Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Ադրբեջանը ներթափանցել Գերմանիայի կառավարող շրջանակներ. VICE

Մարտ 30,2021 19:40

Կանադա-ամերիկյան հեղինակավոր VICE պարբերականը ծավալուն հետաքննություն է կատարել՝ բացահայտելով, Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ազդեցությունը Բունդեսթագի պատգամավորների վրա:

Հետաքննությունը, մասնավորապես, պարզել է, որ քննադատներին խլացնելուն հակված նավթով հարուստ Ադրբեջանը վերջին տարիներին փորձել է Եվրոպայում իր համար բարձր վարկանիշ ստեղծել: Մասնավորապես, նա դա արել է սպորտային միջոցառումներ հովանավորելու և քաղաքական գործիչներին կաշառելու ճանապարհով: Եվ միշտ չէ, որ դա հաջող ավարտ է ունեցել: Օրինակ, 2020թ. բացահայտվեց, որ Եվրախորհրդի իտալացի անդամ Լուկա Վոլոնտեին 2 միլիոն եվրո են վճարել՝ կանխելու համար Ադրբեջանի դեմ քննադատական բանաձևը: Վոլոնտեին Միլանի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել: Փորձագետները համոզված են, Վոլոնտեն սառցաբեկորի գագաթն է միայն: Գերմանիայում քննություն է ընթանում մի քանի պատգամավորների նկատմամբ:

Հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանը Գերմանիայում կարողացել է ստեղծել լոբբիստների և քաղաքական գործիչների մեծ ցանց, քանի որ Հայաստանի հետ երկարատև դիմակայության պայմաններում Ադրբեջանը հուսահատ կերպով փորձում էր լավ լուսաբանում գտնել արտասահմանյան մամուլում:

Մասնավորապես, Խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Բարայսը, որն առանցքային դերակատարություն ուներ Մերկելի տնտեսական քաղաքականության մեջ, մի քանի անգամ այցելել է Ադրբեջան: Անցյալ տարի, COVID-19-ի առաջին ալիքի ժամանակ նա կոչ էր անում Ադրբեջան ուղարկել թոքերի օդափոխման սարքերով նավ: Առաջարկը մերժվեց, քանի որ այդ սարքերը անգամ Գերմանիայում փոքր քանակությամբ էին մատակարարվում:

Քրիստոնեա-դեմոկրատական միության մեկ այլ պատգամավոր՝ Օլավ Գութինգը, բազմիցս աչքի է ընկել Ադրբեջանի հասցեին խոսքեր շռայլելով, օրինակ, 2018թ. գերմանա-ադրբեջանական տնտեսական գագաթաժողովի իր ելույթում, կամ երբ գովում էր այդ երկրի «ժողովրդավարության վաղեմի պատմությունը»:

Մինչդեռ Ալիևի ռեժիմի կողմից բանտարկված քննադատները թերևս այլ կարծիք ունեն: Ըստ VICE-ի հետաքննության, Գութինգը խորհրդարանի իր գրասենյակում աշխատանքի է ընդունել ադրբեջանցի փորձնակի, որն իր ֆեյսբուքյան էջում շողոքորթում էր բռնապետ Ալիևին, իսկ հայերին ներկայացնում որպես «կենդանիներ» և «շներ»: Ընթացիկ ընտրաշրջանի առաջին 22 ամիսներին Գութինգը հայտարարագրել է 450 հազար եվրո լրացուցիչ եկամուտ, բացի իր խորհրդարանի աշխատավարձից: Որպես իրավաբան՝ օրենքով նրան թույլատրված է գաղտնի պահել իր հաճախորդներին և իր եկամտի առանձնահատկությունները:

Գութինգի նման պատգամավորները պարբերաբար հայտնվում են Ադրբեջանի պետական ​​մամուլում `իրենց հաճոյախոս մեկնաբանությունների համար: Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ են հարցազրույցներ հեռարձակում գերմանական TV Berlin հեռուստաալիքից: Հեռուստաալիքի դեմքերից է Պետեր Բրինքմանը, որը կարծես կորցնում է քննադատական մտածողությունը, երբ գործը հասնում է Ադրբեջանի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղին: Զարմանալիորեն այս թեմային հեռուստաալիքն անդրադառնում է բավականին հաճախ և միակողմանիորեն: 2015թ. գերմանացի լրագրող Շտեֆան Նիգեմայերը TV Berlin-ն անվանել է «Ադրբեջանի պետական հեռուստաալիք»:

Հենց նույն տարում Բրինքմանը հարցազրույց էր վերցրել ՔԴՄ պատգամավոր Քարին Շտրենցից, որը վերջերս մահացավ: Հարցազրույցը վառ օրինակ էր՝ ինչպես չվարել քաղաքական հարցազրույց. Չկային քննադատական հարցադրում, միայն հաստատումներ էին: Հարցազրույցից հետո Շտրենցը Բրինքմանին գովեստի է արժանացրել որպես «լրագրության իրական լեգենդ»:

Ինքը՝ Շտրենցը, Ադրբեջանի ուշադրության կենտրոնում էր մինչև այն պահը, երբ բացահայտվեց, իսկ հետո մահացավ Կուբայում: Ֆրանկֆուրտի դատախազությունը Շտրենցի դեմ գործ է հարուցել կաշառակերության, ընտրված պաշտոնյաների կաշառելու և փողերի լվացման կասկածանքով: 2014-2015թթ. նա Ադրբեջանից ստացել է առնվազն 15 հազար եվրո: Մեղքը հաստատվելու դեպքում Շտրենցին սպառնում էր 5 տարվա ազատազրկում:

Բացի Շտրենցից՝ TV Berlin-ը հարցազրույցներ էր վերցրել նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպանից, ուրախ ռեպորտաժ հրապարակել Ալիևի՝ Գերմանիա այցի վերաբերյալ, հաճելի վավերագրական ֆիլմեր՝ Ադրբեջանի և նրա մշակույթի մասին:

Հեռուստաալիքից հրաժարվել են VICE-ին մեկնաբանություն տալ, իսկ հեռուստաալիքում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ բազմաթիվ հաղորդումներ անուղղակիորեն ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից: Այս տեղեկությունը հաստատվել է նաև այլ աղբյուրներից:

Ֆինանսավորումը կազմակերպվել է «Ադրբեջանի եվրոպական հասարակություն» (TEAS) լոբբիստական կազմակերպության միջոցով: Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը հաստատում են համագործակցությունը: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը Բաքվում է: 2008-2018թթ. այն լոբբիստական գործունեություն է ծավալել Լոնդոնում, Փարիզում, Ստամբուլում, Բեռլինում և Բրյուսելում: Կազմակերպությունը հիմնվել է Ադրբեջանի աղետների կառավարման ազդեցիկ նախարար Քամալադդին Հեյդարովի որդիների՝ Նիջաթ և Թալե Հեյդարովների կողմից: Կազմակերպության նպատակների մեջ նշվում է՝ բարձրացնել երկրի տնտեսական ներուժը և «բարձրացնել գիտակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ»:

Կազմակերպությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ այն նպատակ է ունեցել հասնել հնարավոր մեծ ազդեցության՝ իր նվազագույն տեսանելիությամբ: Եվ իսկապես, TEAS-ի անունը երբևէ չի շոշափվել մամուլում, բացառությամբ նրա գերմանացի ղեկավար Շահին Նամաթիի մասին մի քանի հրապարակումներից:

Նամաթին իր հերթին գործարար է Էսսենից, որն ունի իրանա-ադրբեջանական ծագում և ազդեցիկ կապեր Գերմանիայի խորհրդարանում: Նա կազմակերպել է առանձին քաղաքական գործիչների այցերը Բաքու, շքեղ ընթրիքներ և խնջույքներ: VICE-ի աղբյուրների համաձայն՝ Նամաթին ու Բրինքմանը մոտ ընկերներ են: Նամաթին ևս հրաժարվել է մեկնաբանություն տալ պարբերականին:

Գութինգը նույնպես հրաժարվել է զրուցել VICE-ի հետ: Շտրենցը ևս մահից երկու օր առաջ նամակ էր ստացել պարբերականից Ադրբեջան կատարած իր այցերի, ինչպես նաև TV Berlin-ի և TEAS-ի հետ իր կապերի մասին և չէր արձագանքել:

Ի պատասխան պարբերականի հարցման՝ Բարայսն ասել է, որ Ադրբեջանում եղել է հինգ անգամ, դրանց մասին խորհրդարանում պատշաճ տեղեկացված են եղել, իսկ Հայաստանում եղել է միայն մեկ անգամ: Նա նաև հերքել է իր կապե TEAS-ի և Նամաթիի հետ, և որ երբևէ գումար կամ այլ շահ է ստացել TEAS-ից՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031