր մտավորականությունը պետք է զոհաբերի իր հեղինակությունը հանուն իր տեսակի գոյության ու բարգավաճման:

  2. Ruben says:

    Տրոցկին և Լենինը ոչնչացրին Ռուսական կայսրությունը: Մեղավորը ցարական հակահետախուզության ծառայությունն է:
    Գորբաչովը և Շևարդնաձեն ոչնչացրին Խորհրդային Միությունը: Մեղավոր է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն:
    Փաշինյանը ուսապարկերով ոչնչացնում է Հայաստանի մնացորդները: Մեղավոր չկա: Որովհետեւ չկա Պետության անվտանգության ծառայություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031