Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե համապատասխան քայլեր ձեռնարկվեն, նախարարի կանխատեսումը այդքան էլ անիրատեսական չի լինի. Մեխակ Ապրեսյան. «Ժամանակ»

Մարտ 30,2021 11:30

«Եթե համապատասխան քայլեր ձեռնարկվեն, նախարարի կանխատեսումը այդքան էլ անիրատեսական չի լինի։ 319 տոկոսն այդքան սարսափելի ու անիրատեսական թիվ չէ։ Դա նշանակում է՝ երեք անգամից մի քիչ ավելի, քան նախորդ տարվա ցուցանիշն է եղել»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի նախօրեին կատարած հայտարարությանը, որը բուռն քննարկումների տեղիք էր տվել։

«Կրկնում եմ, նախարարի նշած թիվն անիրատեսական չէ, դրանից ավելիին է պետք ձգտել, իհարկե, աշխատելու դեպքում։ Հիմա արդեն կան հարցումներ, հետաքրքրվածություն, փոքր թվով նաև այցելություններ, որոնք հույս ներշնչում են։ Հենց այս ամենը պետք է մղի պատասխանատու մարմինների այն գործողություններին, որոնց մասին ես խոսում եմ։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ հարցումները դառնան այցելություններ, այդ այցելությունները բազմապատկվեն, ընդլայնվի դրանց աշխարհագրությունը, որի համար կա միջոցառումների շարք, որը պետք է իրականացնել»,- ասաց Ապրեսյանը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, դրա թողած հետևանքներին, ապա «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահի խոսքերով՝ Հայաստանում վիճակը շատ ավելի բարվոք է, քան շատ այլ երկրներում, և դա պետք է պատշաճ ներկայացնել աշխարհին։ «Մեր առաջին գործողությունը, որը օր առաջ պետք է իրականացնենք, դա աշխարհին մեր երկրում իրավիճակը ճիշտ ներկայացնելն է։ Ցավոք, այսօր շատ այլ երկրների համեմատությամբ լինելով ավելի բարվոք վիճակում, աշխարհում մեր մասին ներկայացվող տեղեկատվությունը հակառակն է։ Շատ երկրներում, որոնք մեր համար նպատակային, պոտենցիալ շուկա են հանդիսանում, այնտեղ իրենց իրավասու կայքերում, հայտարարությունների մեջ Հայաստանը, ցավոք, ընդգրկված է այցելությունների համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում՝ կորոնավիրուսի հետ կապված։ Այնինչ, այլ երկրներ, որոնք ավելի վատ վիճակում են՝ համավարակով պայմանավորված, այդ երկրների ցանկում չեն։ Դրա համար մենք մեր բոլոր միջոցները, հնարավորությունները պետք է ներդնենք։ Առողջապահության նախարարությունը, իր խողովակները օգտագործելով՝ պետք է վիճակը ճիշտ ներկայացնի, արտգործնախարարությունը իր դիվանագիտական խողովակներով, այդ երկրներում մեր դեսպանների միջոցով աշխատանք պետք է տանեն, որ մեզ հանեն խորհուրդ չտրվող երկրների ցանկից։ Պետք է Սփյուռքի ներուժը օգտագործել, Զբոսաշրջության կոմիտեն իր բոլոր գործիքները պետք է օգտագործի, մասնավոր հատվածը ևս անելիք ունի։ Համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ աշխարհում մեր մասին պատկերը լինի առնվազն իրականը»,-ասաց Ապրեսյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031