Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սահմանադրական կարգի տապալման գործով (մեղադրյալներ՝ Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գեւորգյան, Սեյրան Օհանյան) հերթական դատական նիստում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց չքննարկել ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հանդեպ 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, քանի որ նոր միջնորդություն նախապատրաստելու հիմքով բացակայում էին մեղադրող դատախազներ Գեւորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը։
Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը նշեց․ «Այն դատախազները, որոնք դատական նիստերին գալիս եւ խրոխտ ձայնով ասում են, թե իրենք ոչ թե օգտագործվող են, այլ օգտագործող, այսօր չներկայացան։ Ամբողջ դատախազությունից չգտնվեց մեկ դատախազ, որ ներկայանար նիստին։ Սա ապշելու է։ Երեւի թե վախեցան գալ նիստի»։
Արամ Վարդեւանյանի բնորոշմամբ՝ դատախազությունը հիմա փորձում է իր քաղաքական պատվիրատուների իղձերն ու ցանկություններն ինչ-որ կերպ հետաձգել, թե ինչ-որ այլ բան անել, դժվար է ասել․ «Բայց մի բան է հստակ, որ սա իրավաբանություն չէ։ Կարող էին գալ եւ ասել, որ միջնորդություն ունեն, բայց վախենալ ու չգալ՝ սա խայտառակություն է»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն օրերս հակասահմանադրական ճանաչեց 300․1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին, եւ, պաշտպանների խոսքով, այդ հիմքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ