2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի արդյունքում Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը մեծամասամբ մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Շատ են եղել ասեկոսեներ, թե, իբր, Ամարասը նույնպես գտնվում է հայերի վերահսկողությունից դուրս, որն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Նման քննարկումների պատճառը ենթադրելի է այն կապակցութրամբ, որ ուխտավորների խմբերը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են այցելում վանական համալիր։ Սակայն իրականությունն այն է, որ թշնամին գտնվում է շատ մոտ ու անվտանգության նկատառումներից ելնելով` խաղաղապահներն ուղեկցում են մարդկանց։ Ցանկանում եմ նաեւ նշել, որ պարբերաբար Ամարասում պատարագներ են մատուցվում, կատարվում եկեղեցական տարատեսակ արարողություններ, ինչպես նաեւ սուրբ Հարության տոնին է նախատեսված սուրբ պատարագ։
Վանական համալիրի մատույցներում վերջին պատերազմի ժամանակ ծանր մարտեր են ընթացել, եղել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հայկական կողմը կանխել է` անառիկ պահելով երբեմնի Ամարաս վանական համալիրը` հարակից տարածքներով, մոտակա Մաճկալաշեն եւ Սոս գյուղերով։ Ամարասը պաշտպանելիս իրենց անունը փառքով են պսակել տասնյակ հերոս զինվորներ։
Գաղտնիք չէ, որ Ամարասը հոգեւոր այն կենտրոններից է, որը եզակի է իր տեսակի մեջ, որտեղ ամեն քար մեսրոպաշունչ պատգամ ունի։ Ըստ պատմիչների` Ամարաս վանական համալիրի եկեղեցին հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից` 4-րդ դարասկզբին, իսկ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը:
Մինչեւ պատերազմը ակտիվ շինաշխատանքներ էին ընթանում վանական համալիրում։ Մեր տեղեկություններով` այդ աշխատանքները կշարունակվեն, նաեւ վանքն ամբողջությամբ կգործի, մշտական բնակություն կհաստատեն միաբանները, ինչպես նաեւ զինվորների համար վերականգնողական կենտրոն կգործի։
Կարդացեք նաև
Այս ամենը բնակչությանն ավելի ամուր կկապի եկեղեցու հետ։
Ամարասում չի դադարում հնչել Տեր ողորմյան, այստեղ պահերը խնկաբույր են, պատարագները` հոգու հարստություն, մենությունը` լիություն։
Պատարագներին նաեւ զինվորներն են պարբերաբար ներկա գտնվում։ Ճշմարտացի է, որ բանակն Արարչից է զորություն ստանում։ Մեր զինվորները նույնպես աղոթում են խաղաղ եւ անփորձանք օրվա համար։ Իսկ նրանք` Աստծո օրհնությամբ, այս խաղաղ օրվա երաշխավորներն են։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները`
ԿԱՐԻՆԵ ԴԱԴԱՄՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.03.2021