Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սահմանադրական կարգի տապալման գործով (մեղադրյալներ՝ Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գեւորգյան, Սեյրան Օհանյան) հերթական դատական նիստում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց չքննարկել ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հանդեպ 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, քանի որ նոր միջնորդություն նախապատրաստելու հիմքով բացակայում էին մեղադրող դատախազներ Գեւորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը։
Նիստի ավարտին մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք հայտնեց, որ դատարանն ապօրինաբար է շարունակում քրեական հետապնդումը մեղադրյալների հանդեպ․ «Չկա փաստական տվյալ, որ Յուրի Խաչատուրովը 2008թ․-ին ապօրինի որեւէ գործողություն է կատարել։ Մենք այս պահին մեղավոր չենք, որ անկյունաքարային գործողություններից առաջինը եղավ ՍԴ որոշումը։ Վստահեցնում եմ՝ քրեական գործում չկա որեւէ փաստ, որ Խաչատուրովն ապօրինի քայլ է արել»։
Միհրան Պողոսյանի խոսքով՝ արդեն նշանակություն էլ չունի, թե առաջիկա նիստում մեղադրող-դատախազներն ինչ միջնորդություն կներկայացնեն․ «Պարտավոր չենք սպասել։ Ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն պետք է կայացվի ՍԴ որոշումից անմիջապես հետո»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրատեսակա՞ն է, որ դատախազները փոփոխված մեղադրանքով կգան հաջորդ նիստին։ «Հաշվի առնելով վերջին երեք տարվա գործողությունները՝ չեմ բացառում, որ քաղաքական իշխանության մտքին այլ քամիներ կփչեն։ Իրավական առումով նոր՝ օրինական մեղադրանքի ի հայտ բերումը բացառում եմ։ Չկա փաստական տվյալ՝ նոր մեղադրանք ստեղծելու կամ հորինելու համար։ Իսկ թե քաղաքական առումով ինչ ցնդաբանության կհանգի իշխանությունը՝ դա արդեն երեւակայությունից դուրս է»,-պատասխանեց Միհրան Պողոսյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ