Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավորություն կտա հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնել». ռազմական գործողությունների մասնակիցները ծրագրավորման դասընթաց կանցնեն

Մարտ 30,2021 17:32

Ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովման նպատակով՝ այսօր հուշագիր է ստորագրվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  ու  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։

Ըստ այդմ՝ կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տևել 3-ից 6 ամիս՝ կախված մասնագիտությունից։

ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մարտական գործողությունների մասնակիցների ֆիզիկական և հոգեբանական վերականգնումից զատ՝ կարևորել է վերջիններիս սոցիալական երաշխիքների, մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության ապահովումը։

«Պատերազմի մասնակիցների նկատմամբ պետության պարտավորությունը պատշաճ իրականացվում է առողջության վերականգնման և սոցիալական  երաշխիքների տրամադրման շրջանակում։ Միաժամանակ կարևորում ենք նաև պատերազմի մասնակիցների՝ մասնավորապես վիրավորում ստացած անձանց որակյալ կրթություն ստանալու և հետագայում աշխատանքով ապահովվելու իրավունքը»։

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում տեղի ունեցող նորարարություններին ու փոփոխություններին, նշել է, որ մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք է լինելու․ «Այս ծրագիրը մեր զինվորների համար կարևորագույն ծրագրերից մեկն եմ համարում, որը  հնարավորություն կտա կրթություն ստանալ և որոշակի գործիքակազմի տիրապետելով՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնել»։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ծրագրին մասնակցելու գործում էական է համարել մասնագիտական բազային գիտելիքների առկայությունը, նաև մասնակիցների՝ ծրագրում ընդգրկվելու ու սովորելու շատ մեծ ցանկությունը։

ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է, որ ծրագրով  հետաքրքրված քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ։ Դասընթացների ընթացքում մասնակիցներին կտրվի կրթաթոշակ, և այն հաջողությամբ ավարտելուց հետո, նրանք պրակտիկա կանցնեն ՏՏ կազմակերպություններում։

ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031