Ասում է իրավապաշտպան Խաչիկ Մարոզյանը
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մայոր Արթուր Արարատի Ալավերդյանը նահատակվեց հոկտեմբերի 22-ին՝ ոչնչացնելով թշնամու մեծաթիվ զինտեխնիկա եւ կենդանի ուժ։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2021 թվականի հունվարի 22-ին հետմահու պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով… Ապրել նաեւ նրանց համար, երբեք չհամակերպվել նրանց կորստի հետ, քանզի նրանք կան մեր գիտակցության մեջ, մեր սրտերում»… «Հայրենիքի համար նահատակված Գոռ Վասիլիի Ավետիքյանը նոյեմբերի 2-ի կեսօրին խոսել է հեռախոսով մոր հետ վերջին անգամ։ Մոր սիրտը կարծես կանխազգացել է վտանգը, խնդրել է որդուն երեկոյան նույնպես զանգել՝ «որպեսզի ես հանգիստ լինեմ»։ Երեկոյան Գոռը զանգել է, բայց ոչ մորը, հայտնել է, որ իրենց առաջնագիծ են տանում։ Սա եղել է Գոռի վերջին զրույցը։ Նոյեմբերի 3-ին նա զոհվեց թշնամու տանկից արձակված կրակոցից։ Նա մտքի մեծ թռիչք ուներ, 8 տարեկանից չար ու բարու մասին էր խորհում։ Նա Հայ զինվոր էր»… «Մամ, մենք էլ ներս չունենք, դուրսն ենք, դիրքերը տվել ենք, բայց հետ ենք բերելու, մենք իրենց հող չունենք տալու: Միայն աղոթի, որ ողջ մնամ». մարտի 12-ին լրացավ հայրենիքին կյանքը տված քաջ մարտիկի՝ Խորեն Հաջաթյանի 20-ամյակը։ Խորենը նկարիչ էր, ընդունվել էր Թերլեմեզյանի անվան արվեստի քոլեջը։ Հիմա Երկնքից է նայում մեզ, իր ընկերներին ու հարազատներին, ուղղորդում բոլորիս, որպեսզի գործը կիսատ չմնա»:
Ներկայացվածը հատվածներ էին «Հայացք դեպի Երկինք» ֆիլմից:
– Պարոն Մարոզյան, օրերս իմացա, որ նկարահանում եք «Հայացք դեպի Երկինք» ֆիլմը: Իրավապաշտպանն ի՞նչ կապ ունի ֆիլմ նկարահանելու հետ:
– Հանրությանը հայտնի է, որ ես «Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության հիմնադրման ժամանակներից՝ 2004 թվականից մեծ ուշադրություն եմ դարձրել մշակույթի անկմանն ուղղված հարցերին, մշակութային միջոցառումներ եմ կազմակերպել կազմակերպությանը կից գործող «Պատանի իրավապահների» թիմերի հետ, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն ենք ներկայացրել Արամ Խաչատրյանի անվան դահլիճում, ըստ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» սցենարի, ֆիլմ եմ նկարահանել Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ՝ «Արյան հիշողություն՝ դատավճիռ հանուն մարդկության», ֆիլմ, որը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնում 2016 թվականին, 2017թ.-ի աշնանը ֆիլմի ցուցադրումը կազմակերպվեց Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայկական համայնքի հրավերով այդ քաղաքում։
Կարդացեք նաև
Միշտ մտածել եմ, որ առանց մշակույթի ազգը պառակտված եւ արմատախիլ արված կլինի, կբաժանվի ու ուժեղ չի կարող լինել։ Այդ իսկ պատճառով մեր գործունեության մեջ կարմիր թելի նման անցնում է հայրենասիրական, գրական ու մշակութային գիծը։
– Ի՞նչ ֆիլմ է, ե՞րբ ծնվեց ֆիլմի գաղափարը:
– Ֆիլմի գաղափարը իմ մեջ ծագեց Եռաբլուրում, երբ գտնվում էի մեր նահատակված հերոսներից մեկի՝ Դավիթ Խաչատրյանի շիրիմի մոտ։ Երբ լսեցի Դավիթի մոր՝ պատերազմի մեջ գտնվող իր տղայի հետ վերջին հեռախոսազրույցի մասին, մտածում էի Հայ զինվորի անպարտելիության ու նրա մոր Հերոսապատումների մասին։ Պարզվեց, որ այդ պահին էլ, երբ զինվորը թեժ մարտերի մեջ է ու կենաց-մահու կռիվ է տալիս թշնամու դեմ, իր աչքին հայրենի բնության գեղեցկությունն է երեւում։ «Մամ ջան, մենք անպայման կհաղթենք, հետո քեզ խոստանում եմ բերել այս վայրերը ցույց տալ, որ տեսնես ինչ գեղեցիկ հրաշք Հայրենիք ունենք»։ Այդ պահին ծնվեց այս ֆիլմի՝ «Հայացք դեպի Երկինք» ստեղծման գաղափարը։
Ֆիլմը՝ Մոր, Զինվորի եւ Հայրենիքի միջեւ եղած Հոգեւոր կապի եւ դրա նրբերանգների բացահայտման, ինչպես Հայ զինվորի Հերոսապատումն ու ընդհանրական կերպարի բացահայտումն է։ Մի քանի նահատակված զինվորների կյանքից վերցված օրինակներով խոսվում է, առհասարակ, հայ մարդու, նրա ընտանիքի, հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սիրո եւ անպարտության մասին։ Ֆիլմում կան այլ շատ հետաքրքիր եւ ուսանելի դրվագներ։ Ներկայումս կատարվում են նկարահանումներ, հանդիպումներ ենք ունենում պատերազմին մասնակցած անձանց, նրանց ընտանիքների, զոհվածների մայրերի, ընկերների հետ, կատարում ենք նկարահանումներ։ Նկարահանումները սկսել ենք այս տարվա փետրվար ամսից:
– Համաձայնվո՞ւմ են ծնողները նկարահանմանը մասնակցել, նկարահանվել: Ե՞րբ եք նախատեսել ավարտել, ցուցադրել:
– Նախատեսվում է ցուցադրել այն մեր կենտրոնական դահլիճներից մեկում, աշնանը՝ սեպտեմբերին: Սկզբից նախատեսել էինք պրեմիերա ներկայացնել մայիսի 8-ին, բայց այս որոշումը փոխվեց, երբ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակվեցին։ Չենք ցանկանում ընտրական պրոցեսների ստվերում մնա ֆիլմի ցուցադրումը կամ էլ քաղաքականացվի։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում չքաղաքականացնելու, ինչպես նաեւ մեր հանրության բոլոր խավերին այս գաղափարում ներառելու հարցին։ Ֆիլմն ամբողջական ազգի մասին է եւ մեր բոլոր հերոսական ճանապարհ անցած մարտիկների մասին։
Այո, սկզբից լսում են գաղափարի մասին, հետո մեծ սիրով համաձայնում են խոսել, տալ հարցերին պատասխաններ, նկարահանվել:
– Ձեւաչափը ո՞րն է՝ սերիա՞լ, հեռուստատեսային ֆի՞լմ, թե՞…
– Վավերագրական ֆիլմ է, դերասաններ չկան, կան պատերազմը վերապրածներ, ընկերներ, զոհվածների ընտանիքի անդամներ, պատմաբաններ, երիտասարդներ, սովորական մարդիկ, ակադեմիկոսներ:
– Նկարահանումները հասկանալի է, որ միայն մայրաքաղաքում չեն լինի, Արցախ գնալո՞ւ եք:
– Արցախ պետք է գնանք։ Նաեւ՝ Խոր Վիրապ, Հայաստանի պատմական վայրեր, ակադեմիա, Եռաբլուր, Մատենադարան:
Միավորողը, ամբողջականացնողը, ուժեղացնողը, հիմնական առանցքը դա մեկ ուղղությամբ նայելն է, դա մեր բոլորի կողմից ընդունված դեպի երկինք գաղափարն է: Ֆիլմում կան փաստարկներ մեր դիվանագիտության, աշխարհաքաղաքական որոշ հարցերի, թուրքական ալյանսի ռիսկերի, հայերի համախմբման մասին:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
Նկարները՝ իրավապաշտպանի ՖԲ էջից
«Առավոտ» օրաթերթ
30.03.2021