Հարավային Կովկասի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց տրամաբանությունն առնվազն զուգահեռվում է ամերիկյան նոր վարչակազմի արտաքին քաղաքականության հստակեցման գործընթացի հետ։
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի թիմը մեծ վերափոխումներ է կատարում արտաքին քաղաքականության հայեցակարգում, որի փիլիսոփայությունը թրամփյան «America first»-ից, իր իզոլյացիոնիզմով՝ փոխակերպվում է «American lidership»-ի՝ գլոբալ ընդգրկմամբ եւ ժողովրդավարական արժեքների առաջնահերթությունը հիմքում ունենալով։ Ավելին, հայտարարվում է, որ աշխարհը թեւակոխել է ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի գլոբալ դիմակայության ժամանակաշրջան, եւ այդ դիմակայությունը մարմնավորում է առաջին հերթին ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը։
Թվում է, թե մե՞զ ինչ. մենք՝ ուր, ԱՄՆ-ը՝ ուր, Չինաստանն՝ ուր, եթե նույնիսկ քաղքենիները չհորդորեն մեզ, թե «ձեր գործերով զբաղվեք, ի՞նչ եք սարուձոր ընկել»։ Իհարկե, սնոբիզմի պարագայում քիչ դժվար է ընկալել, որ Հայաստանն այնուամենայնիվ «ակվարիումի» մեջ չէ, որ ապրում է եւ պետք է ապրի, իսկ աշխարհը շատ փոքր է եւ փոխկապակցված։ Էլ ավելի դժվար է կոտրել այն իներցիոն մտածողությունը, որ մեր տարածաշրջանին «ավանդաբար» կարող է սպառնալ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը, որի չափումներից մեկն էլ, չգիտես ինչու, ընկալվում է Ռուսաստան-Թուրքիա «դիմակայությունը», իսկ համաձայն է՛լ ավելի էկզոտիկ-դիցաբանական վարկածների՝ նաեւ Իրան-Թուրքիա «դիմակայությունը»։
Մինչդեռ իրողությունները հստակ են։ Նախ, այնպես չէ, որ ավտորիտար վարչակազմերը, դիրքավորվելով որպես արեւմտյան ժողովրդավարության «այլընտրանքներ»՝ պետք է սպասեն, մինչեւ Վաշինգթոնն ավարտին հասցնի իր արտաքին քաղաքականության «գույքագրումը» եւ արդյունքների մասին բարձրաձայնի, նոր տեսնեն, թե ինչ են անելու դրա հետ։ Պեկինն առաջանցիկ տեմպերով ձգտում է կապիտալիզացնել «յուրայինների» հետ հարաբերությունները, հարթելով տարաձայնությունները, լցնելով «արժեքային հենքով» ռազմավարական դաշինքին ներհատուկ բովանդակությամբ։ Եվ պատկերացրեք, որ հաջողում է։
Կարդացեք նաև
Ներկայիս Չինաստանի հետ ԱՄՆ-ը խիստ փոխկապակցված է տնտեսապես եւ ֆինանսապես, ուստի դիմակայությունը, որը Վաշինգթոնում որակվում է որպես մրցակցություն եւ խնդիր է համարվում «չինական համակարգը», այնուամենայնիվ որեւէ նմանություն չունի ԱՄՆ-ԽՍՀՄ Սառը պատերազմի հետ։ Այլ հարց է, որ արխայիկ ավտորիտար վարչակարգերն իրենց հերթ չտալով՝ իրենց «չինամետությունն» են ի ցույց դնում, ինչը սոսկ ռեժիմների ինքնապահպանման շահով է պայմանավորված։ Հատկապես դա վերաբերվում է այն վարչակազմերին, որոնք արդեն գտնվում են արեւմտյան ծանր պատժամիջոցների ներքո՝ իրենց տարբեր «մեղքերի» համար, որոնք նրանք գործել են հարեւանների կամ սեփական հասարակությունների դեմ, այլեւ նրանց, ովքեր տեղյակ են, որ կարճ ժամանակ անց, մեծ հավանականությամբ, իրենք եւս կհայտնվեն այդ «ակումբում», եւ հասկանալիորեն շտապում են։
Պեկինին միանգամայն հասկանալի եւ ընդունելի է նրանց այդպիսի վարքաբանական շարժառիթը, քանզի դա «զուգադիպությամբ» մոբիլիզացնում է հենց այն երկրներին, որոնք գտնվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջմայրցամաքային մեգանախագծի հետագծին։
Եվ նույնպես «պատահականորեն»՝ մեր տարածաշրջանում իրենց կարգերը եւ բարքերը ներդնելուն պատրաստ երեք «մեծ տղաներից» բոլոր երեքն էլ արագորեն դիրքավորվեցին հենց ա՛յդ ճամբարում՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, թե՛ Թուրքիան։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցը Չինաստան, ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի այցերը Թեհրան եւ Անկարա, այդ այցերի պերճախոս արդյունքները գալիս են ամբողջացնելու պատկերը։ Այսինքն, Թուրքիայի կողմից մեզ առաջարկվող՝ «3+3» ձեւաչափը, որն առաջին հերթին նշանակում է՝ մինուս Արեւմուտք, որին խիստ բարեհաճ են Մոսկվան եւ Բաքուն, որին Թեհրանը եւս իր աջակցությունը հայտնեց դեռ 44-օրյա պատերազմի օրերին՝ համալրվում է հզորագույն խաղացողով՝ Չինաստանով։
ԱՄՆ-ի նախագահ Բայդենը հայտարարում է, որ «մեզ համար կարեւոր է, որ ժողովրդավարությունն աշխատում է»։ Սկզբունքորեն՝ այո՛, կարեւոր է։ Դա կարեւոր է ԱՄՆ-ի համար, կարեւոր է Եվրամիության եւ ԵՄ անդամակցող բոլոր երկրների հասարակությունների համար։ Սա կենսականորեն կարեւոր է ժողովրդավարական Հայաստանի եւ Վրաստանի համար, քանզի հայկական եւ վրացական պետականությունը կարող է շարունակել իր գոյությունը եւ զարգացումը կա՛մ որպես ժողովրդավարություն, կա՛մ ոչ մի կերպ։ Սակայն, մեր տարածաշրջանի «մեծ տղաների»՝ Թուրքիայի եւ Իրանի համար սա ընդամենը ոչինչ չնշանակող եւ չասող՝ «ալա ֆրանգա» մի բան է, իսկ ներկայիս պաշտոնական Մոսկվայի համար՝ քմծիծաղի եւ ցինիկ «թրոլլինգի» աղբյուր եւ օբյեկտ միաժամանակ, միեւնույն ժամանակ բախվելով այն ստորացուցիչ իրողությանը, որ իր «հավերժ դիմակայությունն» Արեւմուտքի հետ այլեւս գլոբալ չէ, այլ Չինաստան-ԱՄՆ դիմակայության մի փոքրիկ բաղկացուցիչ, այն էլ այն չափով, որ չափով կցանկանա ոչ թե Մոսկվան, այլ Պեկինը։
Հետեւաբար, մինչեւ Վաշինգթոնը, համաձայն մեծն Սուն-Ցզիի ստրատեգեմայի՝ «կքանդի հակառակորդի դաշինքները», այն է՝ ձեւավորվող «ավտորիտար ինտերնացիոնալը» (ինչը տրամաբանական է, բայց դեռ փաստ չէ, որ դա տեղի կունենա հենց վաղը, կամ եթե տեղի ունեցավ վաղը, ապա դրա հաջորդ օրը գալու եւ հասնելու է մեզ…), մեզ մնում է կատարել չորս չափազանց կարեւոր արձանագրում.
1.Հայկական եւ Վրացական ժողովրդավարությունների, այն է՝ պետականությունների գլխին կանգնած է մահացու վտանգ։
2.Հետխորհրդային պատմության մեջ երբեք Հայաստանի եւ Վրաստանի շահերն այս աստիճանի չեն համընկել, որքան ներկայումս։
3.Թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը թեւակոխել են իրենց պատմության վճռորոշ փուլ, լինելով խիստ անպատրաստ եւ գտնվելով ծանր ներքաղաքական ճգնաժամի մեջ։
4.Թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի քաղաքական դասը մեծ հաշվով պատկերացում չունի, թե ինչ անել ուրվագծվող իրողությունների հետ եւ առայժմ դրսեւորում է լավագույն դեպքում կարճաժամկետ եւ իրավիճակային լուծումների ընդունակություններ եւ ոչ ավելին։
Իսկ հինգերորդ արձանագրման կարգավիճակով մեկ պրոյեկցիա-նմանություն «աչք է բախում». միջազգային ժողովրդավարական ընկերակցության մեջ եւ ընդհանրապես Ազատ Աշխարհում աշխարհում իրավիճակը շատ պարամետրերով հիշեցնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Ըստ ամենայնի, նույն զգացողությունները կիսում են նաեւ բազմաթիվ վրացիներ եւ ուկրաինացիներ, գուցեեւ ուրիշները եւս։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.03.2021