Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձուլարանները կառուցվում են մեծ նավահանգիստների մոտակայքում, այդ վտանգավոր բեռը առավել անվտանգ եւ էժան տեղափոխելու համար

Մարտ 31,2021 14:30

Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու վարչապետի հայտարարությունը մասնագետները գտնում են ոչ իրատեսական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պղնձաձուլարան կառուցելու վերաբերյալ հայտարարությունը, որը վարչապետն արել էր Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, տնտեսական ոլորտի մի շարք մասնագետների մոտ տարակուսանք է առաջացրել: Փաշինյանը, նշելով, որ պղնձի միջազգային գինը 2000 թվականից հետո աճել է մոտ 6-7 անգամ եւ որ Հայաստանը պղնձի պաշարներով աշխարհում ամենահարուստ երկրներից մեկն է, անհրաժեշտ է համարել պղնձաձուլարանի կառուցումը՝ հանքաքարի փոխարեն պղինձ արտահանելու նպատակով:

«Ակնհայտ է, որ պղնձի գները շարունակելու է աճել, բայց մենք այդ հարստությունը չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել, որովհետեւ մենք այսօր հանքաքար ենք արտահանում: Բայց պետք է խնդիր դնենք արգելելու հանքաքարի արտահանումը՝ հնարավորություն ստեղծելով արտահանել պղնձի պատրաստի արտադրանք, իսկ դրա համար մեզ երկաթուղի է պետք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, եթե Հայաստանում պղնձաձուլարան կառուցվի, լինի երկաթուղի, խնդիր կդրվի պղինձը մշակել, կստեղծվեն աշխատատեղեր, նոր գործարաններ կբացվեն: Վարչապետը վստահ է՝ եթե հետպատերազմական շրջանում մեր երկրին հաջողվի հասնել նրան, որ երկաթուղիները բացվեն, հնարավորություն կունենանք 21-րդ դարի երկրորդ նավթն արդյունավետ օգտագործել:

Փաշինյանը հույս հայտնեց, որ այս ոլորտում նոր ներդրումներ կներգրավեն՝ նշելով, որ նոր պղնձաձուլարան կառուցելու 2 առաջարկ կա՝ Չինաստանից եւ Իտալիայից:

Որոշ տնտեսագետներից բացի, որոնք գտնում էին, որ պղնձաձուլարանի կառուցումը պայմանավորել միայն ապաշրջափակմամբ, կառավարության եւ նրա ղեկավարի կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է եւ նշանակում է խորամուխ չլինել խնդրի էության մեջ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրեն Աննա Սեդրակյանը ներկայացրել էր փոքրիկ վերլուծություն՝ ինչո՞ւ ձեռնտու չէ Հայաստանում պղնձաձուլարանի կառուցումը: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը երեկ հերթական անգամ խոսեց մի բանից, որի մասին ունի շատ մակերեսային պատկերացումներ, բայց անհիմն վստահություն, որ ինքը հասկանում է, թե ինչի մասին է խոսում։ Խոսքը Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցելու հեռանկարների մասին է»:

Նրա խոսքով, Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար ամենահամեստ հաշվարկներով անհրաժեշտ է 500 -700 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում. «Որտեղի՞ց ենք վերցնելու այդ գումարը, ո՞վ է պատրաստ այսօր Հայաստանում կատարել այդպիսի ներդրում եւ վստահել մի կառավարության, որը փաստացի «մսխել» է «Հայաստան» հիմնադրամին փոխանցված գումարները։ Լավ, ենթադրենք գումարը գտանք։ Տեսեք՝ ինչ պրիմիտիվ հաշվարկ են մեզ ներկայացնում։ Պատգամավոր Բաբկեն Թունյանն ասում է. «Հայաստանից արտահանվում է 509.8 հազար տոննա (հավանաբար նկատի ունի խտանյութ)։ 1 կգ-ի արժեքը կազմում է ընդամենը 1.2 դոլար։ Մաքուր պնձի արժեքը մի քանի անգամ բարձր է։ Օրինակ՝ 2020 թվականին Հայաստան ներմուծված 76 հազար տոննա պնձալարի 1 կգ-ի մաքսային արժեքը կազմել է 4.9 դոլար։ Անգամ ջարդոնի տեսքով պղինձն է իր արժեքով անհամեմատ բարձր՝ 1 կգ՝ 4.6$: Համեմատեցի՞ք 1.2-ը 4.6-ի հետ»։ Ցավալի է, որ երկրի տնտեսության համար պատասխանատուներից մեկը չգիտի, որ Հայաստանում արտադրվող պղնձի խտանյութում մաքուր պղնձի պարունակությունը չի գերազանցում 25%։ Ավելի պարզ՝ խտանյութը բաղկացած է 25% մաքուր պղնձի մետաղից եւ 75%, այսպես կոչված, «հողից»։ Վճարում, բնական է, կատարվում է միայն մաքուր պնձի համար։ Հետեւաբար 1.2$-ը առավել քան համադրելի է 4.6$-ի հետ, կոպտագույն հաշվարկով այն կազմում է 4.8$ (1.2 x 4 (25%)):

Լավ, սա էլ դնենք մի կողմ, ենթադրենք գտել ենք ներդրումը ու կառուցել ենք նոր պղնձաձուլարան (ի դեպ Հայաստանը երբեք չի արտադրել մաքուր պղինձ, Ալավերդու պղնձաձուլարանն արտադրում էր, այսպես կոչված, «սեւ պղինձ» (blister cooper), որը դեռ ենթակա էր վերջնական մշակման: Իսկ ի՞նչ ենք անելու ամեն 1 տոննա վերամշակումից առաջացած 3(!) տոննա ծծմբաթթվի հետ»։

Աննա Սեդրակյանի հաշվարկներով, Հայաստանում տարեկան ունենալու ենք 1.500.000 տոննա 25-30 տոկոսանոց շատ ագրեսիվ, քիմիական այլ տարրերով հագեցած «կեղտոտ» ծծմբաթթվի լուծույթ, որը վաճառելու համար պետք է այն առաջին հերթին մաքրել քիմիական տարրերից եւ բարձրացնել կոնցենտրացիան մինչեւ 90%:

«Այս ամենը պահանջում է եւս մեկ մեծ արտադրամաս, որը չափազանց էներգատար է, ինչն ավելացնում է առանց այդ էլ բարձր ինքնարժեքը։ Բացի դա, վերը նշված գործընթացի իրականացման արդյունքում առաջանում են բարձր ռիսկայնության շատ վտանգավոր «սպիտակ կաթ» կոչվող թափոններ։ Փոքր երկրում նման թափոնների պահեստավորումը պոչամբարներում նույնիսկ քննարկման ենթակա չէ»,-նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնագետը՝ կառավարությանն ու նրա ղեկավարին մի շարք հարցեր ուղղելով. «Լավ, ենթադրենք ունեցանք բարձր խտայնության, վաճառքի ենթակա մեծ քանակի ծծմբաթթու։ Ո՞նց ենք վաճառելու այդ ապրանքը գերմրցակցային միջազգային շուկայում (որոշ երկրներ նույնիսկ նվիրում են ծծմբաթթուն, հասցնելով հնարավոր սպառման երկիր), ի՞նչ տրանսպորտային ուղիներով է այն արտահանվելու։ Ապաշրջափակված երկաթգիծը լուծում չէ, քանի որ մեծ հավանականությամբ հարեւան պետությունները թույլ չեն տա շրջակա միջավայրի համար այսչափ վտանգավոր բեռի տարանցիկ փոխադրումը, հաշվի առնելով մեր երկրների վտանգավոր ռելիեֆը։ Սա է պատճառը, որ աշխարհի հիմնական ձուլարանները կառուցվում են մեծ նավահանգիստների մոտակայքում, այդ վտանգավոր բեռը առավել անվտանգ եւ էժան տեղափոխելու համար։

Այսպիսով, վերադառնալով պարոն Թունյանի «համադրության» ակնարկին, միակ բանը, որ մենք պետք է համադրենք, դա օրվա իշխանության բացարձակ անգրագիտությունն է իրենց իսկ ինքնավստահության հետ։ Իսկ իրենք լավ կանեն համադրեն սեփական պոպուլիզմն ու օբյեկտիվ իրականությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031