Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ձեզ կողքից տեսե՞լ եք», «ապօրինի քրեական հետապնդումը պարտավոր եք դադարեցնել»․ Քոչարյանի պաշտպանները՝ դատավորին

Մարտ 30,2021 15:21

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո սահմանադրական կարգի տապալման գործով առաջին դատական նիստն էր։

Հիշեցնենք՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով 2008թ․ մարտյան իրադարձությունների շրջանակում մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւս՝ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանին, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։

Պաշտպանական կողմը հայտարարել է, որ ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մեղադրող դատախազներից դիմում է ստացվել նիստը հետաձգելու մասին, քանի որ միջնորդություն են նախապատրաստում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վրդովվեցին այն հանգամանքից, որ դատավորը, փոխանակ կատարի ՍԴ որոշումը եւ դադարեցնի Քոչարյանի եւ մյուսների հանդեպ քրեական հետապնդումը՝ քննարկում է նիստը դատախազների միջնորդության հիմքով հետաձգելու հարցը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դիմեց դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հիշեցնելով, որ ՍԴ որոշումը կայացվել է օրեր առաջ․ «Սակայն այս պահին փաստացի մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որ ՔՕ-ում այլեւս գոյություն չունի։ Դուք փոխանակ քննարկեք մեր միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որն իրականում քննարկելու կարիք էլ չկա, արդեն պետք է դադարեցրած լինեինք, նիստը հետաձգելու հարց եք քննարկում․․․Պատկերացնո՞ւմ եք՝ դուք ինչ ծավալի օրինախախտում եք անում։ Կոնկրետ ասե՞մ անունը, ուզո՞ւմ եք ասեմ, որ դուք հանցագործության եք մոտենում։ Չեմ ուզում դատարանին վիրավորեմ։ Դուք մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որն ուրբաթ օրից էլ չկա։ Դուք դա լո՞ւրջ եք պատրաստվում անել, արդեն համաձայնեցրել եք դատախազների հե՞տ։ Դուք պատրաստվում եք նիստը հետաձգել յոթ օր ու շարունակել քրեական հետապնդումը, որպեսզի դատախազները հնարավորություն ունենան մեղադրանք փոխե՞լ։ Պատկերացնում եք, որ կարող եք դրա տակից դուրս գա՞լ, կամ նրանք, ովքեր ձեզ նման հրահանգ են տվել»։

Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց վիրավորական արտահայտություններից խուսափել։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն էլ հայտարարեց՝ դատարանի աշխատակազմից ճշտել են, որ Աննա Դանիբեկյանը երեկ մինչեւ ուշ երեկո եղել է աշխատավայրում, ուստի կար բավարար ժամանակ՝ ՍԴ որոշման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնելու համար․ «Հարգելի դատարան, դատախազները չեն կարող ձեզ ճնշել, չի կարող լինել նման բան»։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրող դատախազները նիստին չեն եկել։

Ապա մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ ՍԴ որոշման հիմքով դատարանը պարտավոր է քրեական հետապնդումը դադարեցնել։ Դատավոր Աննա Դանիբեկյանն արձագանքեց, որ պաշտպանը նիստի հետաձգման հարցի մասին չի արտահայտվում, եւ այս հիմքով չթույլատրեց շարունակել խոսել։ Միհրան Պողոսյանը վրդովվեց․ «Դուք ձեզ կողքից տեսե՞լ եք, դուք կուզեի՞ք ձեր պես դատավորը ձեզ դատի»։

Ապա դատական կարգադրիչը մոտեցավ խոսափողը վերցնելու՝ ասելով, որ դատարանը չի թույլատրում շարունակել խոսել։ «Ձեռքս թո՜ղ»,-բղավեց Միհրան Պողոսյանը, ապա բղավեց․ «Ապօրինի քրեական հետապնդումը պարտավոր եք անմիջապես դադարեցնել»։

Մեղադրյալներից Արմեն Գեւորգյանը եւս դիմեց դատավորին․ «Ես դեռեւս ՀՀ քաղաքացի եմ, դուք էլ։ Սահմանադրությամբ եւ ունեմ իրավունքներ եւ պարտականություններ, դուք նույնպես։ Իմ ու ձեր տարբերությունը նրանում է, որ դուք կոնկրետ պարտականություններ ունեք նաեւ իմ իրավունքները պաշտպանելու, ուստի խնդրում եմ այդ մասին երբեք չմոռանալ»։

Ապա դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ստացել է պաշտպանական կողմի դիմումները՝ մեղադրյալների հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն քանի որ դատախազները բացակա են՝ դրանք կքննվեն հաջորդ դատական նիստում՝ ապրիլին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031