Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվինա Գյուլումյան. «Ռոբերտ Քոչարյանը, եթե դիմի, իրավունք ունի հատուցում ստանալու». «Հրապարակ»

Մարտ 30,2021 10:58

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Շուրջ 2.5 տարի ՍԴ-ն այս գործը քննելուց հետո ի վերջո որոշեց, որ Քոչարյանին ու մյուսներին մեղսագրվող արարքը՝ «սահմանադրական կարգի տապալում», նկարագրող հոդվածը հակասահմանադրական է։ Նույնիսկ ՍԴ-ն «բարեփոխելուց» եւ իրենց սրտի դատավորներով համալրելուց հետո բարձր դատարանը ոչ իշխանահաճո որոշում կայացրեց։

ՍԴ նախկին դատավոր, այս իշխանությունների «բարեփոխումների» զոհը դարձած եւ ՍԴ անդամի լիազորություններից ապօրինի զրկված Ալվինա Գյուլումյանն այս թեմայով մեր հարցին՝ ի սկզբանե կանխատեսելի՞ էր ՍԴ-ի կողմից նման որոշումը, ասաց․ «Ես կարծում եմ՝ եթե կանխատեսելի չլիներ, էդ հարձակումները ՍԴ-ի դեմ չէին լինի։ Էդ ամենն ուղղված էր նրան, որ իրենք էլ էին զգում, որ դա այդպես է, որպեսզի ՍԴ-ի վրա փորձեն ինչ-որ ձեւով ազդել՝ թեկուզ փոփոխելով կազմը նոր անդամներով, բայց իրեն հարգող ոչ մի իրավաբան այլ որոշում չէր կայացնի»։

– Սա ի՞նչ է ենթադրում, տիկին Գյուլումյան, ստացվում է՝ Մարտի 1-ի գործն ի չի՞ք է դառնում, այսինքն՝ բացի Քոչարյանին առնչվող հատվածից, մյուսների մասով եւս, որոնց այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել, գործը պետք է կարճվի՞։

– Իհարկե։ Ստացվում է, որ այդ հոդվածն անվավեր է, եւ դրա հիման վրա ինչպե՞ս կարող է քրեական գործը շարունակվել։

– Իսկ ինչ-որ մարդիկ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են դրա համար, որ երեք տարի մարդկանց ապօրինի կամ Սահմանադրությանը հակասող հոդվածով քրեական հետապնդման են ենթարկել։

– Գիտե՞ք ինչ, հոդվածը եղել է, ապօրինի ասել, թե հակասահմանադրական, հենց դրա համար էլ Սահմանադրական դատարանը կա, որ քննարկի։ Եվ սա կոչվում է, այսպես ասած, հետագա վերահսկողություն։ Եվ էդ հետագա վերահսկողությամբ եթե պարզվել է, ապա Դուք ոչ մեկին չեք կարող մեղադրել, ասել՝ ի սկզբանե դուք ինչու էիք հակասահմանադրական հոդվածով հետապնդում։ Այլ բան է, որ ոչ օրինական հետապնդման համար որոշակի հատուցման իրավունք են ստանում այդ մարդիկ։ Սա լրիվ այլ խնդիր է։

– Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ բոլոր նրանք, որոնց առաջադրվել է այս հոդվածով մեղադրանք, պետք է հատուցո՞ւմ ստանան։

– Չէ, նա, ով որ կալանքի տակ է եղել։ Մյուս հետապնդումների համար չկա։

– Կալանքի տակ եղել է Ռոբերտ Քոչարյանը, այն էլ՝ երկու անգամ, եւ ինքը եթե դիմի, իրավունք ունի՞ հատուցում ստանալու, թե՞ անկախ դիմելուց՝ օրենքը պարտադրում է հատուցում։

– Չէ, եթե դիմի, կստանա։

– Ի՞նչ եք կարծում, հավանական համարո՞ւմ եք, որ այս իշխանությունը մի նոր օրենք մոգոնի եւ արագ ընդունի, որով, ասենք, ՍԴ այս որոշումն առոչինչ ճանաչվի։

– Չեմ կարծում։ Եվ հետո, գիտե՞ք ինչ, այս որոշումը ձեռնտու է նաեւ այս իշխանությանը, չէ՞ որ անընդհատ հարց է դրվում, որ նրանք էլ են սահմանադրական կարգ խախտել։ Հետեւաբար, այս հոդվածը կիրառելի չի լինի նաեւ իրենց համար։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031