Ձեռնպահ մնացեք միջնորդավորված ծառայություններից համացանցում, ոչ մեկին մի փոխանցեք ձեր գաղտնաբառը, վավերականացման կոդը. սրանք կարևոր սկզբունքներ ու կանոններ են, որոնց պետք է անպայման հետևել, որպեսզի զերծ մնալ համացանցային խաբեությունների «զոհը» դառնալուց:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը հայտնեց, որ վերջին շրջանում բազմաթիվ հաղորդումներ են ստանում համացանցային խաբեությունների հետ կապված:
Նա օրինակ բերեց. «Մեզ հաղորդումներ են ներկայացնում, երբ որևէ ձևով փորձում են մարդկանցից տվյալներ կորզել՝ գումար, բանկային տվյալներ: Հաճախ նման խաբեության գործիք հանդես են գալիս անձնական տվյալները: Օրինակ՝ մարտի 23-25-ին երեք տարբեր ոճով առերևույթ խաբեության դրվագների հանդիպեցինք: Ըստ մի օգտատիրոջ հաղորդման՝ ֆեյսբուքում հաղորդագրություն էր եկել օնլայն աշխատանքի մասին, որը մեծ հաշվով՝ առանց որևէ ջանք՝ ընդամենը հեռախոսային համապատասխան ծրագիր ներբեռնելու արդյունքում իբր հնարավորություն էր տալու գումար վաստակել: Այդ դեպքում նման աշխատանք առաջարկողները կարգավորումներ անելու պատրվակով վերցնում էին զոհի էլեկտրոնային փոստի հասցեն և փորձում էին ձեռք բերել գաղտնաբառը: Սովորաբար փոխում էին գաղտնաբառը կամ նշում էին, թե մոռացել են՝ էլի չակերտավոր զոհին խնդրում էին տրամադրել վավերացման կոդը: Երբ քաղաքացին ուշադիր չէր լինում և շարունակում էր հավատալ և հաղորդագրությամբ եկած վավերացման կոդն ուղարկում էր, չարագործներին հաջողվում էր ձեռք բերել գաղտնաբառը, մտնել էլեկտրոնային փոստի մեջ, տիրանալ նկարներին: Դա հնարավորություն էր տալիս մարդու անձնական տվյալները օգտագործել կամ այդ անձնական նկարները չհրապարակելու դիմաց փորձել մարդկանցից գումար կորզել»:
Ըստ Գևորգ Հայրապետյանի՝ մարդիկ պետք է ուշադիր լինեն նման դեպքերին: Այս դեպքերում անձի անձնական տվյալներ ձեռք բերելու գործիքը կեղծ աշխատանք առաջարկելն էր:
Կարդացեք նաև
Մեկ այլ դեպքում ֆեյսբուքյան օգտատիրոջ անունով կեղծ էջ էին բացել ու գրել այդ անձի իրական ընկերների անունից, թե զինծառայողին գումար է անհրաժեշտ, ու իբր իրենք այդ անձի ընկերներն են և խնդրել էին այդ գումարը ուղարկել զինծառայողին՝ խոստանալով, որ վաղն առավոտյան այդ գումարը կփոխանցեն քարտին: Գևորգ Հայրապետյանը մանրամասնեց. «Այստեղ էլ նպատակ դառնում է ոչ թե անձնական տվյալները, այլ գումար կորզելը: Որպես գործիք սկսում են կիրառվել անձնական տվյալները. չարագործն ինքնության գողություն է անում, չարագործն իրեն դնում է մարդկանց ընկերոջ տեղը և փորձում ընկեր ներկայանալով՝ կորզել գումար»:
Ֆեյսբուքյան ուշադիր օգտատերերը այս դրվագի մասին ևս ահազանգել են Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:
Մեկ այլ դեպքում գրագրություն էին իրականացել և հանդես եկել «Ի դրամ» օնլայն դրամապանակի անունից ու առաջարկել գրանցվել՝ որպես օգտատեր, պատրվակով, որ նոր գրանցվող օգտատերերի համար ակցիա կա. 2000 դրամ նստելու է հաշվին: Եվ նաև ասել էին, եթե արդեն օգտատեր եք համարվում, ուղարկեք մեզ ձեր հեռախոսահամարը, մենք մի հատ ճշտենք ձեր պրոֆիլը: Իսկ վերջում կարգավորումներ անելու պատրվակով խնդրում էին տրամադրել հեռախոսին եկած վավերացման կոդը, հետո մարդու օնլայն դրամապանակին հասանելիություն էին ստանում և հասանելիություն ստանում դրա մեջ եղած ֆինանսական միջոցներին:
Նման խարդախությունների զոհը չդառնալու համար Գևորգ Հայրապետյանը մի քանի խորհուրդներ տվեց. «Ոչ մի դեպքում սեփական հարթակի գաղտնաբառը և դրան հասանելիություն տվող որևէ կոդ այլ անձանց տրամադրել ուղղակի չի կարելի: Սա կարևոր կանոն է: Բարդ գաղտնաբառ պիտի օգտագործել, նույն գաղտնաբառը չպետք է օգտագործել մեկից ավելի տեղերում: Չի կարելի փոխանցել նաև այնպիսի վավերացման կոդեր, միջոցներ, որոնք հասանելիություն են տալիս գաղտնաբառին կամ հարթակին: Շատ լավ կլինի, որպեսզի մարդիկ իրենց այն հարթակներում, որոնք տալիս են նման հնարավորություն՝ սոցցանցերը, գրեթե բոլոր հայտնի էլեկտրոնային փոստերը որպես կանոն տալիս են երկփուլանի վավերացման հնարավորություն: Այդ ֆունկցիայի իմաստն այն է, որ անգամ, եթե որևէ մեկը հաջողացնում է ձեր գաղտնաբառը ձեռք բերել, միևնույն է, գաղտնաբառն ունենալով հանդերձ չի կարողանալու մուտք գործել այդ հարթակ, քանի դեռ չի ստացել մարդու հաղորդագրության միջոցով եկած երկրորդ փուլում վավերացնող կոդը: Պետք է համացանցում միշտ կասկածանքով մոտենալ ցանկացած առաջարկի, որը ենթադրում է հեշտ ճանապարհով գումար վաստակել: Հեշտ շահումները, հեշտ աշխատանքը, հեշտ գումարը միշտ պիտի կասկածի տեղիք տան: Եթե ընկերոջից եք նման հաղորդագրություն ստանում, միշտ խորհուրդ է տրվում կապի այլընտրանքային միջոցով ճշտել արդյոք իրենի՞ց եք ստանում այդ տեղեկությունը, թե՝ ոչ: Պետք է հիշել՝ համացանցը հարմար տեղ է ինքնության գողություն իրականացնելու և ուրիշի անունից հանդես գալու համար»:
Գևորգ Հայրապետյանը նաև հորդորեց ձեռնպահ մնալ միջնորդավորված ծառայություններից: Օրինակ՝ եթե Ձեզ ասում են՝ տվեք մեզ Ձեր տվյալները, կգնանք, Ձեզ համար վարկ կվերցնենք, մենք Ձեզ այսինչ տեղում օգտատեր կգրանցենք, կարգավիճակը կբարձրացնենք, նման դեպքում անհրաժեշտ է օգտվել հենց նման ծառայություն իրականացնողից, այլ ոչ թե միջնորդից:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ