Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հիշեցրեց, որ Արցախի մասին 3 ֆիլմ ունի` «Թեւանիկը», «Վերջին բնակիչը» եւ «Դրախտի դարպասը», ապա անդրադարձավ նոր ֆիլմի ստեղծմանը:
«2018թ-ին մեր թիմով սկսել էինք աշխատել նոր գաղափարի` «Վերածնվածը» լիամետրաժ ֆիլմի շուրջ: Փորձում էինք ավելին անել, անդրադառնալ 2016թ Ապրիլյան պատերազմին: Մեզ համար կարեւոր է եղել առաջնային դիրքում ստեղծել արվեստի բարձրորակ աշխատանք, եւ ֆիլմը չի եղել ինքնանպատակ, այն պետք է լիներ բարձրորակ մի գործ, որի միջոցով կրկին փորձենք պատմել Արցախի մասին»,-ասաց Ջիվան Ավետիսյանը:
«Վերածնվածը» ֆիլմն ունեցել է բավականին բուռն, հախուռն զարգացման ընթացք նաեւ վերջին դեպքերի հետ կապված փոփոխությունների առումով»,-հավելեց ռեժիսորն ու ասաց, որ դրամահայթայթման արշավ են սկսում:
«Վերջին մեկ տարվա դեպքերը համավարակով պայմանավորված՝ բավականին դժվարություններ են ստեղծել ֆիլմաշխարհում ընդհանրապես, եւ փաստացի մեր վերջին «Դրախտի դարպասը» ֆիլմը հազարավոր այլ ֆիլմերի պես ունեցել է դժվարություններ` չունենալով վաճառք ամբողջ աշխարհով մեկ, որը ձախողվեց անցյալ տարի մարտի սկզբին, երբ նախաձեռնեցինք դրամահավաք-արշավը»,-հայտնեց նա:
Կարդացեք նաև
«Եթե ժամանակին Արցախի մասին ֆիլմերով փորձում էինք աշխարհին պատմել մեր մասին, հիմա առավել եւս կարեւոր է, որ պատմենք ապագա սերունդներին: Պետք է իսկապես գնահատել ու տեղ հասցնել այն իրողությունը, ինչ կատարվել է մեզ հետ, ռեալ հասկանալով կատարվածը եւ բարձրորակ ֆիլմի միջոցով ներկայացնելով` թե մեզ, թե հանրությանը»,-համոզված է Ջիվան Ավետիսյանը:
Ֆիլմի սցենարիստ Նարինե Ոսկանյանը նշեց, որ 2018-ից սկսել են ֆիլմի գաղափարի, պատմության շուրջ զարգացման աշխատանքները, այժմ էլ շարունակում են զարգացնել սցենարը, որպեսզի ունենան իրենց նախատեսած կուռ պատմությունը: «Ֆիլմի թեման ընդհանուր ասված խաղաղությունն է, բայց այդ խաղաղությանը հասնելու համար կարիք ունենք գտնելու մեր ինքնությունը: Այսօր աշխարհն է իր ինքնությունը կորցրել, եւ մարդածին աղետները հենց այդ ինքնությունը կորցնելու պատճառով են տեղի ունենում: Մենք էլ կարիք ունենք վերածնվելու: Ջիվանը հաճախ է ասում, որ Արցախը մեր Երուսաղեմն է, եւ այդպես էլ կա: Ու այդ վերածնունդը Արցախից է լինելու:
Արցախում տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպքը դառնում է բոլոր հերոսների ինքնության վերագտնման առիթը, եւ հենց այդ բանաձեւով էլ կառուցվում է ֆիլմը` իր առանցքում պահելով Արցախը»,-ֆիլմն այսպես ներկայացրեց Նարինե Ոսկանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ