Գյումրու Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում 26-ամյա երիտասարդի սպանության գործով արդեն կասկածյալ կա։ Կասկածյալն անչափահաս է՝ Երևան քաղաքից։ Նա 2004 թվականին ծնված Դ․Վ․-ն է։
Հիշեցնենք, որ 15.30-ի սահմաններում Գյումրու Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում ինչ-որ մեկը թակել էր բնակարանի դուռը, բացել էր 26-ամյա երիտասարդի հայրը, թակողը ցանկացել է առանձին խոսել տղայի հետ։ Քիչ անց ձայներ էին լսվել, երիտասարդի մայրը, դուրս գալով, տղային գտել էր բերանքսիվայր` 3-րդ հարկից 2-րդ հարկ տանող աստիճանահարթակի վրա՝ սպանված։
Կասկածյալը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում և ոստիկանության կողմից տարած բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ արարքն ինքն է կատարել։
«Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի ինքնությունը։ Մարտի 29-ին ժամը 22․30-ին կասկածյալը, որը Երևանի բնակիչ է, ներկայացել է ոստիկանության «Կումայրի» բաժին։ Այնուհետ ներկայացել է նախաքննական մարմին։ Հարցաքննությունը շարունակվում է», -Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Կարդացեք նաև
Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով ու միջնորդություն են ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։
Aravot.am-ին հասած տեղեկություններով, երիտասարդները հանդիպել, շփվել են Երևանում։ Հանդիպումն ավարտվել է միմյանց ուղղված հայհոյանքներով, ընտանիքի հասցեին ևս հայհոյանքներ են հնչել։ Անչափահասն էլ , գալով Գյումրի, հաշվեհարդար է տեսել։
Նրանց միջև եղել է նաև նամակագրություն, որը ևս դարձել է քննության առարկա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ