Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Սահակյան. «Նա դիտավորյալ տարավ մեր երկիրը պարտության, հասցրեց ծնկաչոք վիճակի, որպեսզի հասարակության մի զգալի մասը ընդուներ, որ բանակը կռվեց ու պարտվեց»

Մարտ 30,2021 20:00

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանն անդրադառնալով երկրում ստեղծված բարդ իրավիճակում ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների միջեւ օրերս կայացած հանդիպմանն՝ ասաց. «Յուրաքանչյուր երկրի ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական հեղինակությունը ներկայացնում են  առաջին հերթին նրա գործող, բայց նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները: Դա այն հարստությունն է, որ յուրաքանչյուր ժողովուրդ տասնամյակների ընթացքում կուտակում է:

Հայաստանի այսօրվա իշխանությունների գլխավոր հարվածը սերունդների համերաշխությունը ոչնչացնելն էր: Նրանց կարգախոսը՝ մերժել նախկինը, կեցցե ներկան, իսկական հեղափոխականություն էր: Երբ բացարձակապես բացասվում է անցյալը, դա խզում է առաջացնում ժամանակաշրջանների, սերունդների միջեւ եւ այդ հասարակությունը հայտնվում է մերկ վիճակում ու անպաշտպան:

Ծնողին չընդունելը, չխնամելը, ծնողի նկատմամբ արհամարհական լինելը, աշխարհայացք է, դաստիարակության բացակայություն: Նույն իրավիճակում կարելի է հայտնվել նաեւ հակառակ գործընթացում, եթե ծնողները թույլ չտան երիտասարդներին աճել, առաջ գնալ:

Կարծում եմ, մենք խարդավանքներ չենք փնտրի նախագահների հանդիպումում: Արժեք է տարբեր իշխանության համակարգեր ներկայացրած, իրար հետ մրցակցող, ծանր անցյալ ունեցած նախագահների մի սեղանի շուրջ համատեղ նստելը: Դա  մեծագույն առավելություն է, ինչը պետք է մենք ողջունենք: Նրանց օրակարգում անշուշտ եղել է Արցախը, Արցախի անվտանգությունը, ճակատագիրը, ինչը այլեւս շատ կապված է նաեւ Հայաստանի անվտանգության հետ: Այսօր Հայաստանի ճակատագիրը մեծապես կախված է Արցախից: Իսկ Արցախը օր առ օր մեզանից հեռանում է: Վերջին 100, 200 տարվա ընթացքում Արցախը երբեք այնքան օտարված, այնքան խորթ, մեզ համար այնքան հեռու եւ անհասանելի չի եղել, ինչպես այսօր է»,- ասաց Արա Սահակյանը:

Նա խոսեց նաեւ վերջին պատերազմն սկսվելու, ընթացքի եւ հիմա Հայաստանի իշխանությունների կողմից հայ-թուրքական բարեկամությունը առաջնային պլան մղելու մասին:

«Ես դրա պատասխանն ունեմ: 2018 թվականին Հայաստանում իշխանության բերվեց մի ուժ, որը հանձն առավ լուծել ղարաբաղյան հակամարտությունը, փակել ղարաբաղյան հակամարտության էջը՝ դրանով փակելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական երկարատեւ թշնամությունը: Երբ որ նա ասաց, որ պատերազմի սկզբի շրջանում չգնաց արագ զինադադարի, հրադադարի, հաշտության, որովհետեւ մենք իրեն կանվանեինք դավաճան, նկատի ուներ հետեւյալ կարճ մտահանգումը: «Եթե խաղաղությամբ եմ ես  հարցը լուծում, մարդիկ ինձ կասեն՝ բայց չէ՞ որ կա բանակ: Թող բանակը կռվեր եւ մենք կհաղթեինք: Քանի որ մարդիկ ինձ կասեին, թե ինչու չկռվեցիր, ապա ես կռվեցի: Ես կռվեցի՝ իմանալով, որ մենք պարտվելու ենք, որովհետեւ ադրբեջանական բանակն արդեն ուժեղ էր մեզանից սպառազինությամբ եւ նրան պաշտպանում էր Թուրքիան ու տարածք էին բերվել, ռազմաճակատի գծին մոտեցվել էին մարտական մեծ փորձ ունեցող վարձկանները»:

Նա դիտավորյալ տարավ մեր երկիրը պարտության, հասցրեց ծնկաչոք վիճակի, որպեսզի հասարակության մի զգալի մասը ընդուներ, որ լավ է: Ընդուներ, որ բանակը կռվեց ու պարտվեց: Բայց եթե նա միայն պաշտպաներ այս կոնֆիգուրացիան, պատերազմը դադարեցներ ավելի վաղ, դա չէր աշխատի: Պետք է այս ամենին ավելացներ այն, ինչ արեց պատերազմից հետո: Ասաց՝ բանակը ի վերուստ դատապարտված էր: Նա պատերազմից առաջ երբեք չի ասել, որ մեր բանակը թույլ է, որ ունենք սպառազինության խնդիր, որ մեր բարձրագույն զինվորականությունը ունի այս-այս խնդիրները: Նա բանակը ներկայացնում էր կատարյալ սպառազինված, որ բյուջետային բոլոր հատկացումները ժամանակին գնում են, մենք ձեռք ենք բերում նոր զենք, զինատեսակներ, ավիացիա եւ այլն: Մնում է միայն գուլպաների ու ելակի հարցը լուծել: Իսկ պատերազմից հետո պոստ ֆակտում նա հորինեց այն ստահոդ պնդումը, թե բանակը թույլ է, 25-30 տարի թալանվել է եւ այլն, եւ այլն:

Այսօր ունենք հետեւյալ վիճակը: Երբ մենք նրան ասում ենք դավաճան, նկատի ունենք հետեւյալը: Որ այս իշխանությունը եւ նրա պարագլուխը եկան, պատերազմը չկարողացան կանխել, բանակցությունները ձախողեցին, պատերազմը պարտվեցին:

Արդեն հաջորդ քայլն է. պատերազմը պարտվել ենք, Ղարաբաղը դարձել է Ադրբեջանի ներքին գործ: Հիմա մնում է կատարել իրենց տերերի վերջին հանձնարարությունը՝ հաշտվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,- ասաց Արա Սահակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031