Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տան միակ լույսն ու հույսը…Փակվեց իմ դուռն ու պատուհանը». Այս պատերազմում հերոսացած Հրանտ Չիլինգարյանի ծնողները տվեցին ամենաթանկը՝ միակ զավակին

Մարտ 30,2021 19:01

«Ավետարանում այսպիսի հատված կա՝ «այրի կնոջ լուման»: Երբ Քրիստոսը տաճարում հետեւում էր գանձանակին մոտեցողներին եւ տեսավ մի կին, որն իր վերջին լուման դրեց գանձանակի մեջ: Նա կանչեց իր աշակերտներին եւ ասաց՝ այս կինը բոլորից շատը տվեց, որովհետեւ իր ամբողջ ունեցածը տվեց»: Այսօր պատերազմում հերոսացած Հրանտ Չիլինգարյանի ծննդյան օրն է ու Հայ առաքելական եկեղեցու քահանան մատնացույց անելով Հրանտի ծնողներին՝ Աստվածաշնչի այս պատմությունը պատահական չհիշեց. «Դուք ձեր ամենաթանկը տվեցիք, ձեր ամբողջ ունեցածը տվեցիք»:

Հրանտն իր ծնողների միակ զավակն էր: Պատերազմից հետ չեկավ: Նա այսօր կդառնար 20 տարեկան: Հարազատները, ընկերները, հարեւանները հերոսի ծննդյան օրը պիտի հավաքվեին նրանց տանը, համտեսեին մասնագիտությամբ պրոֆեսիոնալ խոհարար Հրանտի հրաշալի ուտեստները, վայելեին նրա ներկայությունը, բայց պատերազմը խաթարել է այս ամենը: Հիմա բոլորը հավաքվել են շենքի բակում ու հերոսի ծննդյան օրը մասնակցում են նրա հիշատակին կառուցված ցայտաղբյուրի բացմանը: Առաջին ուսուցչուհուց սկսած՝ բոլորը վերհիշում են, թե ինչ տեսակ էր Հրանտը՝ ինչքան պարզ ու ազնիվ ու ինչքան մեծ է կորստի ցավը: Բայց ծնողների ցավն աննկարագրելի էր, անպատմելի: Մայրը, գլուխը թեք լսում էր քահանայի խոսքերը, արցունքները կաթում էին ցայտաղբյուրի մոտ, հայրը գրկում էր որդու տարիքի տղաներին, հենվում ուսին ու հեկեկում:

«Մեր տան միակ լույս ու հույսը: Չունեմ էլ ոչինչ: Փակվեց իմ դուռն ու պատուհանը: Ինձ որ աստղեր էլ իջացնեն երկնքից, ինձ ոչինչ պետք չի: Ինձ պետք էր իմ միակ որդին, որ այսօր չկա: Ոչ մի բան էլ չեմ ուզում: Մենակ արդեն կուզեմ գնամ իմ երեխու մոտ»,- մեզ հետ զրույցում ասում էր Հրանտի մայրը՝ Նվարդ Չիլինգարյանը:

Նա ասաց, որ որդին պատերազմ գնալուց առաջ հորը զգուշացրել է. «Պապ, մամայիս լավ կնայես, չթողես շատ մտածի, շատ նեղվի: Ասեց՝ մամ ջան, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես, պիտի դու լավ լինես, որ գամ՝ քեզ լավ տեսնեմ: Ասեց՝ դու հիվանդ ես, եթե գամ տեսնեմ դու չկաս, էլ իմ ապրելը քանի՞ կոպեկ արժե: Հիմա ի՛մ ապրելը քանի՞ կոպեկ արժի, եթե ինքը չկա… Ախր շատ լավատես էր մեր Հրանտը: Միշտ առաջ էր ուզում գնալ, երբեք հետ չի նայել: Նույնիսկ պատերազմի ժամանակ: Միշտ ասում էր՝ մա՛մ, մենք հաղթելու ենք: Երբեք ընկճված չի խոսել, զանգել է միշտ բարձր տոնով, ոգեւորված՝ մամ ջան, բարի լույս, գանձս, ո՞նց եք…Ոնց որ սկի պատերազմի դաշտից չզանգեր երեխես: Բայց վերջին զանգն ինձ շատ հուսախաբ արեց: Էլ ոչ բարեւ, ոչ բարի լույս, մենակ ասեց՝ մամ, մի քանի օր կարող է չզանգեմ, կապը լավը չի: Հետո իմացա, որ իրենց դիրքեր են տարել այդ պահին, մի քանի ժամ հետո երեխես զոհվել է: Իր հետ եղած կամավորները պատմում են, որ 52 հոգանոց զորքից 10 հոգին վիրավորվել են, 42 հոգին զոհվել»:

Ծնողները պատմում են, որ երբ որդին ծառայել է Գյումրիի զորամասում, ռուսական զորամասում խոհարարի կարիք է եղել, առաջարկել են մնա, չի համաձայնել. Ընկերները Ղարաբաղում են եղել, սիրտը չի տարել նրանց մենակ թողնել. «Իր ծառայության վայրը Թալիշն է եղել, բայց զոհվել է Մատաղիսում: Երբ տեսանք, որ ոչ մի տեղից լուր չենք ստանում՝ նախարարություն ենք դիմում՝ չկա, զինկոմիսարիատ ենք դիմում՝ չկա, ոչ մի տեղից լուր չունեինք, ստիպված գնացինք Կարմիր խաչ: Նոյեմբերի 4-ին եկան մեզ ասացին, որ ԴՆԹ հանձնենք: 8 օրից հետո բացասական պատասխան ստացանք, ուրախացանք, ասեցինք՝ մեր որդին չի: Դու մի ասա՝ ոսկորը վառված է եղել, չեն կարողացել նորմալ նմուշ վերցնել: Նորից էին վերցրել անալիզ, 5 օրից հետո արդեն եկավ այդ «դրականը»»:

Հրանտի ընկերները, հարազատները գրկախառվում էին ծնողներին ու սփոփանքի խոսքեր չէին գտնում: Քահանայի խոսքով՝ «Իրենց նահատակության դիմաց թեկուզ աշխարհի գանձերը տանք՝ հետ չենք բերի: Ինչ էլ տանք ձեզ, ոչ մի ձեւ չենք կարող սփոփել կամ մխիթարել այն վիշտը, որ դուք ունեք: Բայց սուրբ գրքում կա մի սկզբունք, որտեղ ասվում է՝ չկա ավելի մեծ սեր, որ մեկը իր անձը տա իր եղբոր համար: Սիրո ամենամեծ դրսեւորումը անձնազոհ սերն է: Եվ չկա ավելի մեծ զոհողություն ծնողի կողմից, քան իր զավակին հանուն հայրենիքի եւ հանուն հավատքի տալը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031