Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չունենք դաշնակիցներ ոչ տարածաշրջանում, ոչ էլ աշխարհում»

Մարտ 31,2021 12:00

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի համոզմամբ՝ Հայաստանի եւ Արցախի դաշնակիցը միայն հայ ժողովուրդն է:

– Պարոն Օհանջանյան, անցյալ շաբաթ ռուսերեն լեզուն՝ հայերենի հետ միասին Արցախում պաշտոնական լեզու դարձավ: Արցախի Ազգային ժողովում ընդունվեց «Լեզվի մասին» ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը, որում, մասնավորապես, ասվում էր. «Հաշվի առնելով Արցախի եւ Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը եւ այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարեւոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժեւորումը եւ նոր օրակարգի ձեւավորումը»։ Հայաստանյան որոշ շրջանակների մոտ սա այնքան էլ դրական փաստ չի ընկալվում: Բացատրեք, խնդրեմ, այս որոշումը ադրբեջանական հնարավոր ազդեցության դեմ ուղղված քա՞յլ է, ինչպես ոմանք են պարզաբանում, թե՞ Արցախը, որտեղ ռուսերենը մշտապես եղել է բարձրության վրա, պարզապես նոր իրողությունների պայմաններում միանգամայն սպասելի քայլի գնաց:

– Ինձ համար, որպես Արցախի ռուսախոս ներկայացուցչի, ԼՂՀ ԱԺ որոշումը դրական է: Լինելով խորհրդարանի անդամ՝ ես հանդես էի գալիս, որպեսզի ռուսերեն եւ անգլերեն լեզուները հայերենին զուգահեռ դարձնեն պաշտոնական: Այն ժամանակ իմ նախաձեռնությունը խորհրդարանի ոչ մի անդամ չպաշտպանեց:

Այժմ իրավիճակը փոխվել է: Ռուսական զորքերը, փաստացի, Ադրբեջանի հետ օկուպացրել են մեր Հայրենիքի մասնիկները եւ փաստորեն, նրանք հանդիսանում են Արցախի կարեւոր ներքին դերակատարներից մեկը: Ռուսական բազմահազարանոց զորքերի կոնտինգենտը, խաղաղապահ զորքերի դերում, ամեն օր շփվում է մեր բնակչության հետ, լուծում է հումանիտար բնույթի խնդիրներ եւ ընդհանուր առմամբ, ապահովում է մեր անվտանգությունը: Անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ռուսաց լեզվին տրվի պաշտոնական կարգավիճակ: Ես հակված չեմ մտածելու, որ ռուսները մեզ դրդել են նման որոշման, ավելի ճիշտ, դա ժամանակի թելադրանքն էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրի բնակչության մեծ մասը ռուսամետ է, քան՝ հայամետ:

Ինձ լուրեր են հասնում, թե իբր Հայաստանում այդքան էլ հավանության չարժանացավ Արցախի խորհրդարանի կայացրած որոշումը: Հայաստանը կարող է գոհ լինել, կամ՝ ոչ, դա իր խնդիրն է: Ընդհանուր առմամբ, պատերազմը ցույց տվեց Հայաստանի եւ նրա իշխանությունների անօգնական վիճակը՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, այդ իսկ պատճառով Հայաստանի քաղաքական շրջանակները եւ հայաստանյան իշխանությունը ոչ մի բարոյական իրավունք չունեն խոսել կամ նույնիսկ մտածել, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալը նվազեցնում է հայոց լեզվի ազդեցությունը արցախցի հասարակության շրջանում:

Ինչ վերաբերում է հարցին, թե այդ որոշումը կարելի է դիտարկել որպես կանխարգելող քայլ՝ ուղղված Ադրբեջանի հնարավոր ազդեցությանը, կարծում եմ, որ այդ համատեքստում այն կարելի է դիտարկել: Չնայած հակված եմ կարծել, որ նման որոշումը բխում էր պրակտիկ շահից (տեղացիների եւ զինվորականների շփումից) եւ, իհարկե, երկրի քաղաքական գործիչներն այդ քայլով տեսել են հնարավորություն եւս մեկ անգամ հրավիրել ռուսական հասարակության եւ քաղաքական ուժերի ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի կողմից Ռուսաստանի նկատմամբ ունեցած բարի կամքի վրա: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, հաշվի առնելով այն փաստը, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ Արցախում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, պետք է նախօրոք պատրաստվել դրան եւ անգլերենը նույնպես դարձնել պաշտոնական լեզու՝ հայերենի եւ ռուսերենի հետ միասին, որպես՝ ազգամիջյան շփման լեզու: Կարծում եմ, մենք ականատես կդառնանք նաեւ նման որոշման:

– Վերջին օրերին մենք ականատես ենք դառնում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վերացման դեպքերի: Ադրբեջանցի «անկախ» որոշ փորձագետներ իրենց հարցազրույցներում զարմանք էին արտահայտում, թե «ինչու էին արցախցիներն իրենց կառուցած տները այրում՝ այդ տարածքները լքելուց առաջ»: Մինչդեռ հիմա մենք տեսնում ենք ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիներն են ոչնչացվում, այսպես ասած՝ «օրը ցերեկով», միջազգային հանրության կոչերը Ադրբեջանն ուղղակի արհամարհում է: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմն այս ուղղությամբ:

– Հայաստանի կառավարությունը պետք է պահանջի նոյեմբերի 9-ի երեք ղեկավարների հայտարարության պահանջների կատարումը, որով սկիզբ դրվեց հայկական երազանքի ավարտին եւ Հայաստանում, եւ Արցախում քաղաքական մտքի դեգրադացիային: Կան միջազգային միջկառավարական ինստիտուտներ, որոնք զբաղվում են այդ հարցերով եւ ՀՀ, եւ ԱՀ ԱԳՆ-ները պետք է միջազգային այդ կառույցներին ստիպեն ընդունել պատժամիջոցներ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական վանդալիզմի նկատմամբ: Դիվանագիտական գերատեսչությունների գործառույթները չպետք է սահմանափակվեն մեկ-երկու հայտարարություններով: Տարբեր երկրներում հավատարմագրված բոլոր դիվանագիտական գերատեսչություններն ամեն օր պետք է գրեն նամակներ՝ նկարագրելով Ադրբեջանի հանցագործությունները, եւ դրանք ուղղեն արտերկրում հավատարմագրված այն բոլոր դեսպանատներին, որտեղ հավատարմագրված են հայկական դիվանագիտական գերատեսչությունները: Հայկական դիվանագիտական գերատեսչության աշխատակիցը հրավիրյալ-աշխատող չէ, այլ պետք է լինի իրավամբ մղումով աշխատասեր, որի գործառույթը Հայրենիքին ծառայելն է: Դա նաեւ վերաբերում է կառավարության անդամներին: Եթե կառավարությունը եւ նրա ենթակա բոլոր պետական կառույցները աշխատեն բարեխղճորեն՝ ի շահ ժողովրդի, Ադրբեջանը չի կարող այսպես անպատիժ պահել իրեն եւ ոտնձգությունների դիմել՝ հայկական եւ ողջ մարդկության մշակութային ժառանգության նկատմամբ:

– «Առավոտին» տված հարցազրույցում Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը նման միտք էր արտահայտել. «Մենք մեր արտաքին քաղաքականությունը վարելու, աշխարհաքաղաքական խնդիրները վերլուծելու առումով պետք է շատ լավ ուսումնասիրենք թուրք-ադրբեջանական դաշինքի համագործակցության մոդելը, եւ ինչու չէ՝ շատ բաներ պետք է հաշվի առնենք եւ նույնիսկ որոշ բաներ էլ սովորենք նրանցից»: Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ակնհայտ է մեր տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությունները՝ թուրքական գործոնի մեծացմամբ: Իսկ ովքե՞ր են Հայաստանի, Արցախի դաշնակիցները, պարոն Օհանջանյան:

– Ես կիսում եմ Դավիթ Բաբայանի տեսակետը, որն, իմ կարծիքով, Արցախի կառավարության միակ ադեկվատ անդամն է: Մենք չունենք դաշնակիցներ ոչ տարածաշրջանում, եւ ոչ էլ աշխարհում: Դա ակնհայտ է եւ պատերազմը ապացուցեց իմ խոսքերի արդարությունը:

Հայաստանի եւ Արցախի դաշնակից կարող է լինել միայն հայ ժողովուրդը: Միայն հենվելով մեր սեփական ուժերի վրա՝ մենք կարող ենք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք միանգամից թափվեցին մեր ժողովրդի գլխին: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմել ազգի զարգացման հայեցակարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը, կարծես, հայտնվել է քաղաքակրթության եզրագծին եւ ոչ մեկը հետաքրքրված չէ նրան դարձնել ազդեցիկ տարածաշրջանային եւ միջազգային խաղացող:

Ամեն ինչ մեր ձեռքերում է, ամեն ինչ կախված է մեր գիտակցությունից: Եթե շարունակելու ենք ապրել կեղծ օրակարգով, որը քարոզում են Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ ընդդիմությունը, ապա մեզ, որպես պետություն, սպասում է կործանում: Եթե ապագային նայենք նոր մտածելակերպով՝ հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների վրա՝ ներառյալ հումանիտար տեխնոլոգիաները, ապա մենք կարող ենք դուրս գալ այս ճահճից, որտեղ ամբողջ ժողովրդին գցեց այս դիլետանտների թիմը եւ ազգային ու պետական շահերից զուրկ մարդկանց խումբը: Անկեղծ ասած, այս առումով այդքան էլ լավատես չեմ, չնայած հույս ունեմ առողջ մոտեցման:

– Անցյալ շաբաթ տեղեկություն ստացանք, որ Ստեփանակերտում բողոքի ակցիա է կայացել, մասնակիցները պահանջել են օրենսդրական հիմք ապահովել ապօրինի հարստացման դեմ պայքարելու համար: Ի՞նչ է կատարվում Արցախում, իշխանությունների հանդեպ անվստահությո՞ւն է աճում, ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր:

– Նախեւառաջ, ցանկանում եմ նշել, որ այդ բողոքի ցույցը շատ կասկածելի թվաց եւ նկատելի էր, որ դրա հետեւում կանգնած է հենց նախագահ Արայիկ Հարությունյանը, չնայած, որ նրա եւ իր մերձավոր մարդկանց անունները նույնպես հնչել են այդ ցույցի ժամանակ:

Նրանք, ովքեր կազմակերպել են սակավամարդ այդ ցույցը, խոսում էին այն մարդկանց մասին, ովքեր ամենաշատն են այսօր մտահոգված Արցախի ճակատագրով եւ քայլեր են ձեռնարկում՝ ուղղված ազգային համերաշխության մշակմանը, որը հնարավորություն կտա երկիրը դուրս բերել խայտառակ եւ կործանարար վիճակից: Ցուցարարների խնդիրը հենց այդ մարդկանց վարկաբեկելն է, որոնց ակտիվությունը սկսեց խոչընդոտել Արայիկ Հարությունյանի ազատ գործունեությանը:

Ցույցի ժամանակ խոսում էին արդարության մասին, բայց ոչ մի անուն Արայիկ Հարությունյանի մերձավորների շրջանակից չհնչեց, որոնք, փաստորեն, վերահսկում են ամբողջ շինարարական բիզնեսը եւ որոնք հեշտությամբ ստանում են փախստականների համար բնակելի տների կառուցման, ճանապարհների ասֆալտապատման, պատերազմի հետեւանքով ավերված տնտեսության վերականգնման պատվերները՝ համապատասխանաբար ստանալով այդ պատվերներից մեծ շահաբաժին, եւ ոչ միայն: Մինչդեռ բնակավայրերը լի են անտուն մարդկանցով:

Այստեղից էլ ակնհայտ է ցույցի իրական ուղղվածությունը: Եվ այն նման է 2018 թվականին Ստեփանակերտի ավտոկայանի մոտ տեղի ունեցած իրադարձություններին, որոնք նպատակ ունեին վարկաբեկել նախագահ Բակո Սահակյանին եւ Արցախի արժանավոր ռազմական գործիչներին: Նույն ձեռագիրն է, հռետորն՝ ուրիշ: Այն ժամանակ անկարգությունները պատվիրել էր ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանը՝ լինելով պետնախարար:

Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ հասարակական վստահությանը, կարճ ասեմ, վստահությունը զրոյական է: Բացի բարձրաստիճան պաշտոնյաներից, Արցախում Արայիկ Հարությունյանին ոչ մեկը չի ընդունում: Դժգոհություններն աճում են, շատ քաղաքացիներ լքում են երկիրը: Փաստացի, բոլոր մասնագիտացված բժիշկները լքել են Հայրենիքը՝ նախագահի ստի պատճառով, որը չի կատարել նրանց տված խոստումը: Չի բացառվում, որ Արցախում շուտով սկսվեն իսկական ցույցեր՝ պահանջելով պետական հանցագործ, ազգի դավաճան նախագահի հրաժարականը, որը մեղավոր է մեր Հայրենիքի պաշտպանության համար ընկած հազարավոր մարդկանց համար: Նախագահի հրաժարականը կարեւոր պայման է արդարության հաղթանակի եւ ժողովրդի վերածննդի համար:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Էս տղաան լավ չի???????????

    եթե ասում է պատերազմը ցույց տվեց Հայաստանի եւ նրա իշխանությունների անօգնական վիճակը՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից,
    էլ ոնց է պնդում, որ Հայաստանի կառավարությունը պետք է պահանջի նոյեմբերի 9-ի երեք ղեկավարների հայտարարության պահանջների կատարումը:

    Այսինքն Արցախում ինչ ուզեն անեն, Հայաստանը՝ կապ չունի, իսկ դրսում Հայաստանը Արցախի համար մի բան անի:????? Արայիկ Հարությունյանը նախագահ դարձավ հենց Հայաստանի այսօրվա կապիտուլացված իշխանության կամոք: Դե մի բան անեին Արցախի բնակիչները, որ չդառնար: Հայաստանին մեղադրելը հեշտ է: Իսկ Արցախում ինչ են անում???? ոչ մի բան: Միայն դժգոհում են Հայաստանից: Կարեն ջան սիրուն չի, կասեր դասականը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031