Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկեր Ժաննայի ամուսինն անհետ կորած է, 3 երեխա ունի». Շուշիում որդի կորցրած աշխատակիցը` մանկապարտեզի տնօրենի մասին

Մարտ 30,2021 14:31

Համար 133 մանկապարտեզում բողոքի ցույց կայացավ ի պաշտպանություն ազատված տնօրեն Ժաննա Մանուկյանի: Նրա ամուսինն անհետ կորած է, ինքն էլ 3 անչափահաս երեխա ունի խնամքին: Աշխատակիցները եւ մանկապարտեզի սաների հարազատները չեն համակերպվում համայնքի ղեկավարի որոշման հետ ու պնդում են, որ տնօրենին ապօրինաբար են ազատել:

«Ես երեկ լսեցի, որ վարիչին ազատել են աշխատանքից, շատ վրդովված եմ, որովհետեւ ինքս զոհվածի հայր եմ ու շատ ծանր եմ տանում, երբ նման իրավիճակում հայտնված մարդկանց հետ այդպես են վարվում: Երեւի գիտեք, որ վարիչի ամուսնուն ամիսներ շարունակ փնտրում են, ազատման հրաման տվողները պատկերացնո՞ւմ են նրա վիճակը: Այսօր կառավարության մեջ գտնվող մարդիկ շատ են շահարկում մեր զոհված երեխաների թեման, խոնարհվում են մեր առաջ, իբր ցավակցում են մեզ: Թող մեր առաջ չխոնարհվեն նման մարդիկ, թող խոնարհվեն այս ազգի առաջ, հողի առաջ:

Ընկեր Ժաննան ունի 3 երեխա, ընդունենք աշխատանքից հանեցիք, ի՞նչ է լինելու նրա հետ, ո՞վ կարող է դրա պատասխանը տալ: Անօրինական ոչինչ չի եղել, պետական հիմնարկներում ամեն ինչը ձեւակերպվում է, հստակեցվում է, որքանով ես գիտեմ, անհնարին բանն է, որ մի երեխա ավել լինի»,-ասաց Շուշիում որդի կորցրած մանկապարտեզի պահակ Բորիկ Կոյտիկովը:

Ապա շարունակեց. «Կա՞ մի հիմնարկ, որ կատարյալ է ամեն ինչ, բոլոր տեղերում թերություններ կան, բայց թերությունն այն աստիճան չի եղել, որ տիկին Ժաննային գործից հանեն»:

Մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ մանկապարտեզում որեւէ ապօրինություն տեղի չի ունեցել, ինչպես ֆեյսբուքի իր էջում նշել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը: Տնօրենն ասում է, որ Առողջապահության նախարարի հրամանից հետո, որտեղ բառացիորեն ասվում է, թե հերթագրումից արտահերթ կարող են մանկապարտեզ ընդունվել այն երեխաները, որոնց ծնողների հեռավար աշխատանքը գործնականում հնարավոր չէ կատարել, ինքը զանգահարել է վարչական շրջանի կրթության բաժին եւ հարցրել քաղաքապետարանի «Հերթագրման համակարգ» էջում ինչպե՞ս է արվելու արտահերթությունն այդ ծնողների երեխաների համար:

«Ինձ այնտեղից պատասխանեցին` հրամանով ընդունիր, մինչեւ հասկանանք, արտահերթությունը ոնց է լինելու: Դրա հաջորդ օրը արտահերթության ընթացակարգը փոխվեց, արտահերթ համարվեցին այն երեխաները, որոնց ծնողները զոհվել են Արցախում կամ վիրավոր վերադարձել են: Ես, փառք Աստծո, այդպիսի ծնողի երեխա չեմ ունեցել, ու առաջնորդվել եմ Առողջապահության նախարարի հրամանով, բայց արդեն այդ երեխաների ծնողներին տեղեկացրել էի, որ կարող են հաճախել, իրենց փաստաթղթերը հավաքեն եւ գան:

Պատճառաբանում են, որ ես շատ հեռու հերթագրված երեխաներ եմ ընդունել: Ես ոչ թե կամայական իմ ծանոթների երեխաներին եմ ընդունել, այլ զանգահարել եմ այն ծնողներին, որոնք մեկ տարի շարունակ կարանտինի հետեւանքով բողոքում են, դժգոհում են, նեղվում էին, որ երկու ծնող աշխատում են, ու երեխային պահելը խնդիր է, որ իրենց ֆինանսական վիճակն այն աստիճան չէ, որպեսզի վճարովի մանկապարտեզ տանեն»,-պարզաբանեց մանկապարտեզի տնօրենը:

«Իրենց բարեկամներին, սիրածներին են ուզում բերեն նշանակեն էս նորմալ աշխատող մանկապարտեզում, որը ձրի է: Քաղաքապետարանում, թաղապետարանում չեն էլ ուզում տեսնել, թե ոնց է ժողովուրդն ապրում, երեխաներին պահում չարչարանքով:

Մեր երեխեքն իրենց համար կռվում, զոհվում են պատերազմում, իսկ շակալները նման երեխեքին (Ժաննա Մանուկյանին-Գ.Հ.) նեղում են, դրանց սաղին հանել, լարել է պետք… Ամիսներ շարունակ ես դժգոհել եմ, թաղապետարանում ու քաղաքապետարանում մտնում էին բները, որ ինձ չտեսնեն, թաղապետն էլ ասում էր՝ փողով տեղ կա, երեխեքին էնտեղ տարեք»,-զայրացած ասաց Գեւորգ Գեւորգյանը, որի թոռնիկները հաճախում են 133 մանկապարտեզ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031