Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուշոնկայի գործով» իրեղեն ապացույցները վկաներին ցույց են տրվել տեսանյութով, արկղերը եղել են փակ

Մարտ 30,2021 17:15

«Վկաները կանչվել են հարցաքննության`չիմանալով, թե որ քրեական գործով է: Քննությունն իրականացվել է սահմանված կարգի խախտմամբ, քննիչը հարցաքննել է վկաներին`առանց ցույց տալու այն ապրանքը, որը կապ ունի գործի հետ»,- այս հայտարարությունն այսօր Նազիկ Ամիրյանի դատական նիստի ընթացքում արեց պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվեց պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Նազիկ Ամիրյանի գործը անջատվել էր Մանվել Գրիգորյանի գործից: ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար: Գործը գտնվում է վկաների հարցաքննության փուլում:

Դատախազն առարկեց պաշտպանին`ասելով, որ գործերում նշված է, թե որ քրեական գործով են հարցաքննվել վկաները, վկաներն էլ հաստատեցին իրենց տված ցուցմունքները: Պաշտպանական կողմը խախտում է համարում նաեւ այն, որ վկաները հարցաքննության մասին տեղեկացվել են ոչ թե պատշաճ կարգով, այլ վարչական ղեկավարության, տվյալ դեպքում դպրոցի տնօրենի միջոցով եւ նրա հետ ներկայացել են հարցաքննության: Դատախազն այս մասով էլ որեւէ խնդիր չի տեսնում, թեեւ չգիտի`վկաները ծանուցագրեր ստացե՞լ են, թե՞ ոչ:

Վկա Սոս Վարդանյանը, որը 2016-ին եղել է Երեւանի 50 դպրոցի տնօրեն, պատմեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ, դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կոլեկտիվները օգնություն են հավաքել զինվորների համար: 20-25 արկղ`մսի պահածոներ, խտացրած կաթ, տաք հագուստ, ծածկոցներ, ներքնաշորեր, քաղցրավենիք, դեղորայք, սանիտարահիգիենիկ պարագաներ: Ամեն արկղի մեջ էլ նաեւ «ոսկեզօծ խաչեր» են դրել`«ում որ հասնի, Աստված պահապան լինի»: Երեխաները նաեւ նամակներ են գրել զինվորներին: Որպեսզի հնարավորինս արագ տեղ հասնի օգնությունը, իր տեղակալ Անժելա Հովհաննիսյանն առաջարկել է Մարգարիտա Խաչատրյանի միջոցով կազմակերպել օգնության տեղափոխումը: Տնօրենը պատմեց, որ այդ օրերին իրենց եւ թիվ 38 դպրոցների զինղեկները եղել են Արցախում`Մարտունիում: Վերադարձից հետո իրենց դպրոցի զինղեկը պատմել է, որ աշակերտների նամակները հասել են զինվորներին. ինքը լսել է, որ զինվորները կարդալիս ասել են`թիվ 50 դպրոցի աշակերտներից`«այսինչ այսինչյանը գրել է…»:

Դատախազը հետաքրքրվեց 2018-ին Մանվել Գրիգորյանի անվան հետ կապվող հայտնի իրադարձություններից: Սոս Վարդանյանն ասաց, որ հեռուստատեսությամբ ցուցադրված նյութերն են տեսել`զարմացել են, իրենց համար անսպասելի է եղել. «Ինքս, ճիշտն ասած, չեմ հավատացել, որ կարող է այդպիսի բան լինել: Բայց թե ի՞նչ ձեւով են հայտնվել, ոնց է եղել`չեմ կարող ասել: Ես իմացել եմ լրատվությամբ, հեռուստատեսությամբ, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել: Իհարկե, ինձ համար եւ զարմանալի է, եւ ցավալի էր, որ հանկարծ կարող է Արցախի հերոս, երջանկահիշատակ Մանվել Գրիգորյանի տանից հայտնվեր այդ ամենը, մանավանդ, որ ինքը մեծ ավանդ ու լումա ունի արցախյան առաջին պատերազմի ժամանակ»:

Հեռուստատեսությամբ ցուցադրվածից մեկ-երկու արկղի վրա տեսել է թիվ 50 նշումը. «Զարմանք ու ցավ ապրեցի: Անսպասելի էր»: Արկղերը փակ են եղել, «թիվ 50 դպրոցը» արկղի ճակատային մասով խփած է եղել, այդպես են հասկացել, որ դա իրենց դպրոցից ուղարկված արկղ է: Դատախազը հետաքրքրվեց`հարցաքննության ժամանակ քննիչը լրացուցիչ տեսանյութ ցույց տվե՞լ է, վկան պատասխանեցոչ: Նաեւ ասաց, որ քննիչի կողմից ոչ մի ճնշում, ուղղորդում չի եղել: Ավելի ուշ, պաշտպանական կողմի հարցերին ի պատասխան՝ վկան ասաց, որ հարցաքննության ժամանակ տվյալ քրեական գործով անցնող արկղն իրեն ցույց չեն տվել, միջի պարունակությունը`նույնպես եւ որ, ինքը չգիտի, թե իրենց դպրոցի համարով նշագրված արկղի մեջ ի՞նչ է եղել. «Ես չեմ տեսել էդ արկղը, ո՞նց իմանամ: Ես էդ արկղը հեռուստատեսությամբ եմ տեսել, ես ի՞նչ իմանամ մեջն ինչ է եղել»: Իսկ հեռուստատեսությամբ ցուցադրված արկղն էլ փակ է եղել:

Թիվ 50 դպրոցի քարտուղար Անահիտ Սարգսյանն իր ցուցմունքում կոնկրետ նշել էր, թե հեռուստատեսությամբ տեսած տեսաձայնագրությամբ տեսել է, թե ի՞նչ ապրանքներ են եղել արկղում, նաեւ ասել էր, որ դպրոցի զինղեկը 2016-ին կամավոր մեկնել է Արցախ եւ իր հետ նամակներ էլ է տարել: Տնօրենը պնդեց, որ զինղեկն իրեն ասել է, որ արկղերի մեջ դրված նամակներ են հասել Մարտունի, հետեւաբար, իրենց ուղարկած օգնությունը տեղ է հասել:

Տնօրենը պարզաբանեց, որ հեռուստատեսությամբ ցուցադրված արկղում գրված է եղել «խտացրած կաթ» (մթերքների տարբերակումներն իրենք նախապես էին արել եւ գրել արկղերի վրա`դպրոցի համարի հետ), բայց պնդեց, որ արկղը փակ է եղել, միջի պարունակությունը տեսանելի չի եղել:

Վկաներից Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի Հայկ Ղազարյանի անվան դպրոցի հնոցապան Մարտիկ Մարդատյանն էլ ասաց, որ հարցաքննության ժամանակ իր վրա ճնշում չի եղել: Ասաց նաեւ, որ իրեն հարցաքննողը չի ասել, թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում են իրեն հարցաքննում, նաեւ գործով անցնող արկղերը ցույց չի տվել, իր ցուցմունքն էլ ինքը մինչեւ վերջ չի կարդացել, թեեւ քննիչն ասել է, որ կարդա:

Տավուշի մարզի Չորաթան գյուղի դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանն էլ պատմեց, որ 10 արկղ օգնություն են հավաքել. հիմնականում ծխախոտ, վերմիշել, կոնֆետներ, հիգիենայի պարագաներ`ով ինչ կարողացել է բերել, ինքն էլ իր մեքենայով տեղափոխել է Բերդի 3-րդ դպրոց, այնտեղ պետք է կենտրոնացնեին հավաքվածը: Թե հետո ո՞վ եւ ինչպե՞ս է տեղափոխել սահման`չգիտի: Իրենց տարած արկղերի վրա գրված է եղել. «Սահմանից`սահմանին»: 2018-ին, երբ իրեն հրավիրել են Իջեւան`հարցաքննության, ըստ տեսանյութի, իրենց ուղարկած օգնությունից մեկ արկղ է եղել: Արկղի մեջ ի՞նչ է եղել`չի տեսել, արկղն էլ տեսանյութով է տեսել: Քննիչն էլ տեղեկատվություն չի տվել, թե արկղում ի՞նչ կա: «Ես ո՞նց կարամ իմանամ`իմ ապրանքն է էդ արկղում եղել, էդ ապրանքից բոլոր խանութներում էլ վաճառում են»,- ասաց Վազգեն Զարգարյանը: Նա հստակ չկարողացավ ասել`քննիչի մոտ տեսած եւ հեռուստատեսությամբ ցուցադրված տեսանյութերը նո՞ւյնն են եղել, թե՞ տարբեր:

Նույն դպրոցի ուսուցչուհի Նորա Գրիգորյանը նույնպես ասաց, որ խնդրո առարկան տեսել է տեսանյութով, արկղն էլ եղել է փակ, քննիչն էլ չի մանրամասնել, թե արկղում ինչ կա: Իր տեսած տեսանյութում եղել է միայն իրենց դպրոցի մակագրությամբ արկղը, թե այն որտե՞ղ է գտնվում, վկային չի ասվել: Վկան երկու անգամ ասաց, որ չի կարդացել իր ցուցմունքը, բայց ստորագրել է, դատավորի հետագա հարցերից հետո, հստակեցրեց`դե եթե ստորագրել է, տրամաբանությունը հուշում է, որ կարդացել է: Պաշտպանական կողմը միտում է տեսնում դատավորի վարքագծում: Դատախազը հակադարձեց`նկատելով, որ վկայի ցուցմունքներում հակասություններ չկային, որ դատավորն էլ նրան փորձեր ինչ-որ բանում համոզեր, 2,5 տարի է անցել, վկան հուզված էր, կարող էր մոռանալ`կարդացե՞լ է իր ցուցմունքը, թե՞ ոչ:

Վկաների հարցաքննությունը շարունակվում է:

Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին, ժամը 12. 00-ին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031