«Կարծում եմ՝ դատական համակարգն ինքը պետք է պարզի, թե ի վերջո ովքեր են մեղավոր այդ սպանություններում (նկատի ունի մարտի 1-ի զոհերին․-խմբ․)։ Քանի տարի այս գործը քննվում է, եւ ես մի անգամ չէ, որ ասել եմ՝ սահմանադրական կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող հանդիսանալ այն անձինք, որոնք իրենց հարազատներին կորցրել են։ Սպանությունների հոդվածն այլ է, սահմանադրական կարգի տապալման հոդվածը՝ այլ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց սահմանադրական կարգի գործով մեղադրյալ, մարտյան իրադարձությունների դրությամբ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՍԴ-ն օրերս հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը)։
Օհանյանը հավելեց․ «Առավել եւս, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց սահմանադրական կարգի տապալման հոդվածը․․․․Վարչապետի աթոռին սոսնձված անձը դատապարտվել է (նկատի ունի «7-ի գործը», որով մեղադրյալներ էին մարտի մեկի մասնակից ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը), եւ իր իշխանության ժամանակ՝ այս երեք տարում, այդ հոդվածը չի հերքվել։ Այո, նա զանգվածային անկարգությունների կազմակերպման համար է դատապարտվել, եւ այդ հոդվածը մինչեւ հիմա մնում է իր վրա, իսկ այս ամենն արդյունք է զանգվածային անկարգությունների»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ զանգվածային անկարգությունների համար մեղադրված ընդդիմադիրներն ի՞նչ կապ ունեն այն փաստի հետ, որ մարտյան դեպքերի ժամանակ «Չերյոմուխա»-ի կիրառումից ցուցարարներ զոհվեցին։ Սեյրան Օհանյանն ի պատասխան հարցադրում արեց․ «Ոստիկանությունը հենց այնպես վերցրեց ու «Չերյոմուխա» կիրառեց խաղաղ մարդկանց հանդե՞պ։ Այդպես չի լինում։ Ոստիկանության զորքերին հարցրեք։ Պատասխանը պետք է նրանք տան եւ դատական համակարգը: Ես ոչ հրաման եմ տվել կրակելու, ոչ զորք եմ հանել․․․»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ