Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակները փոփոխական են, հավերժությունն է անփոփոխ…

Մարտ 30,2021 12:46

Քաղաքական վերլուծաբան, ճշգրիտ կանխատեսումներով հայտնի Արբակ Խաչատրյանի հետ մեր քննարկման թեման վերաբերում է Հարավկովկասյան տարածաշրջանում ծավալված զարգացումներին: Հոդվածը հրապարակվել է ռուսական «Արգումենտի նեդելի» պարբերականում:

– Պարոն Խաչատրյան, «Մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի» ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր առաջադրման ցանկության բարձրաձայնմանն ի պատասխան, լրատվամիջոցների ներկայացուցիչներին վերջերս տված պարզաբանման ընթացքում Դուք ակնարկել էիք ոչ միայն Ձեր հրաժարման, այլև դրա անհարկիությունն ընդգծող կառավարման նոր մոդելի ներդրման մասին: Կբացե՞ք փակագծերը: Ինչ նոր մոդելի մասին է խոսքը:

Կառավարման գործող մոդելի պռատության, կողմնակալության, մարդկանց շատ նեղ շրջանակի շահերի սպասարկուն լինելու մասին բազմիցս է խոսվել: Հանրության տարբեր հատվածներ տարբեր ժամանակահատվածներում նախապատվությունը տվել են կա՛մ նախագահական, կա՛մ կիսանախագահական, կամ է՛լ խորհրդարանական կառավարման ձևաչափին: Օգտվելով աքսիոմատիկ հանրահայտ բանաձևը խմբագրած ու այն կյանքի ուղենիշ դարձրած ինձ ծանոթ կաշառակերներից մեկի գերհարուստ զինանոցից, ես էլ պիտի արձանագրեմ, որ այս ընթացքում՝ ««Գումարելիների» տեղափոխությունից, մեկ է, «գումարն» այդպես էլ չի… օդափոխվել»…

Մեր դիտարկմամբ, կառավարման նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ինստիտուտների իսպառ հեղինակազրկմամբ, ինչը, հատկապես առավել ակնառու դարձավ Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո:

Ի սեր անկեղծության պիտի արձանագրեմ, որ Հայաստանում չկա փոքրիշատե ազդեցություն ու կշիռ ունեցող որևէ կառույց, լիարժեք չի գործում որևէ ենթակառուցվածք: Իսկ «ազգընտիրներից» կազմված խորհրդարանն էլ՝ տանիք լինելուց և հարմարեցված օրենքներ վավերացնելուց զատ, կարծես այլ գործառույթ չունի: Նոր մոդելի գործարկումը պայմանավորված է նաև մեկ այլ իրողությամբ:

Վերջին երեքհարյուրամյակում հատկապես, մարդկանց թալանն ու ունեզրկումն իրականացվել է Սահմանադրությունների և օրենքների հատվածական կիրառման հաշվին: Որպես կանոն հենց այդ գործիքներն են լեգիտիմացրել իրականացված թալանը: Ըստ իս, այլ երկրներից կապկած օրենքները, մեր դեպքում ֆրանսիական սահմանադրությունը, չեն կարող գործունակ լինել այն տեղայնացրած երկրների համար: Ամեն երկիր ինքն է պարտավոր գտնել իրեն պատշաճող համադարմանը:

Շառլ դը Գոլի ներդրած ջանքերի և Ֆրանսիայում անցկացված, իրար հաջորդած հանրաքվեների միջոցով գտնվեց ճգնաժամից դուրս գալու ճանապարհը: Այս մասին հիշատակում եմ, կանխելու համար ինձ ուղղվելիք Ձեր հաջորդ՝ «Ինչպես եք պատրաստում կյանքի կոչել այդ նոր մոդելը» հարցը: Նշելով, որ ցանկացողները նոր մոդելի մանրամասներին կարող են ծանոթանալ «Մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի» կայք-էջից, բավարարվեմ միայն մի քանի դիտարկմամբ: Բացառելու համար դրսի ուժերի հնարավոր ներգործությունը երկրի ղեկավարի վրա, ինչպես եղել է նախկինում, մենք կարևորում ենք կառավարման կոլեգիալության սկզբունքը՝ դրա մասնակիցը դարձնելով նաև աշխարհասփյուռ հայությանը:

Մեր առաջարկած կառավարման նոր մոդելում բարձրագույն մարմինը լինելու է արդարության ու արդարամտության վրա խարսխված Արդարության խորհուրդը, որի կայացրած վճիռները (որոնք վերաբերելու են կայացրած որոշումների արդար կամ անարդար լինելուն) դառնալու են անվիճարկելի բոլորի համար: 9-11 մարդուց բաղկացած Խորհրդի կազմն ընտրվելու է աշխարհասփյուռ հայերից:

 – Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը, Դուք առաջարկում եք նաև անգործունակ դարձած, «հոգին ավանդող» ՄԱԿ փոխարեն ստեղծել «տարածաշրջանային պատասխանատուների» առավել ճկուն ձևաչափ, որը կարող է գործունեություն ծավալել աշխարհի տարբեր կետերում առկա հակամարտությունների գոտում: Մոտեցման առումով դրանք նմա՞ն են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մենք ապրում ենք բարդ ու խառնակ այնպիսի ժամանակներում, երբ սառեցված հակամարտությունների կաթսան նորից սկսել է բլթբլթալ: Իսկ թե դա ինչի կարող է հանգեցնել, կարծում եմ գիտեն բոլորը: Օրինակը շատ է թարմ: Արցախյան վերջին՝ 44 օրյա պատերազմը հազարավոր երիտասարդների կյանք խլեց, հազարավորներին էլ գամեց հաշմասայլակներին: Անհետ կորած ու գերեվարված որդիների գալստյանը սպասող ծնողներից առավել այդ արհավիրքի՝ անիծյալ պատերազմի մասին, թերևս, ոչ ոք չիմանա: Գաղտնիք չէ, որ սառեցված հակամարտությունները զարգանում են մակընթացության և տեղատվության տրամաբանությամբ: Այդ պատերազմներում, որպես կանոն, չեն լինում վերջնական շահողներ: Հաղթանակի «դափնեպսակը», որպես կանոն, բաժին է հասնում այդ պահին ուժեղին և ուրիշ ոչինչ: Այնպես որ, տարածաշրջանային կայունությունը բխում է բոլորի շահերից:

Չնայած դրան, ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև վերջիններիս ջանքերով տարածաշրջան սողոսկած ահաբեկչական խմբերի, նկատվում է ագրեսիվության նկատելի աճ: Եթե ասվածին հավելենք նաև ՄԱԿ-ի ազդեցության թուլացումը, կազմակերպության անգործունակությունն ու հեղինակազրկումը, պատկերն առավել քան պարզ կդառնա: Ստեղծված իրավիճակում, մեր դիտարկմամբ, ավելի նպատակահարմար կլինի ժողովուրդների կյանքի անվտանգության երաշխավորների՝ մի քանի հզոր պետություններից բաղկացած տարածաշրջանային պատասխանատուների առկայությունը: Այսօրինակ կառույցներ պիտի գործեն նաև աշխարհի տարբեր հատվածներում, որտեղ առկա է հակամարտությունների ծավալման վտանգ: Ինչ-որ առումով դրանք հիշեցնելու են ԵԱՀԿ Մինսկի ձևաչափն ու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը(միանգամայն այլ պարտականություններով ու հանձնառություններով):

– Տարածաշրջանային մետամորֆոզ զարգացումներին դիմակայելու համար Դուք նաև խիստ կարևորել էիք քրիստոնեության վերջին պատվար դիտարկվող երկրների՝ Վրաստանի և Հայաստանի փոխգործակցությունը: Ինչ կերպ եք պատկերացնում ռազմաքաղաքական տարբեր համակարգերի անդամակցող երկրների ջանքերի մեկտեղումը: Փոխգործակցությունը հնարավոր դիտարկո՞ւմ եք:

– Միանշանակ: Անզեն աչքով էլ նկատվում է, որ արևմտյան տերությունների աջակցությունը վայելող Թուրքիայի ախորժակը գնալով բացվում է ու նա դառնում է ավելի հավակնոտ: Այնպես որ, չափազանց բարդ հանգույցում գտնվող, քրիստոնեական աշխարհի վերջին հենակետը,սահմանապահը հանդիսացող Վրաստանին և Հայաստանին ՝ նույնաբովանդակ վտանգներ են սպառնում: Այդպես է եղել միշտ, ու այդպիսին է իրավիճակը նաև մեր օրերում։ Նորից եմ ուզում կրկնել. քրիստոնեության սահմանային գոտի դիտարկվող երկրները պարտավոր են իրենց նետված մարտահրավերներին դիմակայել համատեղ ուժերով: Այն համոզմանն եմ, որ ստեղծված իրավիճակում, երբ շատ երկրներ փորձում են միավորվել և քաղաքական կառույցներ, միասնական օդային տարածք, միասնական արժույթ ստեղծել, մեր ազգային շահերը պահելու հրամայականն էլ մեզ հարկադրում է մտածել ուժերը մեկտեղելու և վտանգներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտության մասին: Եթե մենք՝ քրիստոնեական երկու փոքրիկ պետությունների ներկայացուցիչներս, չկարողանանք սա գիտակցել ու միավորվել, ուրեմն դատապարտված ենք։ Այդ իսկ նպատակով էլ հայ և վրացի մտավորականները ստեղծված իրավիճակում ռազմաքաղաքական տարբեր համակարգերին անդամակցությունը դիտարկելով երկրորդական, փորձում են ջանքերը մեկտեղել մոտեցող ցնցումներին միասնաբար դիմակայելու համար: Այնպես որ, սնամեջ ու պաթետիկ՝ ուռահայրենասիրական հայտարարությունների փոխարեն մենք նախընտրում ենք կոնկրետ գործողությունները:

– Աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող Ձեր քաղաքական կանխատեսումներն իրողություն են դառնում: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Դուք շեշտել էիք, որ Դոնալդ Թրամփը լինելու է ԱՄՆ վերջին նախագահը, ում օրոք ԱՄՆ դեռևս կպահպանի իր ունեցած աշխարհաքաղաքական հզոր կշիռն ու ազդեցությունը, իսկ Ջո Բայդենի հնարավոր հաղթանակի դեպքում էլ վերջինիս գործողությունները միտված կլինեն ԱՄՆ երբեմնի ազդեցության վերականգնմանը: Զարգացումների ինչ ընթացք եք այժմ կանխատեսում: Դրանք կարո՞ղ են էական ներգործություն ունենալ Հարավկովկասյան տարածաշրջանի վրա:

– Իրավացի եք: Այդ մասին ես տարիներ առաջ եմ ասել: Մնում եմ այն համոզմանը, որ Ջո Բայդենը, լինելով քաղաքական համակարգի անհատ, փորձելու է ետ վերադարձնել կորսված դիրքերն ու ունեցած վարկը: Մեկընդմիշտ հասկանալ է պետք, որ Թրամփի նման առևտրականներին անհրաժեշտ է մղոններով հեռու պահել քաղաքականությունից: Հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու ընդունել՝ «Մի գիժ քարը նետեց ձորը՝ հազար խելոք չկարողացան այն հանել» ճշմարտության հետ: Կայունության էտալոն համարվող ԱՄՆ-ում նույնպես սկսվել է գործընթաց,որի ապագան խիստ մշուշոտ է: Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կկատարվի աշխարհում, եթե անկայուն իրավիճակ ստեղծվի նաև միջուկային վիթխարի արսենալ ունեցող ԱՄՆ-ում: Հանուն սեփական գոյատևման, Միացյալ Նահանգները ողջ այդ արսենալի կիրառման տեղ հաստատ կգտնի…

Զրույցը վարեց՝

Նելլի Խաչատրյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031