Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային մշակույթն առաջնային դարձնելու ճապոնական ֆենոմենը պետք է օրինակ լինի»

Մարտ 31,2021 13:30

Հարցազրույց կինոգետ Էլեն Դանիելյանի հետ

-Ժամանակին Երեւանում Էմիր Կուստուրիցան հայտարարեց, որ աղքատ երկիրը չի կարող ֆիլմարտադրություն ունենալ: Թեպետ վերջին 20-25 տարիներին մեզ մոտ նկարահանվել են նաեւ լավ ֆիլմեր: Կինոգործիչները նեղսրտում են, որ հեռուստաալիքները հրաժարվում են վճարել ֆիլմերի ցուցադրության թույլտվության համար, կինոթատրոններում էլ, բացի պրեմիերաներից, առանձնապես հետաքրքրություն չի նկատվում հայկական ֆիլմերի հանդեպ: Ստացվում է, որ մեծ հաշվով մեր նոր ֆիլմերն անծանոթ են մնում հանդիսատեսին:

– Հայ կինոյի պատմությունն ունի վերելքներով եւ վայրէջքներով շղթայված ճանապարհ: Սկսած հայ կինոյի հիմնադրման առաջին օրերից, Համո Բեկնազարյանի ջանքերով՝ այն տարբերվել է տարածաշրջանի մյուս բոլոր ազգային կինեմատոգրաֆներից: Հայ կինոյի զարթոնքը անցած դարի կեսերին էր: Վաթսունականների հայ կինոն համաքայլ էր աշխարհի առաջատար պետությունների կինոյի հետ՝ Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Փարաջանովի եւ Արտավազդ Փելեշյանի շնորհիվ:

Մանրամասնեմ՝ Դովլաթյանի արվեստը մրցակից կարող էր լինել Ֆրանսիայում սկիզբ առած «Նոր ալիք» կինոուղղության լավագույն ֆիլմերի հետ, Փարաջանովի կինոպոետիկան հիացմունք էր առաջացնում արեւմտյան մտավորականության շրջանում, Արտավազդ Փելեշյանն էլ հարստացրեց կինոյի արտահայտչամիջոցները՝ ստեղծելով տարածական մոնտաժի իր տեսությունը: Սակայն բարձրակետին հասնելուց հետո հայ կինոն աստիճանաբար սկսում է անկում ապրել, ինչը բնավ չի նշանակում, թե յոթանասունականներին կամ հաջորդող տասնամյակների ընթացքում այլեւս չէին նկարահանվում արժեքավոր ֆիլմեր:

Բնականաբար՝ նկարահանվում էին, բայց անհամեմատ փոխվել էին մասշտաբները: Ընդ որում՝ այս տենդենցը նկատվում է ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոյի պատմության մեջ: Գանք անկախության շրջան, որի ընթացքում հայ ռեժիսորները ստեղծագործական փնտրտուքների մեջ էին, արձանագրենք, որ 1990-ականների ֆիլմերը նկարահանվում էին ծայրահեղ բարդ պայմաններում: Իմ կարծիքով, ժամանակակից հայ կինոարտադրությունը դժվար է անվանել շեշտված ազգային: Հատուկենտ են ռեժիսորները, ովքեր նկարահանում են ազգային երանգով հաջողված ֆիլմեր:

Ժամանակակից ֆիլմարտադրության «խաղի կանոններով» մեծամասամբ ստեղծվում են կոմերցիոն շահույթ հետապնդող եւ մասսայականություն վայելող ֆիլմեր: Հիմնական խնդիրը մեծ հաշվով ֆինանսավորման մեջ է: Մնայուն եւ բարձր գեղարվեստական արժեք ունեցող ֆիլմեր ակնկալելու համար անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական ներդրումներ: Այժմ Հայաստանում կինոգործիչների աճող սերունդը բավականին խոստումնալից է, սակայն հանրության լայն շերտերին, ինչպես նշեցիք, այո, անծանոթ են մնում այդ անունները:

Իսկ եթե պետությունը հույս է դնում միայն հեռուստաալիքների անձնական հայեցողության վրա, խնդիրը միանշանակ չի լուծվի: Անհրաժեշտ են խիստ եւ արմատական փոփոխություններ: Հատկապես անկախության տարիների սերունդը գրեթե անծանոթ է հայ կինոյի պատմության լավագույն էջերին: Այս հարցի լուծման տարբերակ կարող է դառնալ ավագ դպրոցների կրթական ծրագրերում «Հայ կինոյի պատմություն» առարկան ներառելը, ինչն էլ հնարավորություն կտա թեկուզ նվազագույն չափով, բայց ծանոթ լինել մեր կինոյի պատմությանը: Անհրաժեշտ է գիտակցել, որ հայ կինոյի պատմության տերը մեզնից յուրաքանչյուրն է եւ մոռացության տալով նրա անցյալը՝ չենք կարող ստեղծել արժանի ապագա:

– Լինելով երիտասարդ կինոգետ, ի՞նչ եք կարծում, գուցե Կինոյի մասին օրենք, որը տարբեր պատճառներով չարչրկվում է, ընդհանրապե՞ս պետք չէ։

– Այս հարցը բազմիցս քննարկվել եւ շոշափվել է, առաջացրել տարակարծություններ։ Միանշանակ կարծում եմ, որ կինոյի մասին իրատեսական իրավական կարգավորումն անհրաժեշտություն է։ Սակայն կինոգործիչները կարող են իրենց տեսակետն ու առաջարկները ներկայացնել, վերհանել ոլորտի միայն իրենց հայտնի անտեսանելի խնդիրները եւ նրբությունները, բայց բուն իրավական ձեւակերպումները վստահենք իրավաբաններին։ Ներկայումս, Արցախյան երկրորդ պատերազմից հետո, մեր երկիրը հայտնվել է օրհասական վիճակում։ Քայքայված տնտեսությունը եւ վիրավոր բանակը վերականգնելուց, բազմաթիվ գերիներին վերադարձնելուց հետո միայն իրավունք կունենանք խոսելու մշակութային բարեփոխումների, այդ թվում՝ վերոնշյալ օրենքի մասին։

– Մեզ հայտնի է, որ դուք ճապոնական կինոյի առաջին հայալեզու՝ «Ակիրա Կուրոսավայի կինեմատոգրաֆը» մենագրության հեղինակն եք: Ինչո՞վ է այդ ընտրությունը պայմանավորված:

– Ցավոք, կինոգիտությունը Հայաստանում պահանջված մասնագիտություն չէ եւ, որ քչերին են հայտնի կինոգետի մասնագիտական գործառույթները՝ կինոյի պատմության եւ տեսության ուսումնասիրությունը, կինոգիտական, կինոքննադատական հոդվածների ստեղծումը եւ հրապարակումը։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով Ճապոնիայի պատմությունը, ճապոնական արվեստը, գրականությունն ու կինոն` որոշեցի մասնագիտական ուսումնասիրությանս առարկա դարձնել ճապոնական կինոն, մանավանդ՝ ուսումնասիրելով համաշխարհային կինոարվեստը, նկատեցի, որ հայաստանյան գործընկերներիս մոտ բացակայում է ճապոնականը: Ճապոնական կինեմատոգրաֆը դիտարկելով ու վերլուծելով ճապոնական մշակույթի ընդհանուր համատեքստում, ծանոթ լինելով ճապոնական ազգային սովորույթներին եւ աշխարհընկալմանը` ցանկանում եմ այն հնարավորինս մոտ եւ ընկալելի դարձնել հայ հանդիսատեսին: Պահպանելով սեփական ավանդույթներն ու ձգտումները` ճապոնացիները տեղայնացրել եւ համադրել են արեւմտյան քաղաքակրթության ձեռքբերումները, ինչի արդյունքում, հարկ է նշել, որ նրանց ազգային մշակույթը, բնավ, չի զիջել իր դիրքերը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ արեւմտյան ապրելակերպը դարձել է մոդայիկ, ճապոնացիներին հաջողվել է արեւելյան եւ արեւմտյան մշակույթների միջեւ բալանս գտնել: Թերեւս սրանում է ճապոնական կինոյի ֆենոմենը: Կարծում եմ մեզ՝ հայերիս համար ազգային մշակույթը առաջնային դարձնելը եւս պետք է օրինակ դառնա:

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031