Լրահոս
Օրվա լրահոսը

Հին եկեղեցիները` գծանկարչական նոր մոտեցմամբ

Մարտ 31,2021 13:00

Արվեստասեր ընթերցողի գրասեղանին է «Հայկական եկեղեցիներ» խորագրով գծանկարչական ալբոմ-հավաքածուն, որը վերջերս լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը: Հեղինակը հայտնի գեղագետ-արվեստաբան եւ Երեւանի պետհամալսարանի դասախոս Լեւոն Լաճիկյանն է: Ծնունդով գյումրեցի արվեստագետը վերջին տասնամյակի ընթացքում լրագրությունից ու արվեստաբանությունից սահուն կերպով եւ հաստատուն անցում է կատարել դեպի գծանկարչության ոլորտ:

Գծի եւ ընդհանրապես գրաֆիկայի հանդեպ սերը նրա մոտ, թերեւս, ավելի վաղ է արմատավորվել՝ դեռ դպրոցական տարիներից: Հիշում է, որ իր գծագրության ուսուցչուհին հաճախ էր առանձնացնում տուշով արված իր գծապատկերները՝ տարբեր միջոցառումների ցուցադրելու համար: Իսկ երբ 2000-ականների սկզբին Լեւոնն այցելել է իր ավագ բարեկամի՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի արվեստանոց եւ ցույց տվել նրան Գյումրին պատկերող իր նկարաշարը, Վարպետը դրվատել, ապա եւ հորդորել է անպայման շարունակել սկսած գործը եւ գրելուն զուգահեռ նաեւ նկարել:

Լեւոն Լաճիկյանն այդպես էլ վարվել է՝ գրիչն ու վրձինը, իսկ տվյալ դեպքում՝ մատիտն ու գրչածայրը սերտորեն առնչելով իրար եւ ստեղծելով մեկը մյուսից հետաքրքիր ու ուշագրավ նկարաշարեր: Ավելին. երբ 2006-ին նա լույս ընծայեց «Խաչվող ճանապարհներ» ուղեգրությունների գիրքը, վերջինիս մեջ ընդգրկված տասնհինգ պատումները ուղեկցեց հեղինակային ինքնատիպ գծանկարներով՝ ստեղծելով բառի ու պատկերի ներդաշնակ ու տպավորիչ համադրություն:

Գործի բերումով ճանապարհորդելով աշխարհի միջօրեականներով՝ արվեստաբան-գծանկարիչը թղթին հանձնեց քաղաքային տեսարաններ ու հիշարժան վայրեր պատկերող իր գրաֆիկական աշխատանքները, որոնք պարբերաբար ներկայացրեց նաեւ անհատական ցուցահանդեսների ձեւաչափով՝ դրանք ուղեկցելով թեմատիկ դասախոսություններով: Մինչ օրս նա ունեցել է տասնհինգ անհատական ցուցահանդես հայրենիքում (Գորիս, Երեւան, Գյումրի) եւ արտերկրում՝ Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա եւ այլն:

Լեւոնի ստեղծագործական կենսագրության մեջ նշանակալի հաջողություն էր մասնակցությունն ու հաղթանակը Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի մրցույթում, որն արդյունավորվեց նրա դիզայնով հոբելյանական նամականիշի տպագրությամբ Ֆրանսիայում՝ 30 հազար տպաքանակով:

Չմոռանամ նշել, որ Լեւոնի ավագ եղբայրն է արդի հայ գեղանկարչության երեւելի դեմքերից մեկը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը: Երկու եղբայրներով հաճախ են մտորում, քննում, քննարկում գեղարվեստի եւ ոչ միայն գեղարվեստի հետ կապված մերօրյա մտահոգություններն ու խնդիրները: Ի տարբերություն եղբոր, սակայն, Լեւոն Լաճիկյանը հիմնականում ստեղծագործում է գծանկարչության ոլորտում, եւ նրա ստեղծագործության հոգենյութը հայկական մշակույթն է, մանավանդ՝ հայոց հինավուրց վանքերն ու եկեղեցիները:

Ներկայացվող «Հայկական եկեղեցիներ» հավաքածուն բացվում է արեւմտահայ նշանավոր քնարերգու Վահան Թեքեյանի՝ բնաբան դարձած տողով. «Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս…»: Տարիներ շարունակ ուսումնասիրելով հայ արվեստի, մասնավորապես ճարտարապետության պատմությունը եւ այդ առարկան դասավանդելով հանրապետության տարբեր բուհերում՝ հեղինակը նկատել է, որ հատկապես նորահաս սերունդը, մեղմ ասած, այնքան էլ իրազեկ չէ հայկական ազգային ճարտարապետության ձեւավորման ու զարգացման հարուստ պատմությանը: Այդ բացը լրացնելուն է մեծապես կոչված նորատիպ բացիկաշար-հավաքածուն, որն ընդգրկում է հայ եկեղեցաշինության հակիրճ նկարագրականը եւ 24 պաշտամունքային կառույցների գծանկարներ՝ սկսած Էջմիածնի մայր տաճարից (301-303թթ.) մինչեւ Երեւանի նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին:

Հայ ժողովրդի աննկուն ստեղծագործ հանճարը միջնադարի ողջ ընթացքում ստեղծել, կերտել է անթիվ-անհամար եկեղեցիներ: Հավատի այդ տաճարները ենթարկվել են ճակատագրական բոլոր փորձություններին, ինչ Հայաստան երկիրն ու հայ ժողովուրդը. շատերը քանդվել են մասնակի կամ հիմնահատակ, ապա վերականգնվել ու նորոգվել՝ ծնունդ տալով նորերին նաեւ Հայաստանից շատ հեռու վայրերում: Վերջիններից հիշյալ պատկերաշարում ներկայացված են Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարը, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքը եւ այլն:

Դիտելով դրանք գծանկարչական նոր մոտեցմամբ ու նուրբգծային մատուցմամբ, երբեմն-երբեմն նաեւ ջրաներկի զուսպ օգտագործմամբ՝ հիանում ու հպարտանում ես մեր միջնադարյան ճարտարապետների ու քարգործ վարպետների ճարտարությամբ եւ բնության հետ ներդաշն հարաբերվելու նրանց նախանձելի կարողությամբ: Միաժամանակ համոզվում ես, որ հայ ստեղծագործական հանճարի այդ դրսեւորումները նաեւ համաքրիստոնեական ճարտարապետության ու արվեստի կատարյալ գլուխգործոցներ են՝ պատիվ բերող մեր ժողովրդին եւ վկայող համաշխարհային քաղաքակրթության մեջ հայկական անուրանալի ներդրման մասին:

Այո՛, անցած տասնվեց դարերի ընթացքում հայ ճարտարապետական միտքը արձանագրել է վերելքի ու թռիչքի աննման պահեր: Դրանց նուրբ արտացոլանքը հանդիսացող Լեւոն Լաճիկյանի գծապատկերները դասական արվեստին բնորոշ խորությունն ու պարզությունն ունեն: Հայ եկեղեցական արվեստի խորագիտակին հաջողվել է թափանցել հայկական դարավոր ճարտարապետության խորքերը եւ ներկայացնել միջնադարի ու նոր ժամանակների հայոց հավատի տաճարները ողջ վեհությամբ ու գեղեցկությամբ:

Վերջում ավելացնենք, որ սույն ալբոմում ընդգրկված յուրաքանչյուր գեղազարդ բացիկ գեղարվեստականից զատ ունի նաեւ ճանաչողական կարեւոր նշանակություն՝ շնորհիվ դարձերեսին զետեղված հայերեն ու անգլերեն ամփոփ նկարագրականների:

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
30.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031