Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասացին՝ մեր բայրամն է, նշում ենք, հետո եկեք՝ կտանք։ Բայց էդ հետոն էդպես էլ չեղավ». Հակոբ Արշակյան

Մարտ 30,2021 14:50

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչներից մեկի 13 կովերը մոտ երկու շաբաթ առաջ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածք ու անհետացել են։ Ըստ Շուռնուխի վարչական շրջանի գյուղապետ Հակոբ Արշակյանի, դիմել են հայկական սահմանապահ ուղեկալի պետին, ռուսների հետ կովերի հետքերով գնացել են մինչև մոտակա գյուղ, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է, և անասունների ոտնահետքերով տեսել են, որ կովերը մինչև այնտեղ հասել են։ Այդ բնակչի տունը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, եւ այնտեղ առանձին տնտեսություն է վարում։ Իսկ ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքի համեմատությամբ, բնակչի տնտեսությունը մոտ 300 մետր է հեռու։

«Ասացին՝ մեր բայրամն է, նշում ենք, հետո եկեք՝ կտանք։ Բայց էդ հետոն էդպես էլ չեղավ։ Ռուս սահմանապահներին ասել են՝ կգտնենք, կվերադարձնենք»,–ասաց Հակոբ Արշակյանը։

Ի դեպ․ ամիսներ առաջ, երբ Շուռնուխում էինք, Հակոբ Արշակյանը գյուղացիներին տեղեկացրել էր, որ պետությունը «էլեկտրական հովիվներ» (հոսանքով փշալարեր, որոնց հպվելուց անասունները չեն վնասվում եւ չեն անցնում այլ տարածք–Ա․Դ․) է տեղադրելու գյուղում։ Այսօր մեր հեռախոսազրույցի ընթացքում Հակոբ Արշակյանն ասաց, որ գյուղի մի մասում արդեն տեղադրված է։ Սպասում են հաջորդ «էլեկտրական հովիվին», որը շուտով կհասնի գյուղ։

Իսկ մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե դրանք օգնո՞ւմ են խնդրի կարգավորմանը՝ Հակոբ Արշակյանն ասաց․ «Հիմա, եղանակային այս պայմաններում գուցե օգնում են, բայց որ եղանակները տաքանան, ճանճ կամ մժեղ նստի անասունի վրա, ոչ մի բանի չի նայելու։ Լար-բան պոկելով կանցնի՝ ուր պետք է»,–ասաց Արշակյանը։

Ի դեպ, վերջերս Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սահմանամերձ Արավուս գյուղում էր։ Գյուղացիները մարզպետին դիմելով՝ նշեցին, որ գյուղին պետք են «էլեկտրական հովիվներ»։ Մարզպետը խոստացավ դիմել կառավարությանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031