Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի հեղինակած՝ հիմնավորման մեջ որոշակիություն բառ պարունակող օրենքը ընդունումից 12 տարի անց հակասահմանադրական ճանաչվեց հենց որոշակիություն չունենալու հիմքով. «Հայկական ժամանակ»

Մարտ 30,2021 11:54
Davit Harutyunyan

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որ Սահմանադրական դատարանը մարտի 26-ի որոշմամբ ճանաչեց հակասահմանադրական եւ անվավեր, ընդունվել էր 2009 թվականին 98 կողմ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ՝ գրեթե ամբողջ կազմով), 1 ձեռնպահ (Րաֆֆի Հովհաննիսյան), 6 դեմ («Ժառանգություն») քվեարկությամբ:

Նախագծի համահեղինակն այդ ժամանակվա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հետագայում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր: Արդարադատության նախարարը Գեւորգ Դանիելյանն էր:

Դավիթ Հարությունյանի, Ավետ Ադոնցի, Արծրունի Աղաջանյանի և Արմեն Ռուստամյանի առաջարկով Քրեական օրենսգրքի 300՝ իշխանությունը յուրացնելու մասին հոդվածը խմբագրվեց եւ ավելացվեց սահմանադրական կարգը տապալելու մասին նոր 300.1 հոդված:  Եթե վերցնենք զուտ պաշտոնական բացատրությունը, ապա Դավիթ Հարությունյանը նախագծի հիմնավորման մասում ընդամենը գրել էր.

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «սահմանված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու և քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու պայմանով»:

Նախագծի իրական պատճառը, ինչպես դեռ այն ժամանակ էր կանխատեսվում, Մարտի 1-ից հետո հարուցված քրգործերի, բանտերում հայտնված անձանց պատիժների մեղմացումն էր, որովհետեւ կար ԵԽԽՎ 2 բանաձեւ այդ մասին:

Կռահե՞լ էր նախագծի «վունդերկինդ» համարվող հեղինակը, որ հիմնավորման մեջ որոշակիություն բառ պարունակող իր հեղինակած օրենքը ընդունումից 12 տարի անց կարող է հակասահմանադրական ճանաչվել հենց որոշակիություն չունենալու հիմքով, դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ դեռ այն ժամանակ որոշ պատգամավորներ կռահել էին ոչ միայն այն, որ նախագիծը որոշակիության խնդիր ունի, այլ նաեւ՝ թե որն է դրա ընդունման իրական շարժառիթը:

Իրեն ուղղված հարցերից մեկին ի պատասխան ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշա Շահբազյանն էլ ընդունել է, որ այն կապված է «7-ի գործի» հետ:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այն ժամանակ կանխատեսել էր, որ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու դեպքում նոր՝ ՀՀ ՔՕ 300.1- րդ հոդվածը չի կարող կիրառվել Մարտի մեկի գործով, քանի որ այն չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031